Լրահոս
Օրվա լրահոսը

10-ամյա Գրիգոր Օսիպյանը` շախմատի միջազգային մրցաշարի 1-ին մրցանակակիր

Հունվար 30,2017 13:20 Share

Սույն թվականի հունվարի 19-26-ը Բելառուսի Հանրապետության Օրշա քաղաքում անցկացվեց «Օրշա-2017» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների շախմատիստներ: Հայաստանը մրցաշարում ներկայացված էր «Նարվա» շախմատի դպրոցի 2 սաներով՝ Գրիգոր Օսիպյան, Խաչիկ Գևոնյան՝ «Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր-տնօրեն, գլխավոր մարզիչ Նարեկ Վարազդատյանի ուղեկցությամբ: Մասնակիցների թվում էին նաև Լևոն Կարապետյանը Լոռիից և Արթուր Կարագյոզյանը` Կոտայքից:

Մրցաշարի շրջանակներում կայացած կայծակնային շախմատի վերջնական արդյունքների համաձայն՝ «Նարվա» շախմատի դպրոցի սան Գրիգոր Օսիպյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և կիսեց 4-ից 5-րդ հորիզոնականները:

Դասական շախմատի մրցաշարի մինչև 12 տարեկան պատանիների լավագույն շախմատիստ ճանաչվեց «Նարվա»-ի սան 10-ամյա 1-ին կարգային Գրիգոր Օսիպյանը:

Լավագույն պարտիայի մրցանակը բաժին հասավ Վանաձորի ներկայացուցիչ Լևոն Կարապետյանին, իսկ «B» մրցաշարում Արթուր Կարագյոզյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և արժանացավ գումարային մրցանակի:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Գրիգոր Օսիպյանը հանդես էր գալիս ոչ իր տարիքային խմբում. նա մասնակցում էր «B» մրցաշարին` խաղալով այնպիսի աշխարհահռչակ գրոսմայստերի կողքին, ինչպիսին Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բորտնիկն է, ում միջազգային վարկանիշն արդեն 2581 է:

 

«Նարվա» շախմատի դպրոցի լրատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել