Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Կանադայի դեսպանն ընդգծել է, որ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական հարաբերությունների առաջնային ուղղություններից է

Փետրվար 01,2017 14:46

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում դեսպան Քյուրին ընդգծել է, որ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական հարաբերությունների առաջնային ուղղություններից է, և կանադական կողմը մտադիր է ակտիվացնել գործարար կապերը Հայաստանում: Նշելով, որ այս տարի լրանում է ՀՀ-ի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը` դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում` նաև գյուղատնտեսության ոլորտում: Այդ նպատակով Ջոն Քյուրն առաջարկել է Կանադայի անասնաբուծության գենետիկ ասոցիացիայի, Կանադայի խոզի մսի և Կանադայի անասնակերի և արոտավայրերի ասոցիացիայի և Հայաստանի Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրել մարտ ամսին Երևանում:

Հուշագրի ստորագրումից բացի, նախատեսվում է նաև կանադացի գործարարների այց Հայաաստան: Միաժամանակ դեսպանը հավելել է, որ կանադական կողմը նպատակադրված է կազմակերպել նաև հայ բիզնեսմենների այց Կանադա` տեղում գյուղատնտեսության բնագավառում  երկրի փորձը ուսումնասիրելու և գործարար կապեր հաստատելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև ագրոպարենային համալիրում ձևավորված սերտ համագործակցության առթիվ: Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու հեռանկարով:

«Մենք ուրախ ենք, որ կանադական ագրարային բիզնեսը մուտք է գործում Հայաստան, և մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել երկկողմ ծրագրերի իրականացմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության առավել հեռանկարային ճյուղերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը, մասնավորապես մատնանշել է տավարաբուծության և խոզաբուծության ոլորտները: Կարևորելով Կանադայում մասնագիտացված ճյուղային խորհուրդների մեծ ազդեցությունը մասնավոր հատված-պետություն հարաբերություններում` նախարարն ընդգծել է, որ այս հարցում կանադական փորձն ուսանելի է Հայաստանի համար և հայկական կողմը կուսումնասիրի դրա տեղայնացման հնարավորությունը Հայաստանում:

Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Քյուրն առաջարկել է Իգնատի Առաքելյանին այցելել Կանադա` իր գործընկերոջ հետ հանդիպելու և փոխգործակցության շրջանակների ընդլայնման  նպատակով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728