Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Սարգսի տոնին կբաժանվեն նաեւ քաղցր բլիթներ

Փետրվար 04,2017 18:49

Սուրբ Սարգսի եւ երիտասարդների օրհնության օրը այս տարի կնշվի փետրվարի 11-ին: Տոնը շարժական է եւ ամեն տարի հունվարի վերջից մինչեւ փետրվարի 20-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու եւ երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Տեր հայրը ներկայացնելով սուրբ Սարգիսի կյանքի եւ վարքի մասին՝ հավելեց նաեւ, որ տոնի առավոտյան սրբի մասունքակիր աջը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: Մատենադարանից կբերվի նաեւ 17-րդ դարում՝ Սուրբ Սարգիս եկեղեցում գրված ձեռագրերից մեկը: Այդ սրբությունները մինչեւ երեկոյան ժամերգությունը կմնան եկեղեցում՝ հնարավորություն տալով հավատավոր ժողովրդին հաղորդվել այդ սրբությունների հետ:

«Հաշվի առնելով, որ Սուրբ Սարգիսը զորավար է եղել, արդեն 2 տարի է զինվորներին պարգեւատրում ենք անում: Այդ օրվա պատարագին կմասնակցեն նաեւ ՀՀ նախագահը, պաշտպանության նախարարը եւ 20 զինվորներ, որոնց ցանկը տրամադրել է պաշտպանության նախարարությունը: Զինվորներ, որոնք դեռ ծառայում են առաջնագծոււմ, աչքի են ընկել իրենց սխրանքներով, քաջագործություններով»,-ասաց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Նրա խոսքերով՝ այս տարի էլ Արարատյան թեմը տոնի նվիրված քայլերթ է կազմակերպել փետրվարի 11-ին, ժամը 14:00. «Սուրբ Սարգիս եկեղեցուց խաչի թափորը կշարժվի Մաշտոցի պողոտայով մինչեւ Սիրահարների այգի, որտեղ կավարտվի համերգային ծրագրով: Տոնը սկսելու ենք ամսի 10-ից՝ երեկոյան Կարապի լճի մոտ կայանալիք համերգային ծրագրով, որտեղ կերպավորված Սուրբ Սարգիսը կբաժանի նաեւ տոնի մաս կազմող աղի բլիթներ»:

Ի դեպ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվելու են նաեւ քաղցր բլիթներ, որպեսզի պահպանվի դարերով եկած բլիթի ժողովրդական սովորությունը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանն էլ նշեց , որ տոնը ոչ միայն եկեղեցական է, այլեւ ժողովրդական ծիսակատարություն, ուստի խնդիր կա, որ հնարավորին չափ լայն զանգվածներ մասնակցեն տոնակատարությանը: Նրա խոսքերով, Երեւանի տարբեր հաստատություններում կանցկացվեն թատերական, գեղանկարչական, համերգային միջոցառումներ:

Այդ միջոցառումներից պարոն Մանասյանը առանձնացրեց փետրվարի 7-10-ը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում անցկացվող գեղանկարչական մրցույթը, որը կամփոփվի ամսի 10-ին՝ մրցանակային 3 տեղերով:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728