Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրապարակվել է 9/11-ի ահաբեկչության կազմակերպչի նամակն Օբամային

Փետրվար 09,2017 11:05

ԱՄՆ-ում մասամբ հրապարակվել է Խալիդ Շեյխ Մուհամմադի 18-էջանոց նամակը, որը համարվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը: Նամակն ուղղված է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային, գրում է Miami Herald թերթը:

Նամակում Մուհամմադը պնդում է, որ ԱՄՆ-ը ինքն է մեղավոր 9/11-ի մեջ՝ իր արտաքին քաղաքականության պատճառով, որը «սպանել է ամբողջ աշխարհում անմեղ մարդկանց»: Մեկնաբանելով սեպտեմբերի 11-ի իրադարձությունները՝ Մուհամմադը գրում է, որ «մենք չենք, որ ձեր դեմ պատերազմ սկսեցինք» ահաբեկչությունների օրը: Նրա պնդմամբ՝ դա արել եք «դուք ինքներդ և ձեր բռնակալները մեր երկրում»:

Նամակում Մուհամմադ Օբամային դիմում է որպես «օձի գլուխ» և «կեղեքումների և բռնակալության երկրի» նախագահ:

Նամակը գրվել է 2015թ. հունվարին: Սկզբնապես Գուանտանամոյի բանտապետերը հրաժարվում էին այն փոխանացել, սակայն նույն թվականի սեպտեմբերին նրա փաստաբանը դատավորին խնդրել է միջամտել՝ պնդելով, որ մեղադրյալն իրավունք ունի դիմելու նախագահին: Արդյունքում ռազմական դատարանը համաձայնություն է տվել:

Նամակում Մուհամմադը նաև գրում է, որ չի վախենում մահվան դատավճռից, ոչ էլ ցմահ ազատազրկումից, «և երբեք ներում չի խնդրի»:

«Ես ուրախությամբ խցում միայնակ կաղոթեմ ալլահին մնացած ամբողջ կյանքիս ընթացքում և կապաշխարեմ բոլոր մեղքերիս համար: Իսկ եթե ձեր դատարանն ինձ դատապարտի մահվան, ապա ավելի մեծ ուրախությամբ կհանդիպեմ ալլահին և մարգարեներին, կհանդիպեմ նրանց ընկերներին, որոնց դուք անարդարացիորեն սպանել եք ամբողջ աշխարհում, և կտեսնեմ շեյխ Ուսամա բեն Լադենին»,- ասվում է նամակում:

Մուհամմադը նամակում նաև թվարկում է ԱՄՆ-ի միջամտություններն արտասահմանում «Իրաքից և Իրանից մինչև Վիետնամ և Հիրոսիմա»:

Մուհամմադի փաստաբանի խոսքով՝ նա նամակը սկսել է գրել 2014թ., երբ Իսրայելը ռազմական գործողություն էր անցկացնում Գազայի հատվածում: «Գազայում բռնությունը» դարձել է նամակը գրելու հիմնական դրդապատճառը: Նամակի սկզբում նա Օբամային ասում է, որ «նրա ձեռքերը դեռ մեր եղբայրների, քույրերի և երեխաների արյան մեջ են, որոնց սպանել եք» այդ տարածարշրջանում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728