Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի հանճարեղության վկայությունը նրա՝ 13 տարեկանում գրված բանաստեղծության մեջ է

Փետրվար 19,2017 18:44

Այսօր՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առիթով «Նարեկացի» արվեստի միությունում հրապարակախոս, հասարակական գործիչ, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը դասախոսություն էր կարդում՝ վերլուծելով Թումանյանի միտքն ու ստեղծագործությունները:

Պարոն Ուլուբաբյանը հիշեցրեց Թումանյանի խոսքերը. «Քննադատը՝ թարգմանիչ է։ Նա պետք է թարգմանի բանաստեղծին, և թարգմանի ոչ թե նրա բառերը, այլ նրա սիրտը։ Աստծու նման սրտագետ լինի ու խորաթափանց, գտնի ամեն բանի աղբյուրն ու արմատը, որ կարողանա ճշմարիտ գնալ ու արդար դատել։ Այն ժամ կպարզվեն մթությունները, հասկանալի ու բնական կերևան ըստ երևույթին հակասությունները և քաոսի մեջ կհայտնվի ներդաշնակությունը, եթե կա»:

Նա ուշադրություն հրավիրեց  «սրտագետ» բառի վրա, եւ ասաց, որ այս բառի հոմանիշ հայտնի է՝ գաղտնագետ, ծածկագետ. «Այսինքն` Թումանյանին հասկանալու համար քննադատը պետք է լինի գաղտնագետ, որի աշխարհում ապրում էր Թումանյանը: Այն պայծառատեսության, պայծառալսության, երազների նուրբ աշխարհն էր, որը իր համար սովորական էր, իսկ սովետական շրջանում այդ ոլորտը անտեսվում էր»:

Հրայր Ուլուբաբյանը մեկնաբանեց Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկը.

«Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ»:

Նա ասաց, որ արեւելյան փիլիսոփայության, յոգայի, բուդդայականության մեջ ընդունված հոգու վերամարմնավորման գաղափարն է՝ տեղավորված 4 տողերի մեջ:  Ինչպես Թումանյանը կյանքը տեսնում է որպես հարաշաժ հոսանք, որպես անցյալի հավերժությունից դեպի ապագայի հավերժություն գնացող հոգի, որ եղել է, կա ու կլինի հար ու հավետ»:

Թումնայանագետը՝ հայ մեծ գրողի, բանաստեղծի հանճարեղության վկայությունը համարեց գրողի՝ 13 տարեկանում գրված բանաստեղծությամբ.

Քնե՛, քնե՛, իմ որդի,
Աչերըդ խուփ, չըբանաս,
Որ քո թշվառ հայ ազգի
Դառն ցավերը չըտեսնաս.

Քնե՛, գուցե երազում
Տիրոջ բարի հրեշտակը
Քեզի պատմե, թե ինչպես
Պիտի փրկվի քո ազգը.

Քնե՛, գուցե քեզ ասե

Նրա խղճության պատճառը,
Քնե՛, գուցե նա ասե
Նրա փրկության ճարը…

Թումանյանագետը կարեւորել էր բանաստեղծության այս երեք տունը, որտեղ, ըստ նրա, նախ կա մտահոգություն երկրի, ազգի վիճակով, երկրորդ՝ պատճառահետեւանքային օրինաչափության իմացություն՝ եթե ցավը կա, ապա պատճառը եւս կա, երրորդ՝ փիլիսոփայական մոտեցումը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728