Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Օսկանյանի ձայնի երանգը զղջողական էր

Փետրվար 23,2017 15:30

Լրագրողները նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին վերջին ասուլիսում հարցրել էին՝ բա ձեր ժամանակ, երբ նախարար էիք, քաղբանտարկյալներ չկայի՞ն, որին նա պատասխանել էր. «Իմ ժամանակ եթե կային, դատապարտելի է: Ինձ հիշեցրեք, ես չեմ հիշում, եթե անուններ տաք, կարող է ասեմ: Եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել էդ բոլորին»: Ընդ որում, նա դառնալով դեպի ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ասաց՝ թող Արմենը ինձ հիշեցնի, ես չեմ հիշում:

«Առավոտը» Արմեն Մարտիրոսյանին հարցրեց՝ ֆեյսբուքում Վարդան Օսկանյանին խորհուրդ են տալիս մեղրաջուր խմել եւ հիշել քաղբանտարկյալներին, բայց Դուք անգիր գիտեք, թե իր պաշտոնավարման ժամանակ ովքեր են եղել քաղբանտարկյալ՝ Ալեքսանդր Արզումանյան, Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Աշոտ Բլեյան, ուրեմն ինչո՞ւ Դուք որեւէ բառ չասացիք, չհուշեցիք Օսկանյանին: Նա պատասխանեց. «Որովհետեւ ասաց՝ չեմ հիշում, բայց եթե եղել են քաղբանտարկյալներ, ինքը սխալ է համարում»:

Մեր դիտարկմանը, որ Դուք էլ գիտեք, որ նա դեմ չի եղել, ավելին՝ միջազգային ատյաններում ինքն է եղել հերքողը, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես չեմ արդարացնում եւ չեմ արդարացնելու իրեն: Ինքը իշխանության մաս է եղել: Մարդը, եթե այսօր իշխանության մաս է, արդեն սխալ է, դա ընդունենք որպես աքսիոմատիկ ճշմարտություն: Թե այդ սխալին ինչքան սխալներ են գումարվում՝ հասկանալի է: Ինքը արտգործնախարար էր, թիմի ներկայացուցիչ, պարզ է, պետք է պաշտպանի իր թիմին, ինչպես ես եմ պաշտպանում իմ թիմին, դուք եք պաշտպանում ձեր թիմին, ինքն էլ իր թիմին է պաշտպանել: Ո՞վ է ասել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ կարագ-մեղր էր Հայաստանում, կամ մենք խնդիր չունեինք ազատության հետ կապված, ԶԼՄ-ների ազատության, «Ա1+»-ի փակվել եւ այլն: Դա եղել է, բայց այդ մարդիկ այդ սխալները տեսնելով՝ իրենք հիմա հասկանում են, թե ուր է հասել երկիրը, եւ ցանկանում են փոփոխություն»:

Մեր դիտարկմանը, որ չեն զղջում, չնկատվեց այդ զղջումը, հակառակ դեպքում Վարդան Օսկանյանը կասեր՝ այս մարդիկ իմ ժամանակ, այո, քաղբանտարկյալ են եղել, եւ ես ցավում եմ սխալի համար, Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց. «Ես կարծում եմ՝ հենց Օսկանյանի խոսքի երանգը զղջողական էր»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

22,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728