Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական մրցակցությունից դեպի աշխարհաքաղաքական պառակտում. Հայաստանի քաղաքական դասի ապաինտեգրումը

Սեպտեմբեր 01,2026 11:00 Share

«Որպեսզի իմանալ, թե ինչ է տեղի ունենալու, պետք է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել»:
Նիկոլո Մաքիավելի, Վերածննդի դարաշրջանի ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ։

Ընտրություններն ավարտվել են, սակայն դրանց արդյունքների շուրջ վեճում վերջակետ այդպես էլ չի դրվել։ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության օրենսդրական ճանապարհը բացած Ազգային ժողովի ութերորդ գումարումն անցել է պատմության գիրկը, իսկ դրա հաջորդ էջը պետք է գրի իններորդը։ Աշխարհի առաջատար մայրաքաղաքներից արդեն հնչել են շնորհավորանքներ և ոչ պակաս խոսուն «չշնորհավորանքներ»։ Կուսակցությունների ընտրյալները դեռ չէին հասցրել տեղավորվել իրենց բազկաթոռներում, երբ խորհրդարանական ամբիոնից սկսվեց հանրության համար արդեն սովորական դարձած փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների տարափը։ Մինչդեռ իշխանությունը հռետորաբանությամբ չսահմանափակվեց և գործի դրեց վարչաիրավական մեքենան։Նոր քաղաքական շրջափուլը դեռ նոր է սկսվում, սակայն ներկան արդեն այնքան շատ է հիշեցնում անցյալը, որ հնարավոր չէ չխորհել ապագայի մասին։

Վերափոխումից դեպի իշխանության պահպանում

Ֆրանսիական հեղափոխությունն առաջին անգամ եվրոպական պատմության մեջ զանգվածներին դուրս բերեց քաղաքական ասպարեզ որպես իշխանության աղբյուր։ Սակայն զանգվածային մոբիլիզացիայի շնորհիվ իշխանության եկած առաջնորդները շուտով բախվեցին հեղափոխության երկակի հետևանքին։ Մի կողմից՝ նոր իշխանությունն իր լեգիտիմությունը հիմնավորում էր ժողովրդի կամքով, մյուս կողմից՝ մոբիլիզացված հասարակության հետագա մասնակցությունը քաղաքականությանը սպառնում էր նոր կարգի կայունությանը։ Հեղափոխական նպատակների ունիվերսալիզմն ու աշխարհը վերափոխելու ձգտումն իրենց տեղը զիջեցին պետության և բուն վարչակարգի պահպանման հրամայականին։ Բախվելով ռեսուրսների սահմանափակությանը և հռչակված նպատակներն իրականացնելու խնդիրներին՝ հեղափոխականները հրաժարվեցին վերափոխման տրամաբանությունից՝ որդեգրելով կորուստները նվազագույնի հասցնելու քաղաքականություն։ Այդ պատճառով նոր վերնախավը սահմանափակեց զանգվածների մասնակցությունը քաղաքականությանը և որոշումների ընդունումը կենտրոնացրեց նոր վերնախավի սակավաթիվ ներկայացուցիչների ձեռքում։ Այս օրինաչափությունը բխում է հետևյալ տրամաբանությունից․ փողոցից ծնված իշխանությունը ժամանակի ընթացքում հասարակական ակտիվությունն ու քաղաքական մրցակցությունը սկսում է ընկալել ոչ թե որպես լեգիտիմության աղբյուրներ, այլ որպես սեփական գոյությանը սպառնացող վտանգներ և ընտրված ուղեգծի իրականացման խոչընդոտներ։

Հեղափոխական իշխանության տրամաբանության փոխակերպումն անդրադառնում է նաև արտաքին քաղաքականության վրա։ Հետհեղափոխական իրավիճակը պահանջում է բանակցություններ և փոխգործակցություն նաև արտաքին թշնամիների հետ։ Այդ նպատակով ձևավորվում է հասարակությունից ինքնավար միջվերնախավային կապերի համակարգ, որի շրջանակում զիջումները դառնում են ազգային նոր աղետները կանխելու հիմնական միջոց և, միաժամանակ, իշխանության ներքաղաքական կայունացման կարևորագույն գործոն։

Հետհեղափոխական Հայաստանում ի հայտ եկան վերոնշյալ բոլոր միտումները՝ զանգվածների քաղաքական մասնակցության աստիճանական սահմանափակումը, որոշումների ընդունման գերկենտրոնացումը և արտաքին քաղաքականության վերակողմնորոշումը դեպի կորուստների նվազեցում։ Արցախի հանձնումից հետո դրանք առավել ընդգծվեցին և ամբողջական բնույթ ստացան։ Արդյունավետ դաշնակցային աջակցության պակասի պայմաններում արտաքին թշնամիների հետ փոխգործակցությունն իշխանության համար դարձավ երկրի անվտանգության սպառնալիքները նվազեցնելու գլխավոր միջոցը։ Այդ նպատակով կառավարությունն իր գոյատևումը պայմանավորեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ և Արևմուտքի հետ մերձեցմամբ։ Այդ պատճառով արտաքին քաղաքական ուղեգծի հետ անհամաձայնությունը քաղաքական այլակարծության ընդունելի դրսևորումից վերածվեց կառավարության ռազմավարության և գործող քաղաքական խմբի իշխանության պահպանմանն ուղղված սպառնալիքի։ Արդյունքում ընդդիմախոսները դադարեցին ընկալվել որպես քաղաքական մրցակցության լեգիտիմ մասնակիցներ և վերածվեցին չեզոքացման ենթակա խոչընդոտների։ Այսպես մեկնարկեց Հայաստանի քաղաքական դասի ապաինտեգրման գործընթացը։

Քաղաքական դասի ապաինտեգրումը

Քաղաքական դասը գործիչների, կուսակցությունների, խմբերի և հաստատությունների ամբողջությունն է, որոնք իրականացնում են պետական իշխանություն, հավակնում են դրան կամ ունակ են ազդելու պետական որոշումների ընդունման և երկրի ռազմավարական ուղեգծի ձևավորման վրա։ Քաղաքական դասի ապաինտեգրումը ընդհանուր քաղաքական տարածքի քայքայումն է, որի արդյունքում մրցակից ուժերը կորցնում են միմյանց քաղաքական գործընթացի օրինական մասնակից ճանաչելու, հաստատված կանոնները պահպանելու և սկզբունքային տարաձայնություններն ազգային հաստատությունների շրջանակում լուծելու ունակությունը։ Ապաինտեգրման հիմնական դրսևորումներից է մրցակիցներին ապալեգիտիմացնելու փոխադարձ գործելակերպը, նրանց մասնակցությունը սահմանափակելու նպատակով դատաիրավական մեխանիզմների ընտրովի կիրառումը, քաղաքական մրցակցության փոխարինումը վարչական վերահսկողությամբ, ռազմավարական հարցերի համաձայնեցումից հրաժարումը, ինչպես նաև ներքաղաքական ուժերի՝ արտաքին քաղաքական ազդեցության մրցակցող կենտրոնների աջակցությանը ապավինելը։ Արդյունքում ոչ միայն կազմաքանդվում է քաղաքական դասի ներքին ամբողջականությունը, այլև քայքայվում է ընդհանուր ինստիտուցիոնալ տարածքը, որի շրջանակում հնարավոր է վերահսկել իշխանությունը և կարգավորել քաղաքական տարաձայնությունները՝ առանց պետական հաստատությունները քաղաքական պայքարի գործիքների վերածելու և դրանց իրավական գործառույթներից շեղելու։

Ներքաղաքական պառակտման աշխարհաքաղաքականացումը

2023 թվականին Արցախի հանձնումից և արտաքին քաղաքական ուղեգծի վերանայման մեկնարկից հետո քաղաքական դասի ներսում բաժանումը վերաճեց գաղափարական և աշխարհաքաղաքական պառակտման։ Ռազմավարական տարաձայնությունների կենտրոնում էին 2020–2023 թթ. ազգային աղետի պատճառների գնահատումը, հայկական պետականության առաքելության ընկալումը, Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գինը, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու դերը՝ որպես ազգային ինքնության պահապան։

Կառավարությունը երկրի ապագան կապեց արևմտյան կողմնորոշման և եվրոպական ինտեգրման հետ, մինչդեռ ազդեցիկ ընդդիմադիր ուժերը հանդես եկան Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների և երկրի եվրասիական կողմնորոշման պահպանման օգտին՝ արևմտյան ուղղությունը դիտարկելով ոչ թե որպես եվրասիական ուղղության այլընտրանք, այլ որպես այն փոխլրացնող բաղադրիչ։ Ներքաղաքական դիրքորոշումների բևեռացումը արտաքին ուժի մրցակցող կենտրոնների շուրջ արմատապես փոխեց քաղաքական դասի ներսում առկա պառակտման բնույթը։ Հայաստանի ներքաղաքական դիմակայությունը դարձավ Հարավային Կովկասում ազդեցության համար պայքարի բաղկացուցիչ մասը, իսկ հակադիր կողմերը սկսեցին միմյանց դիտարկել որպես արտաքին ուժերի շահերը սպասարկող դերակատարներ։ Փոխադարձ ապալեգիտիմացման խորացման հետևանքով արտաքին քաղաքականությունը դադարեց ընկալվել որպես ազգային ընտրության հարց, որի վերաբերյալ կարող են գոյություն ունենալ տարբեր, բայց հավասարապես լեգիտիմ դիրքորոշումներ։

2026թ. խորհրդարանական ընտրությունների վիճարկվող արդյունքներից հետո առավել ազդեցիկ ընդդիմադիր կենտրոնների նկատմամբ վարչական և դատաիրավական ճնշումները սաստկացան և առավել համակարգային բնույթ ստացան։ Քրեական մեղադրանքների առկայությունն ինքնին դեռևս դրանց քաղաքական շարժառիթի ապացույց չէ։ Սակայն քրեական հետապնդումների ծավալը, ժամանակային ընտրությունը, ուղղվածությունն ու քաղաքական հետևանքները հիմք են տալիս ենթադրելու, որ իրավակիրառումը նախևառաջ ծառայեցվում է քաղաքական դաշտի վերաձևավորմանը։ Դրա նպատակը ընտրողների զգալի խմբեր մոբիլիզացնելու ունակ առաջնորդների հեռացումն ու այն կուսակցությունների չեզոքացումն է, որոնք, թեև պահպանում են ձևական ներկայությունը, սակայն կորցնում են որոշումների ընդունման վրա իրական ազդեցություն գործելու հնարավորությունը։

Այս պարագայում քաղաքական մրցակցության ձևական հատկանիշների գոյությունը կքողարկի առավել ազդեցիկ ընդդիմադիր ուժերի փաստացի դուրսմղումն իրական քաղաքական պայքարից, ինչի հետևանքով վերջիններս կհայտնվեն երեք հնարավոր սցենարից ընտրություն կատարելու առջև։ 1) ընդունել իշխանության սահմանած թույլատրելիի սահմանները, 2) պահպանել խորհրդարանական ներկայությունը՝ օրինական, սակայն քաղաքականապես չեզոքացված ընդդիմախոսի դերում, 3) հեռանալ ինստիտուցիոնալ քաղաքականությունից։ Երկրորդ դեպքում ընդդիմությունը կատարում է փաստացի բացակայող մրցակցային կարգի մուլյաժի դեր․ նրա ձևական ներկայությունը պահպանում է քաղաքական բազմակարծության պատրանքը, սակայն չի ապահովում ո՛չ իրական մրցակցություն, ո՛չ էլ ընդունվող որոշումների վրա ազդելու հնարավորություն։ Միաժամանակ այդ ներկայությունը շարունակում է ծառայել որպես կառավարության կողմնակիցներին «նախկինների» և նրանց աջակիցների վերադարձի սպառնալիքի շուրջ համախմբելու գործիք։ Նման սցենարի իրականացման դեպքում վերարտադրվում է նախորդ գումարման ԱԺ-ին բնորոշ իրավիճակը, երբ ընդդիմության ներկայությունը պահպանվում էր, սակայն չէր ապահովում էական ազդեցություն որոշումների ընդունման և իշխանության նկատմամբ վերահսկողության վրա։

Ապաինտեգրման հետևանքները

Քաղաքական դասի ապաինտեգրումը հանգեցնւմ է հետևյալ փոխկապակցված հետևանքների։

Առաջինը քաղաքական մրցակցության փաստացի վերացումն է։ Քաղաքականությունը ծայրահեղորեն անձնավորվում է, իսկ իշխանության ձևավորումն ու փոփոխությունը տեղի են ունենում կա՛մ վարչականորեն կառավարվող ընտրությունների, կա՛մ արտաինստիտուցիոնալ բեկման միջոցով։

Երկրորդը իրավունքի գերակայության վտանգավոր թուլացումն է։ Երբ իրավակիրառման պրակտիկան կառուցվում է կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև քաղաքական սահմանազատման տրամաբանությամբ, իրավունքն անաչառ կարգավորիչից վերածվում է քաղաքական պայքարի գործիքի։ Արդյունքում անգամ իրավաբանորեն հիմնավորված որոշումները դադարում են հանրային վստահություն ներշնչել։

Երրորդը իշխանության նկատմամբ վերահսկողության ծայրահեղ թուլացումն է։ Խորհրդարանական հանրապետության պայմաններում քաղաքականապես չեզոքացված ընդդիմությունը կորցնում է լիարժեք խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու կարողությունը, իսկ գործադիր իշխանությունից կախված դատական, իրավապահ և վերահսկողական մարմինները դադարում են հանդես գալ որպես գործադիրի լիազորությունները սահմանափակող ինքնուրույն հակակշիռներ։

Չորրորդը ռազմավարական հարցերի համաձայնեցման միջավայրի քայքայումն է։ Մեկ քաղաքական խմբի կողմից՝ այլ նշանակալի ուժերի բացառման պայմաններում ընդունված որոշումները կայուն են այնքան ժամանակ, քանի դեռ այդ խումբը պահպանում է իշխանությունը, և կարող են վերանայվել իշխանափոխությունից հետո։ Հետևաբար դրանք չեն կարող ձևավորել երկարաժամկետ պետականության հիմքեր։

Այս գործընթացները հանգեցնում են ազգային հաստատությունների նկատմամբ վստահության կորստի և արտաքին ազդեցության վտանգավոր աճի։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ձգտում են հենարան գտնել երկրի սահմաններից դուրս՝ արտաքին աջակցությունը վերածելով ներքաղաքական պայքարի որոշիչ ռեսուրսի։

Եզրակացության փոխարեն

Քանի որ ներքին և արտաքին նոր դասավորության ձևավորումը դեռևս հեռու է ավարտից, Հայաստանի քաղաքական զարգացման հետագա ուղեգիծը և, մասնավորապես, նրա քաղաքական դասի վերականգնման հեռանկարները պայմանավորված կլինեն ոչ միայն ներքին գործընթացների բնույթով ու դինամիկայով, այլև արտաքին միջավայրի փոփոխություններով։ Քանի դեռ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության և Հարավային Կովկասի վերակազմավորման համատեքստում, գործող կառավարության արևմտամետ արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումը Բրյուսելի և Վաշինգտոնի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան երկրի ներսում քաղաքական մրցակցության վիճակը։ Ուստի Հայաստանի քաղաքական համակարգի ապագան մեծապես կախված կլինի եվրոպական անվտանգության ապագա ճարտարապետությունից։ Դրա բնույթից և ուրվագծերից մեծապես կախված կլինի՝ երկրի քաղաքական դաշտը կմնա՞ բացառապես աշխարհաքաղաքական դիմակայության տարածք, թե՞ հնարավորություն կստանա վերադառնալու իրավունքի գերակայության և քաղաքական ուժերի փոխադարձ ճանաչման վրա հիմնված ներքին մրցակցությանը։ Սպասումը երկար է լինելու․ այլ հեռանկարի նախադրյալներ առայժմ չեն նշմարվում։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր (1990-99թթ.)

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

«Առավոտ» օրաթերթ
01.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել