Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Բաղդասարյան. «Վերաքննիչ դատարանը ենթարկվեց գեներալ Հայկազ Բաղմանյանի ճնշումներին». (Տեսանյութ)

Մարտ 01,2017 20:20

Արդեն տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ դատարանը մերժեց  Թաթուլ Բաղդասարյանի բողոքը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել նախաքննական մարմնի որոշումը: Թաթուլ Բաղդասարյանի պնդմամբ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի անշարժ գույքի կադաստրի ղեկավարն ու քաղաքապետը կեղծիքներով համայնքի սեփականություն են դարձրել Բաղդասարյանին պատականող հողատարածքը, որի վրա կառուցվել է գազալցակայան:

Ըստ Թաթուլ Բաղդասարյանի, ինքը գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ համաձայնությամբ Բաղդասարյանին պատկանող  Մարտունու «պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տարածքում հիմնել են գազալցակայան, որի շահույթի 30%-ը պետք է լինի Բաղդասարյանինը: Շահագործումից մի քանի ամիս հետո Բաղդասարյանը շահույթի իր բաժինը չի ստացել, որից հետո գեներալի եւ իր հարաբերությունները լարվել են, ու, ըստ Բաղդասարյանի,  գեներալը կեղծիքներով նրանից խլել է բիզնեսը:

Թաթուլ Բաղդասարյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը օբյեկտիվ քննություն չի կատարել, գործը 8 ամիս քննելուց հետո կարճել է՝ վաղեմության հիմքով.«Բայց նման բան չկա, քոնի որ կեղծիքը 2009 թվականին է կատարվել՝ կադաստրի ներկայիս պետ Վրույր Վարդանյանի եւ նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանի ձեռքով: Կարճեցին կադաստրի նախկին պետի գրավոր ցուցմունքով, բայց երբ մենք առերեսվել ենք, ես հերքել եմ իր ասածները, նախաքննական մարմինը հիմք չընդունեց: Կադաստրի նախկին այդ պետը նախկինում կեղծիքների համար դատապարտվել է, ես դատարանին էլ ներկայացրել եմ, դրանք, հիմա ինչի՞ց ելնելով է, որ դատարանը  նրա ասածները արժանահավատ համարում, իմը՝ ոչ»:

Թաթուլ Բաղդասարյանի խոսքերով՝ «Այսօր էլ Վերաքննիչ դատարանը ենթարկվեց  գեներալ Հայկազ Բաղմանյանի ճնշումներին եւ մերժեց իմ բողոքը նախաքննական մարմիների դեմ: Ուզում եմ պարոն վարչապետին դիմել, նա հայտարարում է, որ ամենուրեք եկեք ներդրում կատարեք, այս ամենը տեսնելով՝ ո՞վ պետք է գա այս երկրում ներդրում անի: Անօրինական ձեւով գործը փակում են, կոծկում են, սեփականազրկում են ինձ, չեն թողնում այլ տարբերակ ընտրել ու գոնե գործարանը օգտագործեմ: Հայկազ Բաղմանյանը միշտ ազդեցություն է ունեցել Մարտունու բոլոր պաշտոնյաների վրա, այդ թվում քաղաքապետի եւ Կադաստրի պետի վրա, այսօր էլ՝ Վերաքննիչ դատարանի: Ակնառու փաստերը ձեռքս են, չեմ կարողանում ապացուցել»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Բաղդասարյանը վստահեցրեց, որ նշված գազալցակայանը պայթունավտանգ է, այն համապատասխան նորմատիվների խախտումով  է աշխատում. « Հայկազ Բաղմանյանը հետո վաճառել է գազալցակայանը, հիմա դա պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմներին: Անհնար է դատարաններով հասնել արդարության:  Գազալցակայանի սեփականատերերն են վարչապետի նախկին եւ ներկա ենթակաները՝ Գաբրիելյան Նիկոլայը՝ «Տրանաս գազ» ՍՊԸ-ի տնօրեն, եւ վարչապետի եղբայրը Վովա Կարապետյանը, մյուս սեփականատերն է Ալբերտ Խաչատրյանն է: Ես ԱԻՆ-ին էլ հարցում եմ արել, հաստատել են, որ գազալցակայանը նորմատիվները խախտելով է աշխատում»:

Մանրամասները` տեսանյութում

Թաթուլ Բաղդասարյանն ասաց, որ դիմելու է Վճռաբեկ դատարան, եթե այս ատյանն էլ մերժի, դիմելու է նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031