Լրահոս
Օրվա լրահոսը

Նուռից մինչև «Չունի աշխարհը քեզ նման». (Ֆոտոշարք)

Մարտ 06,2017 21:15

Հայաստանի  Հանրապետության սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ  կազմակերպվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Միջոցառմանը  մասնակցում են ավելի քան 60 սիրիահայեր:

Մասնակիցներից յուրաքանչյուրը իր աշխատանքներում միաձուլել է հայկականն ու սիրիականը:

Անժելա Քրքյանը, որ արդեն 3 տարի է` ինչ Հայաստանում է, առաջին անգամ է մասնակցում նմանօրինակ ցուցահանդես-վաճառքի: Անժելան մասնագիտությամբ գեղանկարչուհի և գրաֆիկ-դիզայներ է, հիմա ավելի շատ տանն է աշխատում:

Ցուցահանդեսին ներկայացրել էր յուրահատուկ աշխատանքներ, արված ապակուց պատրաստված տարբեր իրերի, ինչպես նաև  անձեռոցիկների վրա: Նրա աշխատանքների թեման  հայն ու Հայաստանն է:

Բաժակներից մեկի  վրա պատկերված  Արցախի խորհրդանիշ Պապիկն ու Տատիկը , ըստ նրա, իրեն շատ հոգեհարազատ են, քանի որ երազում է այնտեղ գնալու մասին:

Չնայած մի շարք դժվարություններին, Անժելան որոշել է այլևս չհեռանալ Հայաստանից . «Ամենամեծ խնդիրը աշխատանքն է, հիմա անում եմ գրաֆիկ և վեբ դիզայն, բայց հիմնական չէ, վստահ եմ, որ ամեն ինչ հարթվելու է և մտադիր չեմ գնալ»,- ասում է նա:

Անժելան արդեն իսկ վաճառել էր մի հետաքրքիր աշխատանք. «Բաժակ էր, որի վրա գրված էր՝ չունի աշխարհը քեզ նման. երևի երիտասարդը որոշել էր իր ընկերուհուն նվիրել»:

Սիլվա Գազիզյանը ներկայացել էր ավանդական ձեռագործ աշխատանքներով, որոնց համար Հալեպում հատուկ դասընթացների է գնացել, բայց վաճառքի հետ այնքան էլ հույսեր չէր կապում: «Սա ուղղակի  ներկայացված է որպեսզի մարդիկ ծանոթանան, և չեմ կարծում, որ սրանով հնարավոր է ապրել»,-ասում է նա:

Ցուցահանդեսում զարդերից,  ձեռագործ աշխատանքներից, ոսկերչական իրերից բացի` ներկայացված էր նաև սնունդ:

Տիկին Հնազանդ Մանուկյանը իր ամուսնու հետ Հայաստան է բերել սիրիական մի շարք ուտեստների և համեմունքների շունչը,  որոնք ըստ նրա հաճույքով են ընդունվել  հայերի կողմից: Տիկին Հնազանդը շատ է պատրաստում նաև հայկական ուտեստներ,  բայց այժմ ներկայացրել է միայն սիրիականները. «Ցուցահանդեսը հնարավորություն կտա, որպեսզի մարդիկ գնեն մեր պատրաստածները, ծանոթանան սիրիական մշակույթին ինչու չէ նաև մեզ, քանի որ ապագայում նախատեսում ենք հիմնել սիրիական խանութ»:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մարտի 7-ը` ժամը  19:00, հասցեն՝ Աբովյան 52ա:

Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031