Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրդեհի գործով» պատասխանողի գտնվելու վայրը հայտնի չէր

Մարտ 24,2017 14:30

2008 թվականի հոկտեմբերի 23-ին Երեւանի Բուռնազյան փողոցի 116 հասցեում հրդեհ էր բռնկվել: Շղթայական հրդեհի մասին այդ ժամանակ եղան բազմաթիվ հրապարակումներ: Սակայն հետո տարածքի բնակիչներին միայնակ թողեցին ախուվախ անողները, մինչդեռ տուժողների բողոքները շարունակվում են:

Երեւանի հրդեհային տեսչությունում նախապատրաստեցին նյութեր: Հրդեհի մասին ակտի համաձայն, շղթայական հրդեհի հետեւանքով այրվել էին հարեւան Գ. Ասատրյանի տան տանիքի փայտյա կառուցատարրերը, ջարդվել էր վրայի ազբեստաշիֆերը: Այրվել էր նաեւ թոշակառու Հենրիկ Հովհաննիսյանի տան տանիքը, շինափայտը, հարեւանի գազօջախի էլեկտրական օդազտիչը: Հ.Հովհաննիսյանին պատճառված վնասը կազմել էր 1.163.500 դրամ: Երեկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ պետք է լսեր տուժող ճանաչված, այդպես էլ իր փոխհատուցումը չստացած Հենրիկ Հովհաննիսյանի, նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Աննա Ծառուկյանի բողոքը: Պատասխանողներից երկուսը՝ Արա Դավթյանն ու Արմեն Հարությունյանը չէին ներկայացել: Վերջինը, ըստ տեղեկությունների, Ղրիմում է, եւ ըստ դատավորի, իրենք ծանուցագիր են ուղարկել ՌԴ, Ղրիմ, որտեղից այն վերադարձվել է: Բողոքաբեր կողմի տեղեկացմամբ էլ, անցյալ տարվա մայիսի 27-ի դատական նիստին պատասխանողների տվյալները առկա են եղել:
Բողոքաբերի ներկայացուցիչը, փաստաբան Ա.Ծառուկյանն ասաց, թե մեկ շաբաթով հետաձգեն նիստը, որպեսզի իրենք պատասխանողների ճշտված հասցեները փոխանցեն դատարանին: Դատարանը հետաձգեց բողոքի քննությունը:

 

Հիշեցնենք, որ «Հրդեհի գործով» հինգ դատավոր է «անցել»:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրդեհային տեսչության պետ Ա. Մկրտչյանի տեղեկանքի, հրդեհի օջախն առաջացել է Արմեն Հարությունյանի բնակարանի միջանցքի որմնախորշում տեղադրված սառնարանի շրջակայքում: ՀՀ Փորձագիտական կենտրոնի կողմից տրված հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ էլ հաստատվել էր, որ հրդեհի պատճառը հարեւան Արմեն Հարությունյանի բնակարանի էլեկտրական սնուցման համակարգում առկա վթարային իրավիճակն է եղել:

Իսկ «Հայաստանի էլցանցեր» ընկերության «Հարավ» մասնաճյուղի հանձնաժողովի կարծիքի համաձայն՝ «հրդեհի առաջացման պատճառ կարող էր հանդիսանալ սառնարանի սնուցման խրոցի եւ փայտյա հատակին գցված երկարացման հաղորդալարի վարդակի միջեւ եղած թույլ կոնտակտը»:

Բողոքաբեր կողմը վնասի հատուցում չի ստացել, մինչդեռ, Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն. «Պատճառված վնասի հատուցման գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես, դատարանները նախ եւ առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար եւ ենթակա են պարզաբանման գործի քննության ընթացքում: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունները կարգավորող նյութական, դատավարական իրավունքի նորմերով»:
Ըստ բողոքաբերի, առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ա. Սուքոյանի վճռով մերժել է թոշակառուի հայցադիմումը, պատճառաբանելով, թե քրեական գործ չի հարուցվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«Քրեական գործի վարույթի կարճումն ինքնին հիմք չէ քաղաքացիական գործերով դատավարական սուբյեկտի՝ պատասխանողի մեղավորությունը քաղաքացիաիրավական պատասխանատվության առումով բացառելու համար, քանի որ պատասխանատվության երկու տեսակները կարող են կիրառվել ինչպես միասին, այնպես էլ առանձին: Ավելին, արարքում հանցակազմի բացակայությունը վկայում է ընդամենը արարքի քրեականացնող հատկանիշի բացակայության մասին, մինչդեռ չի բացառում տվյալ արարքում անձի մեղավոր վարքագծի դրսեւորումը եւ որպես վերջինիս հետեւանք՝ քաղաքացիական պատասխանատվությունը»,-իր բողոքում գրել էր փաստաբան Ա. Ծառուկյանը:
Բողոքաբեր կողմը պահանջում է բեկանել դատավոր Ա. Սուքոյանի վճիռը, գործն ուղարկել նոր քննության:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Սոցիալապես անապահով թոշակառուն միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի պետական տուրքի վճարումը հետաձգվի եւ այն լուծվի վերջնական դատական ակտով, քանի որ թոշակառու է, ստանում է չնչին թոշակ, խնամքին է հաշմանդամ թոռնիկը, եւ դատական պաշտպանության դիմելու անհրաժեշտությունը ծագել է բացառապես համապատասխանողների ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով նյութական վնասների արդյունքում:

 

«Առավոտ»

23,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031