Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ընտրատեղամասի մուտքը հարմարեցված է, ապա խոչընդոտներ կան մինչեւ տեղ հասնելը

Ապրիլ 01,2017 15:30

Փետրվարի 20-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլին կայանալիք հերթական ընտրություններին տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար:

Ընտրատեղամասերը հարմարեցնելը Ընտրական օրենսգրքի պահանջն է:
Տարիներ ի վեր հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր շատ քաղաքացիներ, ի թիվս այլ իրավունքների, չեն կարողացել օգտվել անգամ ընտրություն կատարելու իրենց իրավունքից: Պատճառն այն է, որ դպրոցների, մանկապարտեզների, համատիրությունների եւ այլ հասարակական նշանակության օբյեկտների շենքերը, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մինչդեռ 7 տարի առաջ՝ 2010 թվականին, Հայաստանը վավերացրեց հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան, որով մեր երկիրը պարտավորվեց հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ: Եվ անկախ այն բանից՝ դիմացն ընտրություններ են, թե ոչ, այդ շենքերը վաղուց արդեն պետք է հարմարեցված լինեին հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հետաքրքիր զուգադիպությամբ այս օրերին Հայաստանից Ժնեւում մի մեծ պատվիրակություն է գտնվում, որտեղ մեր երկիրը պետք է ներկայացնի, թե ինչպես է կյանքի կոչել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:

Երեկ «Առավոտը» զրուցեց հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` պարզելու, թե ինչպիսի խոչընդոտների են հանդիպում ընտրատեղամաս հասնելու, մուտք գործելու, քվեարկելու ժամանակ, եւ արդյոք դիտարկե՞լ են, թե Երեւանի քաղաքապետի հանձնարարականը որքանով է ի կատար ածվել:

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների կողմից ընտրություններին մասնակցելու առումով լրջագույն խոչընդոտներ են համապատասխան օրենսդրական դաշտի անկատարությունն ու բացակայությունը։ Այդ ցավալի հանգամանքը բացասականորեն է ազդում նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի վրա»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Էխո» հ/կ-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանը։ Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների քվեարկության գաղտնիության ապահովման ու ազատ կամարտահայտման նպատակով պետությունն անհրաժեշտության դեպքում եւ առհասարակ պետք է լրացուցիչ հնարավորություններ ստեղծի, որպեսզի քաղաքացին երկրում գործող օրենքների շրջանակում սահմանափակված, կաշկանդված չլինի իր քաղաքացիական իրավունքներից օգտվելու առումով։ Ընտրական գործընթացների ընթացակարգին, քվեարկության վայրին, ընտրությանը վերաբերող նյութերի օգտագործմանը, մատչելիությանը, դյուրընկալությանը, համապատասխանությանը, քվեարկության վայրի պարզորոշմանը վերաբերող հարցերում պետությունը պետք է ստանձնի երաշխավորի դերը։ «Ընտրությունների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց առումով պետության կողմից պետք է դյուրացվի օժանդակ տեխնոլոգիաների եւ նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Հաշմանդամություն ունեցող անձի խնդրանքով որեւէ այլ անձի օգնությամբ իր ընտրությունը կատարելու, ընտրությունն առանց ահաբեկչության անցկացնելու հանգամանքը նույնպես պետք է երաշխավորվի պետության պատկան մարմինների կողմից»։

Սերյոժա Օհանջանյանի խոսքով՝ Հայաստանում շուրջ 200.000 հաշմանդամություն ունեցող անձանց համար թեեւ տեղի են ունեցել որոշակի բարեփոխումներ, սակայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների համար, որոնք ունեն տեղաշարժման խնդիրներ, ընտրական գործընթացները շարունակում են մնալ ոչ ներառական։
Սերյոժա Օհանջանյանի համոզմամբ՝ այդ հարցում լուրջ դերակատարում չունեցավ նաեւ անցյալ տարի ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը, որտեղ նախատեսված էր քայլեր ձեռնարկել ընտրական համակարգի մատչելիության ու ներառականության ապահովման ուղղությամբ։

«Ցավոք, մինչեւ ընտրատեղամասը կատարվող ընտրական գործընթացներին ինչպես հարկն է չեն անդրադառնում։ Տարբեր դժվարություններ ունեցող անձանց համար նախընտրական քարոզչությունը անմատչելի է։ Մտավոր, լսողական, տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար հանրային քննարկման վայրերը, շտաբները եւս անմատչելի են։ Ինչպես նաեւ մատչելի չեն թվային եւ տպագիր նյութերը, ընտրողների հետ հանդիպումները, հեռուստատեսային եթերների մեծ մասը։ Տեղեկատվական ալիքից դուրս կարող են մնալ փակ հաստատություններում բնակվող մարդիկ։ Բացի ընտրող լինելուց՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն դիտարկվում որպես ընտրվողներ եւ այլն»։
Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությունը այդ հարցերը դիտարկելու է ընտրություններից հետո` իրավիճակն ինչպիսի՞ն է եղել, ի՞նչ խոչընդոտների են հանդիպել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք, որքանո՞վ է եղել մասնակցությունը, մինչեւ տեղամաս տանող ճանապարհը, այսինքն` ավտոմեքենայի ճանապարհից հետո դեպի մուտք գնացող հատվածում կա՞ խոչընդոտ, թե՞ ոչ, դռան փեղկերը բացվո՞ւմ են, թե՞ ոչ եւ այլն: Այդ հարցերով զբաղվելու են «Ունիսոնի» շրջիկ դիտորդները:
Նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով՝ Մարիաննա Չալիկյանն ասաց, որ եղել է ընտրատեղամաս, որի դռան լայնությունը չի համապատասխանել, եւ սայլակը չի կարողացել մուտք գործել, դուռը համապատասխանել է, բայց անմիջապես դռան առջեւ խոչընդոտ է եղել, մինչեւ քվեատուփին հասնելը նույնպես սայլակի համար նեղ միջանցքով է եղել:

«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ պատասխանատուն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց միավորման անդամներին բավականին կօգնի հեռուստատեսությամբ ցուցադրվող ընտրության գնալու կարգի մասին տեսահոլովակը, որը նաեւ ժեստերի լեզվով է ներկայացվում: Ասաց, որ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ առանձնապես խնդիրներ չեն ունենում, եւ ինչ-որ հարց ունենալու դեպքում էլ նրանց միավորման թարգմանիչները օգնում են:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

31,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930