Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե մենք անցնեինք, ու այդ դեպքում «ԵԼՔ-ը» չանցներ»

Ապրիլ 04,2017 14:01

ԱԺ ընտրություններում 5%-ի շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանի համար ընտրությունների արդյունքները սպասելի էին: «Ընթացքը ցույց էր տալիս, որ ամեն ինչ արվում էր՝ «ԵԼՔ»-ի շուրջը միակ ընդդիմադիրի «իմիտացիա» ստեղծելու համար: «ԵԼՔ»-ն էլ լավ աշխատեց, ունի լավ գաղափարներ, ընդդիմադիր զանգվածն էլ ուղղվեց դեպի իրենց: Մնացածն էլ իշխանությունն է, որը փող բաժանեց եւ ամեն ինչ արեց այնպես, ինչպես դասական ժամանակներում: Լավ է, որ մի պայծառ բան եղավ՝ «ԵԼՔ»-ը անցավ ԱԺ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Առաքելյանը:

Նա նշեց, որ առաջիկայում ՀՀԿ-ն գուցե «ժեստ» անի եւ ՀՅԴ-ին միավորի իր հետ. «Իսկ «Բարգավաճին» գուցե նշանակի «նոմինալ ընդդիմություն»: Դրանով էլ ամեն ինչ կվերջանա: Կամ, գուցե ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Բարգավաճը» կոալիցիա կազմեն: Եթե այդպես լինի, շատ լավ կստացվի: Իշխանությունն այդ դեպքում կապացուցի, որ ինքը լրիվ իշխանություն է: Այդ դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը՝ այլեւս «նշանակովի ընդդիմություն» չի լինի»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչու ընտրողները բավարար չափով ձայներ չտվեցին «Ազատ դեմոկրատներին»: «ԵԼՔ-ի շուրջ մանիպուլյացիայի պարագայում ժողովուրդը չուզեցավ իր ձայները կիսել: Տարբերակ եմ ասում՝ գուցե մենք անցնեինք, ու այդ դեպքում «ԵԼՔ»-ը չանցներ: Մարդիկ որոշեցին, որ էական տարբերություն չկա այդ երկու ուժերի մեջ… լավ կիրառված տեխնոլոգիա աշխատեց: Անձամբ շատ գոհ եմ, որ «ԵԼՔ»-ն այսօր խորհրդարանում է: Շնորհավորում եմ նրանց ու բեղմնավոր աշխատանք ցանկանում»,-պատասխանեց պարոն Առաքելյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930