Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանց մեջ չորացել է հավատը, երանի չէր մանուկ մնային». Տեր Տաճատ

Ապրիլ 26,2017 18:19

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբի հյուրերն էին Արարատյան Հայրապետական թեմի, Կանա քրիստոնեական կրթական կենտրոնի խորհրդատու Տեր Տաճատ Ավագ քահանա Դավիդյանը և կենտրոնի պատասխանատու Էլզա Մանուկյանը:

Կանա Կենտրոնը իր աշխատանքը սկսել է ընտանեկան դասընթացից, որին հետո ավելացել է մանկականը. «Հիմա արդեն յուրաքանչյուր կիրակի 13.00, հետաքրքիր հանդիպումներ և դասընթացներ ենք կազմակերպում ավելի մեծ՝ 8-10 տարիքային խմբի համար, օրինակ՝ այս շաբաթ պատրաստվում ենք գնալ ուխտագնացության »,- իր խոսքում նշեց Էլզա Մանուկյանը:

Կենտրոնը անվանվել է Կանա, քանի որ Կանան այն գյուղաքաղաքն է եղել, որտեղ առաջին անգամ Աստված հրաշք է գործել՝ ջուրը վերածել գինու: Մասնակիցների թիվն այժմ 50-ից ավելի է, իսկ ընդհանուր ընտանիքներով վերցրած ավելի քան 40:

Երեխաների հետ աշխատանքը անչափ հետաքրքիր է, պատճառը նրանց անմեղությունն ու անկեղծությունն է. «Երեխաները երբեմն այնպիսի խորիմաստ հարցեր են տալիս, որ զարմանում ես, օրինակ` մեկին հետաքրքրեց ի՞նչ է նշանակում այն, որ հաղորդության հացը, Քրիստոսի մարմինն է համարվում: Իսկ չափահասները ավելի շատ երկրորդական հարցերի մասին են մտածում »,- նշում է Տեր Տաճատը:

Տեր Տաճատը խոսեց նաև ամեն երեխայի յուրահատուկ մոտեցում ցույց տալու մասին. «Մենք պետք է հասկանանք, թե որ ընտանիքում լույս ու ջերմություն կա, որում ոչ, իսկ դա երևում է երեխայից: Ամեն երեխայի դաստիարակության հարցում ամենակարևորը սերն է, չէ՞ որ Աստված սեր է: Մենք փոքրիկների մեջ սիրո սերմ ենք ցանում»:

Կանա կենտրոնի դասընթացների ընթացքում երեխաները ուսումնասիրում են Աստվածաշունչը, մասնակցում պատարագների՝ ուսումնասիրելով դրանց խորհուրդն ու նշանակությունը. «Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին մասնակցելուց հետո խաղ կազմակերպվեց, որից պարզ դարձավ, որ երեխաները լիովին վերցրել էին տրված գիտելիքը»,- հավելեց Էլզա Մանուկյանը:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս երեխան իրեն պաշտպանված զգա ամեն տեսանկյունից, Էլզա Մանուկյանը պատասխանեց. «Պաշտպանված լինել նշանակում է պատրաստված լինել, հենց այդ պատճառով կարևոր են կրոնական տեղեկությունները, որը նրանց թույլ կտա պատրաստված լինել»:

Կանա կենտրոնի մասին խոսեց նաև դասընթացի մասնակից, փոքրիկ Գրիգորի մայրիկը՝ Լիլիթ Աբրահամյանը. «Ես սկսեցի երեխայիս բերել Կանա կենտրոն այն բանից հետո, երբ երկար ժամանակ ինձ տանջող հարցի պատասխանը ստացա, հենց Տեր Տաճատից, և հետո կենտրոնը լավ հարթակ է երեխաների լուսավոր գաղափարները զարգացնելու համար»:

Խոսեցին նաև դասընթացի սաները, նրանց նախասիրությունները տարբեր էին, բայց մի բան հաստատ էր, նրանց բոլորին դուր է գալիս հենց Տեր Տաճատը:

«Այս ուրբաթ 17.00 մեկնարկում ենք 4-7 տարեկանների համար նախատեսված դասընթացը, որի շրջանակներում երեխաների հետ կաշխատեն հոգեբաններն ու հոգևորականները, նրանք կտան այն նախնական գիտելիքները, որը պետք է ունենա յուրաքանչյուր քրիստոնյա երեխա, որպեսզի հետո փոխանցի իր բալիկին »,- ավելացնում է Էլզա Մանուկյանը:

Գործում են նաև դասընթացներ հատուկ հղիների համար, և Կանա «Սինգլս»-ը, որը չամուսնացածների համար է, քանի որ ըստ Տեր Տաճատի՝ ավելի լավ է նրանք հավաքվեն առողջ, լավ միջավայրում, քան թե ժամանակը ծախսեն ինտերնետում կամ վատ տեղերում. «Երբեմն մեծերի հետ աշխատելը ավելի դժվար է, քանի որ ոմանց մեջ չորացել է հավատը, երանի չէր մանուկ մնային»:

Հավելենք նաև, որ դասընթացները անվճար են՝ հետադարձ կապի համար կարող եք օգտվել հետևյալ հեռախոսահամարներից (094) 53 00 47, (055) 53 00 47:

Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930