Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսյան եռատոնը յուրահատուկ պատգամ է մեր ողջ ժողովրդին՝ հիշել հայրենիքի նվիրյալներին, շարունակել նրանց կիսատ թողած գործը». Արցախի Հանրապետության Նախագահ

Մայիս 08,2017 17:18

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որտեղ Նախագահը հանդես է եկել ելույթով:

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության եւ խիզախության համար պաշտպանության բանակի եւ ԱԱԾ մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների եւ կամավորների հանձնվել են պետական բարձր պարգեւներ:

Տարբեր ոլորտներում ակնառու հաջողություններ գրանցած եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել են նաեւ մի խումբ երախտավորներ:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մայիսյան Եռատոնը համայն հայության, հայոց անկախ պետականության ամենանվիրական տոներից է, տոն, որը լի է մեծագույն հպարտության ու արժանապատվության զգացումով, տոն, որը խորհրդանշում է մեր ժողովրդի տոկունությունն ու անկոտրում կամքը, հայրենասիրությունն ու անձնվիրությունը, անսպառ լավատեսությունն ու անսասան հավատքը:

«Մայիսյան եռատոնը յուրահատուկ պատգամ է մեր ողջ ժողովրդին, մեզ բոլորիս՝ հիշել հայրենիքի նվիրյալներին, շարունակել նրանց կիսատ թողած գործը, անել հնարավորը մեր անկախ պետականության հետեւողական ամրապնդման, զարգացման ու զորացման համար: Դա անվերապահորեն պահանջում է համակարգված, միասնական եւ քրտնաջան աշխատանք, հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրում»,- ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031