Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավել մեծ լիազորություններով ու իրավասություններով օժտված բարձրագույն մարմին որպես` Ազգային Ժողովն ստանձնում է առավել մեծ պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի կյանքում»

Մայիս 18,2017 11:20

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻՆ

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հարգարժան պատգամավորներ,

Հարգելի ներկաներ,

Հայրապետական Մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին 6-րդ գումարման այս առաջին նիստի առիթով:

Ազգային Ժողովի դերակատարությունը պետական կառավարման համակարգում այսուհետ էականորեն ընդլայնվում է՝ պայմանավորված սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման անցնելու հանգամանքով: Առավել մեծ լիազորություններով ու իրավասություններով օժտված բարձրագույն մարմին որպես` Ազգային Ժողովն ստանձնում է նաև առավել մեծ պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի կյանքում, մեր ներկայի և ապագայի հանդեպ:

Մեր պետականության կայացման և մեր երկրում վերափոխումների իրականացման ճանապարհին Ազգային ժողովի կողմից կարևոր քայլեր են ձեռնարկվել՝ ստեղծելու օրենսդրական հիմքերը իրավական պետության ու քաղաքացիական հասարակության ձևավորման, մեր երկրում տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման համար: Այս տարիներին ջանքեր են ներդրվել նաև ապահովելու բարենպաստ միջավայր հոգևոր և ազգային-եկեղեցական կյանքի զորացման համար:

Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ մեր կյանքից, սակայն, դեռևս թոթափված չեն խնդիրներն ու դժվարությունները: Ծանրակշիռ ջանքեր պահանջող ուղի պիտի անցնենք՝ կերտելու համար մեր ժողովրդի բարօր կյանքը, ապահովելու խաղաղությունը մեր սահմաններում, պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները և իրագործելու համար ազգային մեր իղձերը:

Մեծարգո պատգամավորներ, բարձրագույն օրենսդիր մարմնում  դուք կոչված եք մեր երկրին ու հավատավոր ժողովրդին ծառայելու նվիրական, մեծ ու պատասխանատու առաքելության: Օրենքները, որոնք պիտի ընդունվեն այս բարձր մարմնում, պիտի ամրացնեն և առաջընթաց բերեն մեր հասարակական կյանքին, դառնան հարազատ հայելին մեր ինքնության, մեր արժեքների, արտահայտեն մեր ժողովրդի իղձերը, ամրապնդեն ազգային մեր համերաշխությունն ու միասնությունը: Խորհրդարանը նաև կարևոր հարթակ է, որտեղ բազմակարծությունը, մտքերի ու նախաձեռնությունների բազմազանությունը՝ ծնունդ առած հայրենասեր ու նախանձախնդիր նույն ոգուց, առավել պիտի ընդլայնեն մեր երկրի զարգացման հեռանկարները: Հայացքների ու տեսակետների տարբերությունները, սակայն, երբեք չպիտի դառնան պատճառ հակառակությունների ու անհանդուրժողականության՝ խոչընդոտելով Ազգային Ժողովի արդյունավոր առաքելությունը: Ի դեպ է այսօր հիշել Ս. Ներսես Շնորհալու պատգամը. «Միութիւն ի կարևորս, ազատութիւն ի երկբայականս և սէր` յամենայնի»: Հավատարմորեն հետևեք հայրապետի հորդորին, պահպանեք միությունը կարևոր գործերում, ազատությունը` երկրորդականներում և սերը` ամեն ինչում:

Մեր մաղթանքն է, որ համերաշխ գործակցությամբ միավորեք ձեր ջանքերն ու նվիրումը հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի խաղաղ, լուսավոր ու բարի կյանքի: Աղոթում ենք, որ Աստված զորացնի ձեզ հայրենասեր ոգով, պարգևի եռանդ ու կորով` մնայուն ձեռքբերումներ արձանագրելու ձեր բարձր առաքելության մեջ: Հարուցյալ մեր Տիրոջ շնորհներն ու հաղթական սուրբ խաչի պահպանությունն ենք հայցում ձեզ ամենքիդ և Սուրբ Հոգու առաջնորդությունը:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031