Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի հասան Ջերմուկին

Հունիս 08,2017 17:59

2017 թվականի մայիսի 3-ին վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կայացել է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության, տարածքային համաչափ զարգացման և զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացվել են, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման մի շարք առաջարկություններ, որոնք մշակվել են ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում:

Հայաստանի երրորդ հանրապետության 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջինը չէ, որ փորձում է զարգացնել Ջերմուկ քաղաքը:

2008 թվականի սեպտեմբերի 18-ի 1064-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը (վարչապետ Տիգրան Սարգսյան) Ջերմուկ քաղաքը հայտարարել է զբոսաշրջային կենտրոն: Մինչեւ 2012 թվականը, Ջերմուկը պետք է դառնար «միջազգային չափանիշներին համապատասխանող, տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն, առողջարանային եւ ձմեռային զբոսաշրջային կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական, ինչպես նաեւ միջազգային մանկապատանեկան եւ երիտասարդական ճամբարատեղի, մշակութային զբոսաշրջության կենտրոն, ունենա տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն եւ դրանից տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եկամուտ…»: Հիմա 2017-ն է եւ այս ամենը չկա:

2010-ի փետրվարի 11-ին ՀՀ կառավարության N103-Ն որոշմամբ (վարչապետ Տիգրան Սարգսյան) հաստատվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ներառմամբ)»: Հիմա 2017 թվականն է եւ Ջերմուկի նոր օդանավակայան չունի, հինն էլ վաղուց օդանավակայան չի, ուղղակի տարածք է:

2017 թվականի փետրվարին սկզբին (վարչապետ Կարեն Կարապետյան) ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանն ասաց, որ Արաբական Միացյալ Էմիրություններից որոշ գործարարներ որոշել են Ջերմուկում հյուրատներ կառուցել՝ ընդհանուր 20 միլիոն դոլարի: Անուններ չտվեց: Առայժմ Ջերմուկում որեւէ ներդրում չկա:

2010 թվականի դեկտեմբերին (վարչապետ Տիգրան Սարգսյան) ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ջերմուկի քաղաքապետի հրամանով քաղաքային այգում հատվել է 124 ծառ, վնասի չափը՝ 370 500 դրամ: Եթե տուգանքի չափը գերազանցում է 400 000 դրամը, ապա քրեական գործ է հարուցվում: Բնապահպանները եզրակացրեցին, որ տուգանքի չափը համարժեք չէ գործած հանցանքին, պարզապես գրել 400 հազար դրամը չգերազանցող թիվ` քրեական գործ չհարուցելու համար: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը ոչ մի պատասխանատվություն չկրեց:

2015 թվականի նոյեմբերին (վարչապետ Հովիկ Աբրահամյան) ՀՀ կառավարությունը որոշեց պետական բյուջեից գումարներ հատկացնել Ջերմուկ քաղաքին` կուտակած պարտքերը մարելու համար: Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ին թիվ 1227-Ա որոշմամբ «Ջերմուկի քաղաքային համայնքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ նախորդ տարիներին առաջացած պարտքերը վճարելու եւ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի իրականացման միջոցառումներին աջակցելու համար» կառավարության պահուստային ֆոնդից 29 միլիոն հատկացվեց:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ հստակ արձանագրված է, որ Ջերմուկի քաղաքային իշխանությունը հնարավորություն չի ունեցել (ընդգծումը մերն է-խմբ.) սեփական միջոցների հաշվին սահմանված ժամկետներում ապահովել վերոնշյալ վճարումները, մարել նախորդ տարիներին առաջացած պարտքերը: Թե ինչու չի ունեցել՝ կառավարությունը չի ասում, բայց հայտնի է, որ ցանկացած համայնքի սեփական միջոցները տեղական հարկերից են գոյանում (հողի հարկ, գույքահարկ): Այլ խոսքով՝ Ջերմուկ քաղաքի իշխանությունը չի կարողացել հավաքել կամ ամբողջությամբ հավաքել տեղական հարկերը եւ պարտքեր է կուտակել:

Ջերմուկում մեծ տարածքներ, օբյեկտներ, տներ ունեն «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը, ում քաղաքական «կնքահայրությամբ» Վարդան Հովհաննիսյանը 2006-ից այս կողմ Ջերմուկի քաղաքապետն է, Աշոտ Արսենյանի եղբայրը, տրանսպորտի եւ կապի եւ ՏՏ փոխնախարար, Աշոտ Արսենյանի հորեղբորորդի Արամ Արսենյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը եւ այլք: Փաստորեն, այս մարդկանց կամ նաեւ այս մարդկանց չվճարած հարկերից է գոյացել Ջերմուկի քաղաքապետարանի պարտքը:

Մինչդեռ «Տեղական ինքնակառավարման օրենքով» հստակ սահմանված է, որ քաղաքապետը «oրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը», իսկ քաղաքապետին կարելի է անվստահություն հայտնել «համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե» փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարվելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարվելու դեպքում»:

Ստացվում է, որ վերջին 11 տարում Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել, իր պահուստային ֆոնդի հաշվին փակել Ջերմուկի քաղաքապետի անգործության արդյունքում կուտակված պարտքը, բայց Ջերմուկը համառորեն չի դառնում զբոսաշրջային կենտրոն, իսկ բան չանող քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել:

Իսկ վերջին 11 տարում, ավելի հստակ՝ վերջին 22 տարում, Հայաստանում իշխում է հանրապետականը: Ուրեմն կամ հանրապետականը ի վիճակի չէ լավ որոշումները կյանքի կոչել, կամ ընդունում է իրականության հետ կապ չունեցող որոշումներ: Այս հիմքը լավատեսություն չի ներշնչում, որ Ջերմուկի զարգացման վերաբերյալ հերթական ծրագրի հաջողություն կունենա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930