Լրահոս
Օրվա լրահոսը

200 մլն դոլարի զենքից ՌԴ-ն ՀՀ է ուղարկել 35 մլն-ի զենք. Շարմազանովը վստահեցնում է՝ «Անհանգստանալու բան չկա, նորմալ է»

Հունիս 09,2017 14:21

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն կառավարությանը հարցում է արել, թե ՀՀ ԶՈՒ-ին ՌԴ-ի հետ կնքված 200 մլն դոլարի վարկային պայմանագրով մինչ օրս զենքի ու ռազմական նշանակության այլ ապրանքների քանի՞տոկոսն է մատակարարվել: Պարզվել է, որ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ, այսինքն՝ պայմանագիրը ստորագրելուց գրեթե 2 տարի անց հայկական կողմը ստացել է 200 միլիոն դոլարից ընդամենը մոտ 35 միլիոնի զենք ու ռազմամթերք: ՀԿ-ն նկատել է, որ Հայաստանին զենքի մատակարարման այս աստիճան դանդաղությունը անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքերը մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային եւ ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրներին: Համենայնդեպս, համաձայն պայմանագրի՝ զենքի մնացած մասը (165 միլիոն դոլարի) մատակարարելու համար մնացել է ընդամենը 7 ամիս:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Եվ 200 մլն-ի շրջանակներում, նաեւ ոչ այդ վարկով ՌԴ-ից մենք զենք-զինամթերք ստանում ենք: ՌԴ-ն եւ ՀՀ-ն շատ նորմալ իրենց պարտավորությունները կատարում են եւ այստեղ որեւէ խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ գնում է»:

Մեր հարցին՝ նորմա՞լ է, որ պայմանագրով նախատեսված ժամկետին մնացել է 7 ամիս եւ 165 մլն դոլարի զենք դեռ չի եկել Հայաստան՝ Շարմազանովը պատասխանեց. «ՌԴ-ի մասով որեւէ անհանգստանալու բան չկա, պաշտոնապես հայտարարում եմ»:

Դիտարկմանը, որ այս ընթացքում իրենք Ադրբեջանին զենքի մատակարարման հարցերը շատ արագ լուծում են՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, որեւէ խնդիր չկա եւ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի այցերից հետո եւ նրա հանդիպումը Շոյգուի հետ շատ բարձր մակարդակով է անցել: Ես սա ասում եմ՝ նաեւ որպես ՀՀԿ ԳՄ անդամ, որպես Վիգեն Սարգսյանի ընկեր, մարդ, որը շատ լուրջ տեղյակ է մեր ռազմական արսենալին եւ համագործակցությանը: Ձեզ հավաստիացնում եմ՝ ամեն ինչ նորմալ իր ընթացքով գնում է, այստեղ անհանգստանալու բան չկա»:

Մենք ճշտեցինք՝ մենք կարող ենք ասել «ամեն ինչ նորմալ է», որպեսզի այսպես ասած «մեծ պապան» չբարկանա մեզ վրա, բայց փաստերն ինչի՞ մասին են խոսում՝ Շարմազանովը պատասխանեց. «Երբ նորմալ չի եղել՝ մենք շատ բարձր մակարդակով հայտարարել ենք: Երբ նորմալ է՝ ասում ենք նորմալ է: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում որեւէ խոչընդոտ չկա: Չկա մի հարց, որ անհնար է լուծել, եւ մենք շատ դրական ենք գնահատում երկու ՊՆ-ների համագործակցությունը: Առավել եւս Վիգեն Սարգսյանի այցելությունից հետո բոլոր խնդիրները նորմալ լուծում ստացել են»:

Հարցին՝ հերքո՞ւմ եք, որ 2 տարվա մեջ իրենք ընդամենը 35 մլն-ի զենք են մատակարարել՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես թիվը չեմ հերքում, կարող է վերջին 10 օրվա մեջ գա մնացած զենքը, ասում եմ՝ ընթացքը նորմալ է, հանգիստ եղեք, անհանգստանալու բան չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930