Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը չի արձագանքում Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու նախագծին

Հունիս 12,2017 17:06

Երևանի քաղաքապետարանը չի արձագանքում Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու նախագծին:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ, մանկավարժ Լևոն Զաքարյանը տեղեկացրեց, որ իրենք ըստ ընթացակարգի՝ հավաքել են անհրաժեշտ թվով ստորագրություններ և դիմել քաղաքապետարան. «Հավաքվել է 8932 ստորագրություն: Ինչպես որ կարգն է, դիմել ենք Երևանի քաղաքապետարան, հիմնավորումներն էլ ենք ներկայացրել: Փետրվարին մեզ հրավիրել են քաղաքապետարան, ասացին, որ ամեն ինչ արվել է պատշաճ ձևով: Գոյություն ունի հետևյալ հիմքը, որն ասում է, որ չորս ամսվա ընթացքում կարող են հարցը դնել ավագանիների նիստի քննարկման: Արդեն հունիսն է, և անցել է այդ չորս ամիսը, իսկ հարցը չդրվեց քաղաքապետարանում և ավագանիների նիստին»:

Պարոն Զաքարյանը հարցը՝ նիստի չդնելու իրավիճակը մեկնաբանեց նրանով, որ առջևում ընտրություններ էին, և թե՛ ընդունելու, թե՛ չընդունելու դեպքում ընտրազանգված էին կորցնելու:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ, հոգեբան Սոֆյա Հովսեփյանի համոզմամբ՝ այս վերաբերմունքը խոսում է արժեքների մասին. «Եթե սա արժևորվեր, անմիջապես հարցը կդրվեր ավագանու նիստին: Փորձում են նաև այս կերպ ազգային հերոսներին մոռացության մատնել: Չգիտես ինչու Արամ Ասատրյանի անվան փողոց ունեցանք մեկ օր հետո, երբ հարցը բարձրաձայնվեց, բայց Լեոնիդ Ազգալդյանի ու Մոնթեի հարցը ձգձգվում է: Չեն ուզում, որ նոր սերունդը համեմատություն ունենա իսկական ազգային հերոսների և այսօրվա ինքնակոչ հերոսների միջև»:

Սոֆյա Հովսեփյանը ցավով նշեց, որ երբ ժամանակին Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու համար ստորագրություններ էին հավաքում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները նախ չգիտեին, թե ով է Լեոնիդ Ազգալդյանը, հետո, երբ իմացան, ասացին՝ ավելի լավ է քաղաքապետարանը Լենինի արձանը հանի, ինչը վկայում էր այն մասին՝ անգամ չգիտեին, որ Լենինի արձանն արդեն հանված է:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանն էլ վստահեցրեց, որ եթե հարցն այդպես էլ լուծում չստանա, դիմելու են իրավական ընթացակարգերի:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930