Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված խմբի մեջ անձինք կան՝ երբեւէ ձեզ հայտնի եղե՞լ են իրենց քաղաքական գործունեությամբ». Գլխավոր դատախազ

Հունիս 28,2017 14:33

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին այսօր լրագրողներն ասացին, որ Գեւորգ Կոստանյանից հետո իրեն ընկալում են որպես շատ թույլ դեմք, Կոստանյանը ուժեղ կերպար էր, չէր ենթարկվում որոշներին, իսկ դուք թույլ օղակ եք: Արթուր Դավթյանը լսեց, լսեց եւ պատասխանեց. «Ինչպե՞ս մեկնաբանեմ, համաձայն չեմ, ա՞յլ պատասխան էիք ակնկալում»:

Դիտարկմանը, որ կարծում էինք՝ ավելի ազնիվ կգտնվեիք՝ դատախազը պատասխանեց. «Ազնիվ գտնվելով՝ ասում եմ՝ ոչ»:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի գործին, որ նրանք ենթարկվում են քաղաքական հետապնդման, իրավական գործընթաց չի գնում՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Սխալ, հիմք չունեցող տեսակետ է դա: Նախ, այդ հանցագործությունը տեղի ունեցավ մեր մայրաքաղաքի բնակիչների, ամբողջ աշխարհի աչքի առաջ, մենք տեսանք ինչ է տեղի ունենում եւ ընթացան համապատասխան իրավական պրոցեսներ: Հիմա գործը դատարանում է, դռնբաց հրապարակային դատավարություն է իրականացվում, հետազոտվելու են ապացույցներ: Անկախ նրանից, թե այդ 15 օրերի ընթացքում դուք ինքներդ ինչեր եք տեսել, դատավարական փաստաթղթերով դրանք տեսնելու եք: Դա որեւէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում: Զինված խմբի մեջ անձինք կան, որոնք երբեւէ ձեզ հայտնի եղե՞լ են իրենց քաղաքական գործունեությամբ: Երբեւէ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելը դեռեւս չի նշանակում, որ այդ անձի կողմից հանցագործության դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը պայմանավորված է քաղաքական գործունեությամբ»:

«Ելքը» միջնորդել էր, որ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակեն: Այս առնչությամբ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ այս պահին վարույթում առկա ապացույցները թույլ չեն տալիս դեռեւս ունենալ հավաստում, որ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրելու դեպքում կարող են երաշխավորել Անդրիաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930