Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկատուի նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է»

Հուլիս 08,2017 15:00

Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային ցանցի
«բարեփոխումը» սկսել է. միկրոավտոբուսների կայանման տարածքը հատկացրել են շինարարության համար. մեքենաները ուղիղ փողոցում են կայանում:

Երեւանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքային իշխանությունները հասարակական տրանսպորտային ցանցը բարելավելու խոստումներ շռայլեցին` միասնական տոմսային համակարգ ենք ներդնելու, հին, մաշված միկրոավտոբուսները փոխարինելու ենք ժամանակակից ու նոր ավտոբուսներով, դրանց կայանատեղիների հարց ենք լուծելու եւ այլն: Բնականաբար, այս ամենը կատարելու համար Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուները ժամանակահատված էին նշում: Համենայնդեպս, 2018-ի ընթացքում, համաձայն այդ խոստումների, բարեփոխումների մեծ մասը պետք է որ կատարված լինեն: Առայժմ միջազգային փորձագետ-խորհրդատուն դաշտն ուսումնասիրում է մեր քաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխման համար լավագույն տարբերակը գտնելու նպատակով:

Մինչ փորձագետը լուծումներ է փնտրում, քաղաքի պատասխանատուներն իրենց որոշումներով տրանսպորտային ցանցում ավելի շատ խառնաշփոթ են ստեղծում:
Արդեն քանի օր է՝ թիվ 28 միկրոավտոբուսի վարորդները, կարելի է ասել, ուղիղ փողոցի մեջտեղում են կայանում: Վերջնականգառում, որտեղ այս համարի միկրոավտոբուսները կանգառ էին կատարում` մինչեւ իրենց հերթական չվերթն իրականացնեն, հսկայական շինարարություն է գնում: Քաղաքապետարանը բնակելի շենքին կից շինարարության թույլտվություն է տվել` անտեսելով անգամ շենքի ցածր հարկերի բնակիչների` արեւի լույսից օգտվելու իրավունքները: Այդ հատվածում, որտեղ տարիներ ի վեր միկրոավտոբուսներն են կայանել, ըստ տարածքի բնակիչների, սննդի օբյեկտ է կառուցվում: Մինչդեռ այդ տարածքում միկրոավտոբուսների կայանումը թե՛ գծի սեփականատիրոջ, թե՛ երթեւեկության եւ թե՛ քաղաքացիների համար հարմար վայր էր: Այժմ ավտոմեքենաների հետ կապված խնդիրները վարորդները ստիպված են լինում փողոցի մեջտեղում լուծել, քանի որ հարմար վայր չկա: Մեքենաների այդ վայրում կայանելը, ինչպես վարորդներն են նշում, երթեւեկությունում վթարային իրավիճակ է ստեղծում, քանի որ ավտոկանգառը դարձել է Իսակովի պողոտայի հենց շրջադարձի վրա:


28 համարի միկրոավտոբուսներն ամեն օր այդ վայրից սկսում են իրենց երթեւեկը, եւ 15 ավտոմեքենաները ստիպված են լինում փողոցի մի մասը գրավել:

Շինարարության պատճառով բարդացել է նաեւ հարեւանությամբ գործող խանութների աշխատանքը. այդ խանութներին ապրանք մատակարարող ավտոմեքենաները նույնպես փողոցում են կայանում, սակայն մինչ շինարարությունը այդ վայրից էին օգտվում:
Թիվ 28 միկրոավտոբուսի երթուղագծի սեփականատիրոջ խոսքերով՝ ինքը տարիներ ի վեր բարեխիղճ հարկատու է եղել, միլիոնների հարկ է վճարել պետական բյուջե, ներդրումներ է արել եւ բիզնեսի նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունքը պարզապես անընդունելի է: Ըստ նրա՝ չի բացառվում, որ օբյեկտն ինչ-որ օլիգարխի է պատկանում, եւ այդ պատճառով էլ իր բողոքները Երեւանի քաղաքապետարանում անտեսվում են, ընթացք չեն տրվում: Գործարարը դիմելու է հանրապետության նախագահի ու վարչապետի վերահսկողական ծառայություններ` հույս ունենալով, որ մի լուծում կգտնվի:


Նա հրաժարվում է օգտագործել այն փոքրիկ տարածքը, որը կառուցում են միկրոավտոբուսների համար որպես դիսպետչերական կետ. «Ինձ ոչինչ հարկավոր չէ, հարկատուի, գործարարի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը անթույլատրելի է»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

07.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31