Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը կկայանա Երեւանում

Հուլիս 10,2017 15:07

2018 թվականի գարնանը Երեւանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: Դրան կմասնակցեն կազմակերպության անդամ մոտ 40 երկրների պատվիրակներ: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

«Սա շատ կարեւոր իրադարձություն է հենց 2018-ի  ֆոնին, քանի որ հենց 2018 թվականին Հայաստանը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախագահությունը` երկու տարով: Այդ տարիները Հայաստանում իրականում լինելու են Ֆրանկոֆոնիայի օրեր: Մեզ համար շատ կարեւոր է այդ արժեհամակարգը»,- ասաց տիկին Եսայանը:

Հիշեցնենք, այս օրերին Լյուքսեմբուրգում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստը: Նախորդ օրերին կայացել են քաղաքական հարցերի հանձնաժողովի եւ կանանց խորհրդի նիստերը: Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր`տարբեր մայրցամաքներում, հատուկ անդրադարձեր են եղել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին:

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նամակ-հրավեր էր ուղարկել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահին`2018-ին քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու համար: Իր ելույթում Մարգարիտ Եսայանը վերահաստատել է այդ հրավերը: Այն ընդունվել է մեծ ոգեւորությամբ եւ ծափերով:

Քաղաքական հարցերի հանձնաժողովն անդրադարձել է նաեւ սիրիական զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին: Իր ելույթում Մարգարիտ Եսայանն անդրադարձել է սիրիահայերի խնդիրներին, նկատել, որ սիրիական պատերազմի արդյունքում բազմաթիվ հայեր`ընտանիքներով, գաղթական են դարձել, ապաստան են գտել Հայաստանում: Նա հավելել է, որ ՀՀ-ն հարազատի պես է ընդունում մեր հայրենակիցներին, հոգում նրանց աշխատանքի, բնակարանով ապահովվածության եւ այլ հարցերը: Նա միացել է Լիբանանի պատվիրակի առաջարկներին` հավելելով, որ իբրեւ միջազգային կազմակերպություն պետք է ամեն ինչ անենք, որ աշխարհը լինի առանց հակամարտությունների, ահաբեկչության եւ պատերազմի. «Միջազգային բոլոր կառույցներն ու կազմակերպությունները պետք է դատապարտեն ահաբեկչությունը, ընդհանրապես, ուժի կիրառումն`աշխարհի բոլոր անկյուններում»:

Մարգարիտ Եսայանը ներկայացրել է նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական պատկերը եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու վերադասավորումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31