Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական աջակցություն են ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին

Հուլիս 11,2017 13:05

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է մեկ տարուց ավելի, բայց վերքերը թարմ են, ցավն անդառնալի, կսկիծն ու կորստի մեծությունը՝ անասելի:

Չնայած ոչ մի խոսք, ոչ մի աջակցություն կամ օգնություն չի կարող ծնողին տալ իր որդուն, բայց այնուամենայնիվ՝ մարդիկ շարունակում են նեցուկ լինել, այս կամ այն կերպ աջակցել ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին:

2002 թվականից Ֆրանսիայում գործող Association Bonheur Retrouve-ը ստեղծվել է Հայկ Մելիքյանի կողմից: Բարեգործական կազմակերպություն է, որն աջակցում է կարիքավոր մարդկանց, աշխարհի տարբեր երկրներից:

Հիմնական նպատակը հումանիստական է: Մարդկանց տրամադրում են իրավաբանական, թարգմանչական օգնություն: Հայաստանին օգնելը նրանց գլխավոր առաքելություններից է:

Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Association Bonheur Retrouve կազմակերպության մամլո խոսնակ Արտակ Թադևոսյանը ասաց. «Քառօրյան իսկապես շատ ցավալի և անդառնալի հետևանքներ թողեց մեր երկրում, և նրա սահմաններից դուրս բնակվող ցանկացած հայի սրտում և հոգում: Կազմակերպությունը մի շարք բարեգործական ծրագրերի շնորհիվ որոշեց աջակցել և օգնել քառօրյայի մի քանի ընտանիքների: Association Bonheur Retrouve օգնում է բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»:

Արտակ Թադևոսյանը ասաց նաև, որ կազմակերպությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հայ, այլև եզդի զոհված զինվորների ընտանիքներին: «Մի քանի անուններ կարող եմ տալ, որոնց աջակցել է կազմակերպությունը: Բենիամին Եղոյան, Ժորա Եսայան, և ազգությամբ եզդի Համլետ Հաջոյան: Բարեգործական համերգների շնորհիվ հավաքված հասույթը կազմակերպության փոխնախագահ Աիդա Օհանյանը անձամբ հանձնել է ընտանիքի անդամներին»:

«Ասենք,որ այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, և պարբերաբար օգնություն կցուցաբերվի ոչ միայն քառօրյա պատերազմի մասնակիցներին, այլև այնպիսի մարդկանց, ովքեր ունեն մեր կարիքը: Մենք 2017 թվականին ունենք բազմաթիվ ծրագրեր: Մենք պատրաստ ենք միշտ լինել հայի, հայրենիքի և առհասարակ մարդկանց կողքին, ովքեր կզգան մեր կարիքը», -ասում է Ա.Թադևոսյանը:

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31