Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորման զոհը՝ Ալե Մամոյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Հուլիս 12,2017 14:30

ՀՀ ֆինանսների նախարարությունից պահանջում է իր`
արդարացվածին պատճառված վնասը հատուցել

Ալե Մամոյանը հայցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Նա հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քննչական բաժնի կողմից իր նկատմամբ հարուցվել է քրեական գործ, մեղադրանք առաջադրվելուց հետո էլ խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով կալանքը: Ալեին մեղադրել են տարիներ առաջ սննդի օբյեկտներից մեկում գտնվող հյուրանոցային համարի սենյակում ալկոհոլ օգտագործած վիճակում մի կնոջ՝ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու հարցով մերժման պատճառով կոտրված ապակու շշով հարվածելու, կնոջ ձախ բազկի շրջանում՝ թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք հասցնելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Տեղեկացնենք, որ կինն «ուժեղ է գտնվել», ըստ քրգործի նյութերի, նրան հրել եւ փախել էր:
Ալե Մամոյանի հայրը պայմանագիր էր կնքել ճանաչված փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Քալանթարյանի հետ:

Վերջինս հանդես էր եկել հետաքննության եւ նախաքննության մարմիններում նրա քրեական գործի շրջանակներում, եղել էր աոաջին ատյանի դատարանում, վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում։ Փաստաբանին մատուցած ծառայությունների համար Ալեի հայրը պարտավորվել էր վճարել որպես ծառայության վճար՝ 2.250.000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը, որոնք պետք է 3 հիմնական փուլից ավարտվեին:

Ի դեպ, դատավճռով Ալե Մամոյանին դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ եւ արդարացրել է՝ «կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ»:

Վերաքննիչ դատարանն այն թողել է օրինական ուժի մեջ՝ գործով մեղադրող Դ. Ավագյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։ Վճռաբեկ դատարանը մեղադրող Դ. Ավագյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

Քրեական գործով արդարացված Ալե Մամոյանը քաղաքացիական գործով պատասխանող Հայաստանի Հանրապետությունից պահանջում էր իր հասանելիք՝ 2.250.000 ՀՀ դրամը բռնագանձել, որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար:
Ինչո՞ւ պատճառված վնասի փոխհատուցման գումար:

Ըստ արդարացվածի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն նույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»։ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն էլ՝ «Յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
Իսկ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի» 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե որեւէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար, եւ եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմունքով, որ ինչ-որ նոր հանգամանք կամ նոր բացահայտված հանգամանք անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա այդպիսի դատապարտման հետեւանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքի համաձայն, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասն էլ ունի մարդասիրական դրույթներ. արդարացվածն ունի իր իրավունքների վերականգնման, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք։

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով։

Այս բացառիկ դատական քննության մարդասիրական սկզբունքներից մեկն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումն էր: Համաձայն նշյալի՝ եթե անձն ապօրինի է դատապարտվել, քրեական պատասխանատվության ենթարկվել, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն է կիրառվել, վարչական տույժի ենթարկելու հետեւանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության եւ դատարանի պաշտոնատար անձանց մեղքից։

ՀՀ Սահմանադրական դատարանն «անվերապահ սահմանադրական պահանջ է» գնահատել անձին պատճառված վնասը հատուցելը, իր 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նաեւ հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետեւանքով։ Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը եւ նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն։

Մեր դատական պրակտիկան ուսումնասիրելիս պարզվեց, որ Վճռաբեկ դատարանն ուներ նմանատիպ նախադեպային մի որոշում, երբ անձը վնաս էր կրել պետական մարմինների ապօրինի գործողությունների հետեւանքով: Խոսքը «Հայկ Մահակյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության» գործի մասին էր, 01.07.2011 թվականի որոշման:
Այս պատմության զոհին՝ արդարացված Ալե Մամոյանին պատճառվել է բարոյահոգեբանական եւ գույքային վնաս՝ կապված ապօրինի 7 ամիս շարունակ կալանքի տակ մնալու, ապա նաեւ դատական նիստերին ներկայանալու հետ։

Հայցվորն արդարացված է: Եվ ըստ դատարան ներկայացված դիմումի, որի դեմ բողոք էր բերվել, «նախաքննական մարմինը ոչ օրինաչափ վարքագիծ է դրսեւորել Ալե Մամոյանի նկատմամբ՝ համապատասխանաբար նրան անհիմն մեղադրանք առաջադրելով, ինչի արդյունքում վերջինս ստիպված է եղել փաստաբանի կողմից տրամադրվող վճարովի ծառայությունների միջոցով պաշտպանել իր իրավունքներն ու ազատությունները եւ ապացուցել իր անմեղությունը։ Ալե Մամոյանին պատճառված վնասը պետք է հատուցվի Հայաստանի Հանրապետության կողմից՝ անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության կամ դատարանի պաշտոնատար անձանց մեղքի առկայության կամ բացակայության հանգամանքից»։

Պատասխանողն առարկել էր, թե՝ «Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը եւ գործում աոկա նյութերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը համադրելով կիրառման ենթակա նորմերի հետ՝ գտնում եմ, որ հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման հետեւյալ պատճառաբանությամբ: Անհրաժեշտ է հատուկ՝ արդարացվածի կարգավիճակ ունեցող սուբյեկտի առկայությունը, որը, սակայն, ապահովում է նորմի կիրառման սուբյեկտային կազմի ամբողջականությունը։ Բայց միայն սուբյեկտների առկայությունն ինքնին չի հանգեցնում իրավահարաբերությունների առաջացման, եթե բացակայում են նորմի հիպոթեզով սահմանված վավերապայմանները»։
Ֆինանսների նախարարությունը գտնում էր, որ Ալեն իր պահանջի հիմքում դնում է միայն արդարացման վճռով պայմանավորված արդարացվածի կարգավիճակի ձեռքբերումը, սակայն որեւէ կերպ չի հիմնավորել, թե իրեն որպես մեղադրյալ ներգրավելը ինչպիսի գործողությունների հետեւանքով է առաջացել.
«Սույն գործով հայցվորը պահանջում է 2.250.000 ՀՀ դրամ գումար՝ որպես քրեական գործով փաստաբանին վճարված գումար։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ օրենսդիրը սահմանում է՝ ոչ թե ցանկացած չափով փաստաբանին վճարված գումարի փոխհատուցում, այլ միայն այն չափով, որը կհամարվի անհրաժեշտ եւ ողջամիտ»։
Պատասխանողը բողոք էր բերել, նաեւ հայտնելով, թե փաստաբանի հետ կնքված պայմանագրում չի հստակեցվում, թե կոնկրետ որ գործի շրջանակներում պետք է իրականացվի պայմանագրով նախատեսված պաշտպանությունը, ինչը, սակայն, այդպես չէր, քանի որ նշվել էին այն ատյանները, որտեղ իրականացվել էր պաշտպանություն, ծառայություն:

Ըստ պատասխանող պետություն-նախարարության՝ «Վերոգրյալ մոտեցումներով եւ քրեական գործի բարդության աստիճանը եւ տեւողությունը գնահատելով՝ ակնհայտ է, որ ողջամիտ չէ սույն գործով պահանջվող 2.250.000 ՀՀ դրամ գումար փաստաբանի վարձատրությունը»։

Դատարանն իր իրավական գնահատականներում անդրադարձել էր Վճռաբեկ դատարանի մի բողոքներից մեկին՝ «Արամ Դավթյանի եւ «Վանք» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի` ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու, ոչ ողջամիտ ժամկետում դատաքննության, անմարդկային վերաբերմունքի հետեւանքով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին» 01.07.2011 թվականի որոշմանը:

Այդ գործով Վճռաբեկ դատարանը փաստել էր. «Պետական մարմինների ապօրինի գործողությունների հետեւանքով անձին ազատությունից ապօրինի զրկելու դեպքում վնասի հատուցման իրավունքը սահմանադրական սկզբունք է, որն ամրագրված է նաեւ միջազգային իրավական ակտերով»։

Ի տարբերություն պատասխանողի «ուսումնասիրության», առաջին եւ երկու ատյանի դատարանները ուսումնասիրել եւ նկատել էին փաստաբանի հետ կողմի կնքած պայմանագիրը, հայցվորի ներկայացրած վճարման հանձնարարականները, որոնց համաձայն Կարեն Քալանթարյանին փոխանցվել է համապատասխանաբար 400.000 ՀՀ դրամ եւ 600.000 ՀՀ դրամ։

Դատարանը հայցը բավարարել է մասնակի, այն անփոփոխ թողեց նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանը:

Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Ալե Մամոյանի բռնագանձել 1.100.000 ՀՀ դրամ` որից 1.000.000 ՀՀ դրամ` որպես արդարացվածին պատճառված վնասի հատուցում, 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն։

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31