Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոտերդամի փառատոնում հաղթած հնդիկ ռեժիսոր. «Ֆիլմը պետք է հույզ առաջացնի»

Հուլիս 12,2017 12:54

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել դիտելու Ռոտերդամի կինոփառատոնի լավագույն ֆիլմերը, այդ թվում` Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» (Հնդկաստան), որն արժանացել է փառատոնի «Վագր» մրցանակին: Հուլիսի 12-ին ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանը եւ նրա պրոդյուսեր Սաջի Մաթյուն հանդիպեցին լրագրողների հետ:

«Ես շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար, միջավայրը դրական է, փողոցներում երաժշտություն է հնչում»,-ասաց ռեժիսորը:

Նա իր ֆիլմը բարդ որակեց, ասաց, որ առանց սցենարի է նկարում եւ իր ոճը ֆիլմերում հատուկ հաղորդագրություն թողնելը չէ: «Հակված եմ այն մտքին, որ ֆիլմը հույզ պետք է առաջացնի: Մարդիկ պետք է միմյանց միջեւ կապ զգան: Յուրաքանչյուր ոք կարող է ֆիլմում գտնել իր պատմությունը, որովհետեւ հույզերը համամարդկային են»,-ասաց ռեժիսորը:

Aravot.am-ը խնդրեց, որ ռեժիսորը փակագծեր բացի ֆիլմի հետ կապված խնդիրների վերաբերյալ, հատկապես այն պատճառով, որ հանդգնել էր sexy բառը դնել Դուրգա աստվածուհու անվան կողքին:

«Ես իսկապես շատ խնդիրներ ունեցա` ֆիլմի հետ կապված, շատերը չէին դիտել ֆիլմը ու զուտ անվան պատճառով էին զայրացել: Այո, Դուրգան աստվածուհու անուն է, բայց բազում աղջիկներ կան Հնդկաստանում, որոնք նույնպես այդ անունն են կրում: Եթե մարդիկ Դուրգայի արձանիկին երկրպագում են, ապա նույն անունով կնոջը փողոցում տեսնելիս հաստատ առաջին բանը, որ մտածում են, ցանկալին է»,-պատասխանեց ռեժիսորը:

Սանալ Սասիդհարանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ ֆիլմում առկա կոնտրաստը` գյուղում աստծուն նվիրված ծիսական արարողություն է, բայց նույն գյուղից զույգը փախչում է: «Փորձել եմ զուգահեռ անցկացնել. ծիսական արարողության հիմնական մասնակիցները տղամարդիկ են, նրանք ինքնախարազանման են դիմում, որպեսզի փրկվեն, բայց նույն տղամարդիկ փողոցում կին տեսնելով, ընկնում են նրա հետեւից»,- պատասխանեց ռեժիսորը:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց` ինչո՞ւ որոշեց մասնագիտությամբ իրավաբանը կինո նկարել: «Ես մասնագիտությամբ ռեժիսոր չեմ, կինոն իմ սիրելի զբաղմունքն է»,-ասաց նա:

Հարցրինք նաեւ, թե «Ոսկե ծիրանի» շրջանակում ինչ ֆիլմեր է դիտել ու հավանել: «Կիմ Կի Դուկի «Ուռկանը» եւ Իլդիկո Էնյեդիի «Մարմնի եւ հոգու մասին» ֆիլմերն եմ տեսել եւ տպավորվել»,-հնչեց պատասխանը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31