Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը թավշյա հեղափոխության հիմքեր չի տեսնում

Հուլիս 13,2017 15:00

Ըստ ՀՅԴ-ի՝ լրագրողները «շիրա են տալիս»,
որ իրենք նորից վատատես դառնան

«Վայ-վայ-վայ-վայ»,- ահա այսպիսին էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արձագանքը, երբ նրան փոխանցեցինք թավշյա հեղափոխության կողմնակիցների դիտարկումները: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ թավշյա հեղափոխությունն ամբողջովին կփակի Ադրբեջանի ախորժակը:

Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Ի՞նչ կապ ունի թավշյա հեղափոխությունը Ադրբեջանի ախորժակի հետ: Ադրբեջանի ախորժակը ոչնչով հնարավոր չի փակել, միայն մի դեպքում՝ բոլորս հանձնվենք, էլի կարող է չփակվի իրենց ախորժակը»:

Ըստ ընդդիմադիրների՝ անվտանգության խնդիրը իշխանությունները մենաշնորհացրել են եւ ժողովրդին հավատացնում են, թե մենակ մենք ենք, որ կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել, մինչդեռ այդ հարցը կարող են լուծել միայն նոր իշխանությունները: Արմեն Ռուստամյանը հարցին՝ թավշյա հեղափոխության հիմքեր Հայաստանում տեսնո՞ւմ եք, պատասխանեց կարճ. «Ոչ»: Թավշյա հեղափոխության կողմնակիցներն ասում են՝ բոլոր հիմքերը կան, քանի որ երկրում խայտառակ վիճակ է կոռուպցիայի առումով, արտագաղթ կա, իսկ բոլոր հեղափոխությունների պատճառը սոցիալ-տնտեսական հենքն է, ուստի հարցին՝ հիմա դուք տնտեսական անկում, վատ ցուցանիշներ չե՞ք տեսնում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ասում եմ՝ ոչ, դու ասում ես… ով ասում է՝ գնա նրան էլ հարցրու, ես չեմ տեսնում»: Հարցին՝ տնտեսական այս խայտառակ ցուցանիշները հիմք չե՞ն կարող տալ, որ մարդիկ ոտքի կանգնեն, Ռուստամյանը պատասխանեց՝ ոչ: Մենք ճշտեցինք՝ բայց որ տնտեսական բացասական ցուցանիշներ կան, անկում կա, հո դրա հետ համաձա՞յն եք, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ, աճ կա, այս քանի օրը դրա մասին ենք խոսում»: Մենք հարցրինք՝ արտաքին պարտք, դեֆոլտի վտանգ, դա՞ էլ չի երեւում, Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ, չկա էդպիսի բան, ես չեմ տեսնում»: Մենք զարմացանք՝ ոչ մի վատ բան չե՞ք տեսնում, պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ, խի՞ պիտի վատ բան տեսնեմ, ես լավատես մարդ եմ, անպայման ստիպում եք, որ ես ձեզ նման վատատե՞ս դառնամ»: Մեր հարցին՝ երբ ընդդիմադիր էիք, էլի՞ չէիք տեսնում կամ ավելի ճիշտ՝ որ իշխանությունների կոալիցիոն գործընկերն եք, դրա՞ համար չեք տեսնում, վարդագույն ակնոցներ եք հագել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Չէ՜, ես միշտ էլ էդ կարծիքին եմ եղել: Ես միշտ լավատես եմ եղել՝ անկախ նրանից, թե որ դաշտում եմ»:
Երբ ասացինք՝ ձեր այս հայտարարություններն անհամեմատելի են ձեր նախորդ ելույթների հետ, Արմեն Ռուստամյանն արձագանքեց. «Ո՞վ է քեզ ասում, իմ ելույթները նույն տրամաբանությամբ են գնում, որ նույն նպատակին հասնենք»:

Դիտարկմանը՝ ՀՅԴ-ն ընդդիմադիր ժամանակ ամենասուր ելույթներն էր ունենում իշխանությունների հասցեին՝ Վահան Հովհաննիսյանից սկսած, ձեզանով վերջացրած, պարոն Ռուստամյանն ասաց. «Բա էն ժամանակ խի՞ չէիք ասում, էն ժամանակ էլ ասում էիք՝ սուր չեն ձեր ելույթները, հիմա թազա շիրա տալու ձեւ եք գտե՞լ, հա՞»:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող ՀՅԴ-ն եւ մասնավորապես պարոն Ռուստամյանը խոսում էին իշխանափոխության անհրաժեշտության մասին՝ առանց որեւէ մեկի «շիրա տալու»: 2012-ի հուլիսի 9-ին ՀՅԴ-ն Գերագույն ժողով էր հրավիրել եւ հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում են երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնել՝ գործող իշխանությունների հեռացման եւ վերջիններիս սպասարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգիծն ընդունելով: ՀՅԴ-ն այն ժամանակ տեսել եւ արձանագրել էր. «Պետությունը թուլացնող երեւույթների եւ ձախողված տնտեսական քաղաքականության հետեւանքն են ահագնացող աղքատությունը, սոցիալական բեւեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, օրավուր աճող արտաքին պարտքը, ազատությունը խոչնդոտող մենաշնորհների ամրապնդումը, որոնց արդյունքում վերանում է ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը»:

2012-ին պետական պարտքը, որը մտահոգում էր ՀՅԴ-ին, ՀՆԱ-ի 37.7 տոկոսն էր, հիմա 56.7 տոկոսն է կազմում, ու իրենք այլեւս որեւէ վտանգ չեն տեսնում:
2012-ի ընտրություններին ընդառաջ՝ հանրահավաքին ՀՅԴ-ն ժողովրդին խոստացել էր, որ պետք է փոխի այս իշխանությունը. «Այն իշխանությունը, որը խաբեությամբ, հարստահարություններով, կաշառքով, ջեմ, տուկի թել, էլ չգիտեմ ինչ զիբիլ ժողովրդին բաժանելով՝ ձեզանից առեւանգել են: Մենք ուզում ենք իշխանությունը վերադարձնել ձեզ»:
Անձամբ Արմեն Ռուստամյանն այն ժամանակ հեգնում ու ծաղրում էր իշխանություններին, երբ ասում էին, որ ամեն ինչ լավ է: Նրա խոսքերով՝ «Իշխանությունը մինչեւ վերջերս հայտարարում էր, թե մեր երկրում ամեն ինչ լավ է, պարծենում էր իր ձեռքբերումներով ու նվաճումներով, հիմա որ ասում են՝ հավատանք, որ փոխենք, իսկապես զավեշտի նման է հնչում, որովհետեւ եթե լավ է, ի՞նչը պիտի փոխել, եթե վատ է, ինչո՞ւ պիտի ձեզ չփոխենք: Սա մենք միասին պետք է անենք: Մենք ունեցել ենք իշխանություն, որ ծառայել է մի խմբի, որ հասել է էդ իշխանության: Մենք վիճակը պիտի փոխենք, վիճակը փոխելու համար էլ շատ պարզ ճշմարտություն կա, ասում է՝ ով հասնում է իշխանության, իշխանությունն օգտագործում է իր շահերի համար»: ՀՅԴ-ն վստահեցնում էր, որ ՀՀԿ-ն խորհրդարան է բերում «անգրագետների, կաշառակերների, գողերի, մարդկանց, որոնք կաղնու հաստությամբ վիզ ունեն եւ կաղնու չափ խելք»: Վահան Հովհաննիսյանի խոսքերով՝ «Մենք թույլ տալո՞ւ ենք, որ կաշառակերը մտնի խորհրդարան՝ ո՛չ, թույլ տալո՞ւ ենք, որ նորից գողերը բազմեն խորհրդարանի բազկաթոռներին՝ ո՛չ, թույլ տալո՞ւ ենք, որ վախկոտ թուլամորթները նորից գնան խորհրդարան ու որոշեն մեր ու մեր զավակների ճակատագիրը, մենք թույլ չե՛նք տալու»:

2013-ի սեպտեմբերի 17-ին ՀՅԴ անդամները, այդ թվում՝ պարոն Ռուստամյանը, ասուլիս հրավիրեցին եւ ներկայացրին իրենց՝ 11 կետից բաղկացած արտագաղթի ծրագիրը, որով խոստանում էին կոռուպցիայի մեջ թաղված հակաքրիստոնեական դեմքերին պաշտոնանկ անել: Ռուստամյանի խոսքերով՝ «Մենք միշտ արտագաղթի տեմպեր ունեցել ենք, սակայն տարիների ընթացքում արտագաղթի դինամիկան փոխվել է: Վերջին շրջանում տեմպն ահագնացել է այնքան, որ դեմոգրաֆիական լուրջ հարցեր են առաջանում: Իհարկե, հարցի լուծումը կլինի այն ժամանակ, երբ իշխանափոխություն լինի, բայց մինչ այդ պետք է կանգնեցնել արնահոսությունը: Մեր ընկալմամբ՝ այսօր արտագաղթը նման է օրգանիզմի արնահոսության: Մենք արնահոսում ենք ու չպետք է թույլ տանք հասնել արնաքամության»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

12.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31