Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրասիական հեքիաթներ»՝ վրացական թեմաներով

Հուլիս 18,2017 22:00

Ռուսաստանը մեծացնում է ճնշումը Վրաստանի վրա
եւ Հայաստանին փորձում է ներքաշել այդ գործում

Վրաստանի եվրոպական ընտրությունը հանգիստ չի տալիս Ռուսաստանին, քանզի այն վտանգավոր այլընտրանք է ներկայիս «ռուսական» համակարգի համար: Ի տարբերություն Ուկրաինայի, որը ստիպված է ուղղակի կռվել ռուսների դեմ, Վրաստանն ընդամենը «հանդգնել» է ապրել այնպես, ինչպես ուզում է, այլ ոչ թե այնպես, ինչպես «կասեն» հյուսիսից, ինչպես դա եղել է գրեթե երկու հարյուր տարի:

Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ կարծրացել է փաստացի միապետական վարչակարգը, Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել, որի շնորհիվ Վրաստանը որպես պետություն ձեւավորվել է եւ կա, մինչդեռ Ռուսաստանում ոչ միայն այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունեցել, այլեւ այդ փոփոխությունների չլինելը ներկայիս ռուսական պետության գոյության գրավականն է: Ավելին, «վրացական տիպի» փոփոխություններն են, ինչից Պուտինի իշխանությունը ոչ միայն փախչում է, այլեւ հռչակել է «ազգային անվտանգության սպառնալիք» իր եւ «հոգեհարազատ» երկրների համար, որտեղ եւս այդ թեմաներով «շատ խոսելը», մեղմ ասած, չի խրախուսվում, եւ դա գրված է պետական եւ միջպետական փաստաթղթերում, օրինակ՝ ՀԱՊԿ-ում: Իսկ այն տարածքին, որտեղ Ռուսաստանը հավակնում է տոտալ վերահսկողություն հաստատել, ներկայումս մի հիբրիդային, անպտուղ ջորի հիշեցնող անվանում են տվել՝ «Եվրասիա», եւ Վրաստանն իր հերթին համարում է, որ դրա հետ ոչ մի կապ չունի եւ չպետք է ունենա:

Անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել կատարված փաստի հետ: Իսկ փաստն այսօրվա Ազատ Վրաստանն է, որքան էլ դա դուր չգա ռուս կայսերապաշտներին, շովինիստներին կամ ընդդիմադիր հռետորաբանության ծխածածկված «ազատականներին», չնայած որ վրացական միջավայրը շատ է դուր գալիս հարյուր հազարավոր ռուս զբոսաշրջիկների:

Հետեւաբար «դրա հետ պետք է ինչ-որ բան անել», մանավանդ, երբ այդ փոփոխությունների անդառնալիությունն ու «անպատժելիությունն» ամենեւին էլ երաշխավորված չեն: Եվ ստեղծվել է անկայուն հավասարակշռություն. մի կողմից՝ վրաստանցիները չեն կարողանում ամրագրել իրենց նվաճած ազատություններն անվտանգության երաշխիքներով եւ առաջ շարժվել ընտրած՝ եվրոպական եւ եվրաատլանտյան ուղիով, մյուս կողմից՝ ռուսները չեն կարողանում հասնել իրենց ուզածին եւ այդ ընտրած ուղու վրա առհավետ «քար գցել»: Եվ մինչ Արեւմուտքը զբաղված է իր ներքին ճշգրտումներով եւ ռիսկերի՝ տարիներ տեւող հաշվարկներով, ռուսական կողմը մուժիկի համառությամբ սեղմում է Վրաստանի աքիլլեսյան գարշապարը՝ ընդհանուր սահմանը, հաղորդակցության ուղիների հարց, կապ «դաշնակից» Հայաստանի հետ՝ փորձելով ամեն անգամ մեջտեղ բերել միայն իր կողմից ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի իշխանություններին որպես «բանակցության կողմ», ինչին Վրաստանը երբեք չի համաձայնի:

Եվ այդ «ռուս-վրացական դարավոր բարեկամության» թեմաներով մոսկովյան «օպերայում» պարտադիր պետք է հնչի Հայաստանի կառավարության «արիան», ասենք՝ «Լարսի այլընտրանքի», «Աբխազական երկաթուղու» եւ այլ զարմանահրաշ բաների մասին: Նույնը տեղի ունեցավ վերջերս, երբ Աբաշիձե-Կարասին մշտական խորհրդակցությունների ձեւաչափում նորից հարց բարձրացավ, թե ինչպես վերահսկել միջազգայնորեն ճանաչված ռուս-վրացական սահմանը:

Հայտնի է, որ 2008-ի ռուսական օգոստոսյան ներխուժումից հետո ՌԴ եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները դադարեցված են, եւ Շվեյցարիան դիվանագիտական միջնորդություն է իրականացնում որպես երկուստեք վստահելի երրորդ կողմ, եւ այդպես էլ պայմանավորվել էին դեռ 2011-ին, որ շվեյցարական ընկերությանը կլիազորվեն մաքսային գործառույթներ միջազգայնորեն ճանաչված ռուս-վրացական սահմանին: Այսինքն՝ խոսքը գնում է ոչ միայն բուն Վրաստանի եւ Ռուսաստանի, այլեւ միայն Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Օսեթիայի ու Ռուսաստանի միջեւ: Իսկ այստեղից սկսվում է կողմերի տարաձայնությունը՝ կապված պայմանավորվածության էության եւ արդյունքի հետ, եւ եթե Թբիլիսին խոսում է միջազգային հարաբերությունների լեզվով, ապա Մոսկվան՝ «նոր իրողությունների», որի հեղինակը միայն ինքն է, եւ որը միահամուռ կերպով մերժվում է միջազգային հանրության կողմից: Ի դեպ, ընդգծենք, որ այն չի ճանաչում նաեւ պաշտոնական Երեւանը:

Սակայն Հայաստանի կառավարությունն այս էլ որերորդ անգամ հենց ամենաթեժ պահին մեկ էլ սկսում է «հույս հայտնել», որ այդ չեղած «պայմանավորվածության» արդյունքում կունենա «Լարսի այլընտրանքը» եւ «տարանցում դեպի Ռուսաստան»: Սակայն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի բարձրաձայնած «հույսը» բախվեց Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է նման հույս ունենա, եւ խոսքը միանգամայն այլ բաների մասին է:

Հետեւաբար ինչի՞ համար են այս «եվրասիական հեքիաթները» վրացական թեմաներով, մանավանդ, որ հազիվ թե ՀՀ կառավարությունում չիմանան, թե իրականում ինչի մասին է խոսքը, եւ որ դա, ինչպես ասում են, լինելու բան չէ, քանի Ռուսաստանը չի փոխել իր իսկ հեղինակած «իրողությունը», որն ի սկզբանե բացատրվում էր նրանով, թե «փրկում են ցեղասպանությունից», իսկ հետո պարոն Մեդվեդեւը ոչ ավել ոչ պակաս հայտարարեց, որ դա արվեց, քանի որ «այնտեղ կլիներ ՆԱՏՕ-ն»:

Ընդհանրապես «Ռուսաստանին կապող ճանապարհի» թեման Հայաստանի՝ իրար հաջորդած եւ այդպես էլ հաջողությունների չհասած կառավարությունների ամենասիրելի փաստարկն է եւ «ալիբին»՝ այնպես, ինչպես «անցման շրջանը» եւ «խորհրդային անցյալը» (ի դեպ, վերջինս, կարծես, գրեթե չի հիշատակվում, որ նեոսովետական «ռենեսանսին» զարկ տված «ռազմավարական դաշնակցին» չնեղացնեն, եւ քիչ էր մնում Միկոյանի արձան էլ դնեին…):

«Լարսի այլընտրանքի» փնտրտուքն, իհարկե, չափազանց կարեւոր է, ուղղակի այն այլ տեղ է: Իսկ այդ «Լարսի այլընտրանքը» կար մինչեւ 2013-ի սեպտեմբերի 3-ը, դրանից առաջ՝ Իրանից բերած, սակայն մեր տարածքում բարակած եւ «Գազպրոմին» նվիրած գազատարն էլ է կոչվում «Լարսի այլընտրանք», Հասան Ռուհանին արդեն երկրորդ ժամկետն է պաշտոնավարում, եւ խոսվում է՝ սկսած 2014-ից, Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքի մասին, սակայն այդ ամենից Գյումրի-Աշտարակ ճանապարհին միայն դեռ նոր ցուցանակ կա առ այն, որ մինչեւ Թեհրան տարածությունը 1107 կիլոմետր է, դա էլ է կոչվում «այլընտրանք»: Ամերիկացիների եւ եվրոպացիների առաջարկություններն արեւային էներգետիկայի զարգացման վերաբերյալ նույնպես «Լարսի այլընտրանք» են, ինչպես եւ ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկու փաստի արձանագրության բերումով կրկեսային «սրբազան պատերազմից» ձեռնպահ մնալն է «այլընտրանք», այլ ոչ թե այն սանձազերծելը… Բայց այդ «Լարսը» դո՛ւք եք ընտրել եւ մի բան էլ փաթաթել ու ծանր քարի պես կախել Հայաստանի պարանոցին, հիմա ի՞նչ «այլընտրանքի» մասին է խոսքը:

Սակայն պետք է փաստել նաեւ, որ պաշտոնական Երեւանն էլ քաջ պատկերացնում է, թե քանի ռուսական կոպեկ արժեն այդ «պայմանավորվածությունները», այդ «այլընտրանքները», նաեւ՝ Հայաստանի «հեռանկարները» ռուսական փլուզվող պետության խելքին ընկնելու ճանապարհին: Եվ ուրեմն ամենեւին էլ կարիքը չկա բարձրաձայն «հույս հայտնելու» մի բանի, ինչն ինքդ էլ ես համոզված, որ լինելու բան չէ: Բայց կարող է տհաճ «նստվածք մնալ» հարաբերություններում մի հարեւանի հետ, որը միա՛կն է, որի հետ Հայաստանը նույն արժեքներն է կիսում, եւ որի հաջողությունից է ուղղակի ածանցվում Հայաստանի հաջողությունը: Ինչպես եւ հակառակը:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարում՝ սողանքը Վերին Լարս անցակետում 2014 թվականի օգոստոսին («Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության)

«Առավոտ»

18.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31