Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նշանակում վստահել Աստծուն

Օգոստոս 04,2017 13:00

Գուցե դա այն չէ, ինչ դուք մտածում եք

Երբ որ մարդը նեղությունների մեջ է լինում, նրան հաճախ ընկերներն ասում են՝ ոչինչ, կանցնի, վստահիր Աստծուն, ու շուտով կանցնեն այս նեղությունները: Երևի մենք էլ մեր նեղված ու ընկճված ընկերներին տվել ենք նման խորհուրդ:

Որոշ դեպքերում, երբ մարդիկ այսպիսի խորհուրդ են տալիս, հաճախ նշանակում է մոտավորապես այսպես. «Մի՛ անհանգստացեք, սպասեք, ու Աստված ի վերջո ձեզ կտա այն, ինչ որ դուք ուզում էք: Մի որոշ ժամանակ համբերեք, ու Աստված ի վերջո ձեզ կտա ձեր սրտի ցանկությունը: Դիմացեք ու սպասեք Աստծո պատասխանին: Նա կհոգա ձեզ համար այնպես, որ կգոհացնի ձեզ»: Սիրելի բարեկամներ, սա վստահել չէ: Սա Աստծո նկատմամբ վստահություն ունենալ չէ: Սա ավելի շուտ ինքնախաբեություն ու մոլորություն է: Ահա թե ինչու: Վստահել Աստծուն նշանակում է շարժվել դեպի այն հաստատ համոզմանը, թե ինչ էլ որ Աստված որոշի, ճշմարտություն է ու բարի քեզ համար: Աստծուն վստահել նշանակում է խաղաղության մեջ լինել այն ամենի հետ, ինչ որ Աստված որոշի, ինչ որ Աստված անի: Վստահել ու ապավինել Աստծուն, նշանակում է ընդունել, որ Աստված երբեմն գործում է անքննելի ձևերով, որոնք ոչ միայն անհասկանալի են մեզ համար, տարբեր են մեր ձևերից, այլեւ նույնիսկ երբեմն հակառակ մեր հասկացությանը, թե ինչն է լավ, ինչը՝ վատ: Սբ. Գրքից մենք տեսնում ենք բազում օրինակներ, որ Աստված երբեմն արտոնում է տառապանք, որպեսզի դրանից շատ ավելի մեծ բարիք դուրս գա:

Օրինակ՝ տեսեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունը: Ինչպիսի ցավ ու տառապանք կրեց նա: Պետրոս առաքյալի օրինակով մենք տեսնում ենք, թե նման իրավիճակի մեջ ինչպես է լինում մարդկային մտածողությունը: «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի» (Մտ 16:22), վիճում էր նրա հետ Պետրոսն ու ասում: Իսկ Տերը նրան խիստ բառերով սաստեց ու ավելացրեց՝ «քո խորհուրդը Աստծունը չէ, այլ մարդկանցը» (Մտ 16:23): Մեզանից շատերը մեծ դժվարություններ են կրել այս կյանքում, որ մեծ տառապանք է առաջացրել: Որոշ դեպքերում հետագայում մենք հասկացել ենք, թե Աստված ինչու էր արտոնել այդ դժվարությունները: Մենք կարողանում ենք տեսնել ու հասկանալ, թե ինչպես ենք մենք աճել այդ փորձառություններից: Մենք տեսնում ենք, որ երբեմն այդ դժվարությունները հաղթահարելով՝ մեր առջև բացվել են նոր հնարավորություններ, որոնք այդ ժամանակ մենք չէինք տեսնում, ու եթե մեզ մնար, մենք կամավորապես չէինք գնա այդ ճանապարհով:

Լինում են նաև դեպքեր, որ այն, ինչի միջով մենք անցնում ենք, անհասկանալի է մեզ համար: Մենք չենք հասկանում, թե ինչու համար են նեղությունները: Բայց սովորում ենք համբերել, դիմանալ ու վստահել Աստծուն: Խաղաղության մեջ լինել նրա հետ, երբ մեզ թվում է, թե նա «Ոչ» է ասում մեր ցանկություններին: Աստծուն վստահել նշանակում է ասել, «Տեր, այն, ինչ որ դու արտոնում ես իմ ճանապարհին, լավ է ու բարի ինձ համար, և ես հոժարությամբ ընդունում եմ այն, որովհետև դու Սեր ես ու մարդու համար անում ես այն, ինչ լավագույնն է իր փրկության համար»: Աստծուն վստահելը սա է: Ի վերջո, հիշո՞ւմ եք Տեր Հիսուսի խոսքերը, երբ ասաց՝ «ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, մի՞թե քար կը տայ նրան» (Մտ 7:9): Ուրեմն մենք պետք է հիշենք, որ ցանկացած իրավիճակում մեր երկնավոր Հայրը մեզ հաց է տալիս: Նա սեր է ու հաց է տալիս: Ու եթե մենք ինչ-որ դժվարության միջով ենք անցնում, ապա պետք է քննենք մեր կյանքերը ու տեսնենք, թե ինչ դաս է մեզ ուզում սովորեցնել մեր երկնավոր Հայրը, որպեսզի շտկենք մեր կյանքերը, կատարելության ձգտենք ու կարողանանք ապրել հավիտյան՝ մասնակից լինելով Տեր Հիսուսի փառքին: Աստծուն վստահել չի նշանակում սպասել, և նա ի վերջո քեզ կտա քո ուզածը: Դու չգիտես՝ քո ուզածը բարի է, թե չար քո փրկության համար: Այն կարող է քեզ ավելի փչացնել, որի մասին դու չգիտես: Բայց Աստծուն վստահել նշանակում է խաղաղության մեջ լինել այն ամենի հետ, ինչ որ Աստված կամենում է ու պատվիրում՝ իմանալով, որ նա Սեր է, ու այն, ինչ նա ցանկանում է, բավական է իմ անձի համար, դրա մեջ կա խաղաղություն, ու դա լավ է իմ հոգու համար:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

03.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031