Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ մշակութային իրադարձություն՝ նվիրված Հայոց մեծ եղեռնին

Օգոստոս 05,2017 13:30

Մենք՝ հայերս, թալանված, ստորացված, պատվազրկված, մեր բնօրրանից, որը քաղաքակրթության ակունքներում էր կանգնած, վռնդված ու եղեռնված մի դժբախտ ժողովուրդ ենք, որի մի փոքրիկ մասը, հրաշքով փրկվելով վախկոտ ու դաժան, խորամանկ ու ստոր, նենգ ու դավադիր թուրքերի արյունոտ ու եղեռնագործ ձեռքերից, սփռվել է աշխարհով մեկ՝ իրենց կյանքը փրկելու ու շարունակելու ակնկալիքով…

20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդը դավադիր զոհաբերվեց բռի, անկիրթ ու արյունռուշտ թուրքերին՝ ռուսական կայսրության ու արևմտյան երկրների անկուշտ գաղութատիրական նկրտումների պատճառով: Կայսերական այնպիսի խոշոր պետություններ, ինչպիսիք էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, դեմ էին հայերի անկախությանը և մանավանդ նրանց միավորմանը ռուսական կայսրությանը: Նրանք ամեն հնարավոր բան արեցին, որ դա չլինի, և փաստացի սատարեցին թուրքերին և շարունակում են սատարել առ այսօր… Թուրքերը դա շատ լավ հասկանում են և նույնիսկ երես են առնում, իսկ մենք՝ ոչ: Երբեմն մեզ թվում է, որ Արեւմուտքը մեր կողմից է և պատրաստ է լուծել Հայկական հարցը, երբեմն էլ հավատում ենք, որ ռուսները մեր եղբայրներն են և փրկելու են մեզ… Ինչպիսի՜ մոլորություն… Իսկ միգուցե մեր միակ բարեկամն Ամերիկայի Միացյալ Նահանգնե՞րն է: Այդ դեպքում ինչո՞ւ ԱՄՆ նախագահներից և ոչ մեկն ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի հիշատակման և ոգեշնչման օրը, չի արտասանում «եղեռն» բառը, այլ գերադասում է «հայկական ջարդեր կամ ցավալի իրադարձություններ» ավելի մեղմ արտահայտությունները՝ չնայած ԱՄՆ 50 նահանգներից 46-ը պաշտոնապես ընդունել են այն: Ես համոզված եմ, որ երբեք էլ չեն արտասանի, եթե նույնիսկ 50-ից 49-ը ընդունեն Հայոց մեծ եղեռնը որպես պատմական իրողություն՝ մի պարզ պատճառով, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ տարածաշրջանային շահեր ունի, իսկ Հայաստանի հետ ընդհանրապես ոչ մի շահ չունի: Մենք մեր հարցերն ինքներս պետք է լուծենք, ինչպես դա խորհուրդ էին տալիս մեծն զորավարներ Նժդեհն ու Անդրանիկը, ինչպես նաև անմար պահենք վրեժի ու ցասումի, հատուցման ու պատմական արդարությունը վերականգնելու մեր վսեմ զգացումը… Այդպիսի մտածողությամբ կողմնորոշվելով՝ միշտ շահեկան դուրս գալու հնարավորություն կունենանք: Ոչ պակաս կարևոր է նաև մշակութային գործիչների ներդրումն այս հարցում:

Վերջերս հայ և ամերիկացի հանդիսատեսը բացառիկ մշակութային մի միջոցառման ակտիվ մասնակիցը դարձավ Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող Stars Theater հաստատությունում՝ նվիրված Հայոց մեծ եղեռնին: Միջոցառման գլխավոր կազմակերպիչներն էին ԱՄՆ Հայ գրողների միության առաջին փոխնախագահ, ՀԳՄ, ՀԺՄ և ԺՄՖ անդամ Կարեն Խաչատրյանը (Խաչկար գրչանունով), ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, բեմադրիչ Մարի Մսրյանը (թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի դուստրը) և նրանց երկու դուստրերն ու որդին: Անչափ հետաքրքիր երեկոն սատարում էին նաև բազմաթիվ հովանավորողներ՝ Yerevan Printing, Atanian Art Center, Gianni Motors, Cloud Commercial Sales, Karoza Bridal Inc, Ararat Group USA, Karina’s Cake House, Remedy Liquor, Superior Pharmacy ընկերություններն ու հաստատությունները:

Հրավիրատոմսերի և տոմսերի վրա դրոշմված էին ամերիկացի հռչակավոր գրող, մեր հայրենակից Վիլյամ Սարոյանի գրած տողերը Հայ մեծ եղեռնի վերաբերյալ. «Ուղարկել էին նրանց անապատ՝ առանց հաց ու ջրի: Վառել էին նրանց տներն ու եկեղեցիները, որպեսզի նրանք այլևս չկարողանան ծիծաղել, երգել կամ աղոթել նորից: Բայց եթե նրանցից երկուսը հանդիպեն որևէ տեղ աշխարհում, արդյո՞ք չեն ստեղծի մի Նոր Հայաստան»:

Միջոցառման սկզբում ժամանեցին հայ և ամերիկացի հայտնի գործիչներ, որոնց փողոցից, կարմիր գորգի վրայով, առաջնորդում էին դեպի թատրոնի սպասասրահը՝ լուսանկարվելու համար: Նրանց թվում էին Կալիֆոռնիա նահանգի սենատորներ Ադամ Շիֆի (Adam Schiff) և Անտոնիո Պորտատինոյի (Antonio Portatino) գրասենյակների ներկայացուցիչները, Գլենդեյլ քաղաքի քաղաքապետարանի խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանը, Rock and Roll-ի թագավոր Էլվիս Փրիսլիի (Elvis Presley) մտերիմ ընկերուհի, երգիչ, կոմպոզիտոր, դերասանուհի և մոդել Վենդի Լին Ադամսը (Wendy Lynn Adams), Ռեյ Չարլզի (Ray Charles Robinson) դուստրը՝ Ռենե Ռոբինսոնը (Reneh (Raenee) Robinson), ամերիկացի երգիչներ Թեոդորո Ջոնսը (Teodoro Jones) և Քերոլ Գրեյը (Carole Gray), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանը, անվանի երգիչներ Միստր Իքսը (Արթուր Հակոբյան), Պապին Պողոսյանը, Սուրբ Հովանու՝ Կարապետ եկեղեցու հովիվ, ավագ քահանա տեր Մանուկ Մարգարյանը, ավագ քահանա տեր Մամբրե Քեսաբյանը, օպերային երգչուհիներ Սալբի Մաիլյանը, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աննա Նշանյանը և այլք:

Բնականաբար անմոռաց երեկոյի ամենատխուր մասը Հայոց մեծ եղեռնի մասին գրված մենաներկայացումն էր՝ «Պատգամը», որը մեծ վարպետությամբ և պատասխանատվությամբ ներկայացրեց հանդիսատեսին տաղանդավոր դերասան և երգիչ Հովհաննես Բաբախանյանը (ներկայացման հեղինակն էր Խաչկարը, բեմադրիչը՝ Մարի Մսրյանը): Ըստ սցենարի՝ երիտասարդը՝ վշտահար, նոր է վերադարձել իր սիրելի պապի թաղումից: Նա սկսում է հիշել, թե ինչպիսին էր պապը, ինչպես էր բռնում իր ձեռքն ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնալիս, երբ ինքը դեռ փոքր էր, իսկ հետո, երբ մեծացավ ու զառամյալ դարձավ, ինքն էր բռնում նրա ձեռքից, և գնում էին այնտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1.5 մլն անմեղ նահատակների հուշակոթողի առջև… Նա, հավաքելով պաշտելի պապի սենյակը, պատահաբար հայտնաբերում է մի ճամպրուկ, որը լիքն էր նրա գրառումներով Եղեռնի վերաբերյալ: Այնտեղ պապը թղթին էր հանձնել իր վշտերն ու ապրումները՝ խնամքով թաքցնելով դրանք տնեցիներից, հատկապես թոռնիկներից, որպեսզի ցավ չպատճառի նրանց… Կարդալով պապի գրառումները՝ երիտասարդը դրանք ընդունում է որպես պատգամ՝ լինելու պահանջատեր ու վրիժառու, ստիպելու անարգ թուրքերին զղջալու իրենց արածի համար և անպայման հատուցելու պատճառած ֆիզիկական ու բարոյական վնասի համար: Մենաներկայացման վերջում հարգարժան դերասանը ներողություն խնդրեց իր սիրելի հանդիսատեսից այդքան տխրեցնելու համար: Վարպետությամբ ներկայացված խաղը տևեց 1 ժամ 15 րոպե: Հանդիսատեսը հոտնկայս, երկար ծափահարություններով շնորհակալություն հայտնեց տաղանդաշատ դերասանին:

Ներկայացումից անմիջապես հետո Հ. Բաբախանյանը բեմ հրավիրեց ստեղծագործության հեղինակին՝ Խաչկարին, և բեմադրիչին՝ Մ. Մսրյանին: Ներկաներն ուժգին ծափահարություններով դիմավորեցին նրանց: Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրումների արարողությունը: Ամենից առաջ ներկայացավ Սուրբ Հովանու՝ Կարապետ եկեղեցու հովիվ, ավագ քահանա տեր Մամբրե Քեսաբյանը, Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր Հովնան Արք. Տերտերյանի ներկայացուցիչը: Նա կարդաց «Գիր օրհնության և գնահատանաց ողջույնի խոսքը» և վերջում հանձնեց այն Հ. Բաբախանյանին: Լոս Անջելեսի հյուպատոսարանի խորհրդական Ռազմիկ Ստեփանյանն ամենից առաջ շնորհավորեց Հ. Բաբախանյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, այնուհետև գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի անունից վկայական հանձնեց Հ. Բաբախանյանին Հայոց մեծ եղեռնի ճանաչմանը նպաստող Խաչկարի «Պատգամ» ստեղծագործության հիման վրա բեմադրված մենաներկայացման համար: Կալիֆոռնիայի նահանգի սենատորներ Ադամ Շիֆի, Անտոնիո Պորտատինոյի և Կալիֆոռնիայի Նահանգային ժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանի գրասենյակներից շնորհակալագրեր բաժանվեցին Հ. Բաբախանյանին, Մ. Մսրյանին և Խաչկարին «Պատգամի» բեմադրման համար: Վրեժ Աղաջանյանը Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի անունից պատվոգրեր հանձնեց Հ. Բաբախանյանին, Մ. Մսրյանին և Խաչկարին հաջողված կատարողական արվեստի համար: Իրավագիտության դոկտոր, պաշտոնաթող դատավոր, Արևմտյան Հայաստանի Սահմանադիր Գերագույն իրավարար ատյանի նախագահ, ՌԴ Բնական ԳԱ ամերիկյան բաժանմունքի նախագահ Սուրեն Ղազարյանը, գովաբանելով ներկայացումը, դերասանին պարգևատրեց Արևմտյան Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի բարձրագույն պարգևով՝ Վուդրո Վիլսոնի անվան ոսկե մեդալով։

Այնուհետև ազդարարվեց հրաշալի երեկոյի համերգային մասի բացման մասին: Ներկայացվեցին պարային և վոկալ կատարումներ՝ հայազգի և օտարազգի ճանաչված արտիստների մասնակցությամբ: Հատկապես գեղեցիկ էր Վանուշ Խանամիրյանի մշակմամբ «Կակաչներով պարը» (բալետմեյստեր՝ Սամվել Նազարյան), երգիչ Պապին Պողոսյանի հրաշագեղ կատարումը, ամերիկացի երգիչ Թեոդորո Ջոնսի հայկական «Մայրիկ» և ամերիկացի երգչուհի Քերոլ Գրեյ ու Հ. Բաբախանյան զույգի հայկական «Ո՜վ սիրուն, սիրուն» երգերի կատարումները:

Հաջորդ օրը, առավոտյան որդիս հարցրեց.

– Ինչպիսի՞ն էր ներկայացումը:

– Շատ լավ, – պատասխանեցինք տիկինս և ես,- միայն թե ճնշող թեմա էր արծարծվում, 100 տարի է անցել, ինչքա՞ն կարելի է ողբալ… Ժամանակը չէ՞, արդյոք, փոխարենը վրեժի, հատուցման և կորցրածը հետ բերելու կոչեր անելու,- սրտնեղեցինք մենք:

– Դուք ճի՛շտ եք, բայց եթե Հայոց մեծ եղեռնի մասին ընդհանրապես դադարեն գրել, նոր սերունդը կմոռանա դրա մասին: Այդ պատճառով հեղինակն էլ է ճիշտ վարվել,- ասաց մեր 25 ամյա որդին,- վերջերս Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքի Ամերիկանա զբոսավայրում գտնվող Barns & Nobel գրախանութում «Նեմեսիսի» մասին անգլերենով գրված մի հետաքրքիր գիրք էի թերթում: Մի երիտասարդ հայ տղա, տեսնելով գիրքը ձեռքիս, հարցրեց.

– Ո՞վ է «Նեմեսիսը»:

«Նեմեսիսը» (հունական դիցաբանության վրիժառության աստվածուհու անունով) ՀՅԴ-ի կողմից ստեղծված նախագիծ է, Հայոց մեծ եղեռնի կազմակերպիչներին գտնելու և մահապատժի ենթարկելու համար: «Նեմեսիսը» նախագծի մասնակիցներից մեկն էր նաև Սողոմոն Թեհլիրյանը:

– Ո՞վ է Թեհլիրյանը:

– Թալեաթին սպանողը:

– Իսկ ո՞վ է Թալեաթը:

– Նա Թալեաթին գտավ Բեռլինում 1921թվականի մարտի 15-ին և շանսատակ արեց: Թալեաթը՝ այդ արնախում գազանը, վերջապես պատասխան տվեց իր մահով՝ հայ ժողովրդին հսկայական տառապանքներ պատճառելու, կանխամտածված եղեռն կազմակերպելու համար: Եթե աշխարհն այնքան խելամիտ գտնվեր, խստորեն դատապարտեր ու ստիպեր Թուրքիային ընդունելու Հայոց մեծ եղեռնը, ապա հետագայում Հիտլերի կողմից չէր կազմակերպվի հրեաների Հոլոքոստը… Միայն թե չհարցնես՝ ո՞վ է Հիտլերը, – ժպտացի ես:

– Իհարկե՛ ոչ,- ի պատասխան ժպտաց նա ինձ:

 

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ

Կալիֆոռնիա, Գլենդեյլ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031