Լրահոս
Օրվա լրահոսը

«Առայժմ միայն երգերում եմ սեր երգում»

Օգոստոս 05,2017 14:00

Սիրված երգչուհի Եվա Եգանյանը նոր ձայնասկավառակ է թողարկել, որ կոչվում է «Էլի գարուն կգա»: «Առավոտի» հետ զրույցում Եվան ասում է, որ Չարենցի հայտնի բանաստեղծության հիման վրա է երգ գրել, եւ դա էլ ձայնասկավառակի առաջին երգն է: «Քանի որ խոր իմաստ ունի այդ նախադասությունը, որոշեցի հենց այդպես էլ վերնագրել ձայնասկավառակը: Այնտեղ 14 երգ է, երկու զուգերգ` Հարութ Փամբուկչյանի եւ Սամսոն Պանյանի հետ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Երգչուհու համար թանկ են ձայնասկավառակի բոլոր երգերը, ինչ վերաբերում է «Էլի գարուն կգա»-ին, ասում է՝ այն յուրահատուկ ձեւով տպավորվել է, մանավանդ շատ պատասխանատու էր Եղիշե Չարենցի բանաստեղծության հիման վրա երգ գրելը:

 «Ձայնասկավառակը իմ երկու տարվա աշխատանքն է, սիրտ ու հոգի եմ դրել ձայնասկավառակի մեջ, ինձ գնահատողներին շնորհակալ եմ, կփորձեմ միշտ նորություններով ներկայանալ»,- ասաց մեր զրուցակիցը:

Եվա Եգանյանը հաճախ է արտասահմանում ելույթներ ունենում: Ասում է՝ ամենուր հանդիսատեսի ջերմությունն է զգացել: «Երբ ձայնասկավառակս լույս տեսավ, աշխարհի տարբեր երկրներից ստացա երկրպագուներիս արձագանքները: Ձայնասկավառակը հասցրել էի ուղարկել Ավստրալիա, Ամերիկա, Եվրոպա, Բեյրութ»,- ասաց երգչուհին: Նա նաեւ հավելեց. «Բոլորի կարծիքը կարեւորում եմ, բայց ամենախիստն իմ հանդեպ ես եմ, ամեն ինչին պետք է մանրամասն հետեւեմ՝ սկսած հագուստի դիզայնից: Ինձ համար շատ կարեւոր է մասնավորապես երաժիշտների կարծիքը: Ձայնասկավառակիս շնորհանդեսի օրը շատ կարեւոր հյուրեր ունեի, հետաքրքիր տաղանդավոր արվեստագետներ էին եկել, այդ թվում՝ Արա Գեւորգյանը, Սասուն Պասկեւիչյանը, Մարտին Ահարոնյանը: Ի դեպ, եթե առաջարկ լինի, արտասահմանում էլ կանեմ շնորհանդես»:

 Անդրադարձ եղավ զուգերգերին: Եվա Եգանյանն ասաց, որ բազմաթիվ զուգերգեր է երգել, ու բոլոր առաջարկները մյուս կողմն է արել. «Առաջարկ է եղել, երգը լսել եմ, հավանել եմ, ու սկսել ենք աշխատանքը»:

 Ի դեպ, Ձախ Հարութի հետ զուգերգի անունն է «Բալլադ արաղի մասին»: Եվա Եգանյանը ժպտալով ասաց, որ ինքը ալկոհոլ չի օգտագործում, իսկ տվյալ դեպքում երգով քարոզում են չխմել:

Հարցրինք` անընդհատ սեր է երգում, արդյոք սիրահարվա՞ծ է: «Առայժմ միայն երգերում եմ երգում սիրո մասին, գուցե դեռ չի հասունացել այն պահը, որ մեկը լինի իմ կյանքում»,- ասաց Եվա Եգանյանը:

Նա նշեց, որ շատ բուռն է աշխատում, օգոստոս ամսին էլ համերգներ ունի, մեկը` «Արամ Խաչատրյան» համերգասրահում, սեպտեմբերին մեկնելու է եվրոպական մի քանի երկիր՝ շրջագայության, դրանից զատ, էլի համերգներ ունի, որոնց մասին դեռ ձեռնպահ է մնում բարձրաձայնել:

Հարցրինք, թե ինչու շատերի նման՝ ինքն էլ չգնաց ավելի մոդայիկ ճանապարհով եւ էստրադային երգերով չփորձեց ներկայանալ, որն ավելի հանրամատչելի է կարծես:

«Այսօր ժողովրդական երգը մեծ պահանջարկ ունի, անձամբ ես այնքան շատ համերգների եմ լինում, որ ազատ ժամանակ քիչ է մնում: Կարող եմ վստահեցնել, որ հանդիսատեսն էլ տարբեր տարիքի է` սկսած փոքր երեխաներից, վերջացրած մեծահասակներով: Հաճախ է պատահում, որ փողոցում ինձ մոտենում են երեխաներ ու խնդրում են լուսանկարվել, ասում են, որ սիրում են իմ երգերը: Դա, բնականաբար, շատ հաճելի է: «Ժողովրդական երգիչ» նախագիծը եղավ իմ ճակատագրի սկիզբը… Ժողովրդի մեջ ես տպավորվել եմ որպես ժողովրդական երգչուհի, ու հիմա, երբ համերգներ են լինում, ինձ պահանջում են որպես ժողովրդական երգչուհի, թեեւ երգում եմ նաեւ էստրադային երգեր: Առաջիկայում կլինեն նաեւ այդպիսի ձայնագրություններ իմ գրած էստրադային երգերի հիման վրա, կփորձեմ զուգակցել, բայց ժողովրդականը միշտ ինձ համար կլինի առաջնային»,- նշեց Եվա Եգանյանը: Երգչուհին ասում է, որ իր «Էլի գարուն կգա» խորագրով ձայնասկավառակի մեջ բոլոր երգերն ունեն ժամանակակից գործիքավորում, միքսեր կան, ինչն արդիական է եւ այսօրվա: Նրա ձեւակերպմամբ՝ գործիքավորման մեջ կարելի է նորամուծություններ անել, բայց մեղեդուն չպետք է կպչել:

Եվա Եգանյանը նշեց, որ իր ձայնասկավառակի երգերի գործիքավորումն իրականացվել է Տարոն Ավետիսյանի, Խաչիկ Սահակյանի, Հովսեփ Երեմյանի, Միքայել Մայիլյանի, Արա Գեւորգյանի եւ Հովիկ Ալոյանի հետ: Ձայնասկավառակի հագուստի դիզայները Սոսե Անանյանն է, ձայնասկավառակի դիզայները՝ Սերյոժա Օհանջանյանը, իսկ լուսանկարները Արման Կարախանյանինն են:

Նա նաեւ ուրախությամբ նշեց, որ իր` երգչուհի լինելուն եւ այդ պատճառով բազմազբաղ լինելուն ընտանիքում լավ են վերաբերվում, քանի որ ընտանիքի 4 անդամներից 3-ը` ինքը, հայրը եւ եղբայրը, երաժիշտ են ու միմյանց անընդհատ օգնում են: «Մայրս երաժիշտ չէ, բայց շատ երաժշտական է, նա էլ յուրովի է աջակցում մեզ»,- հավելեց մեր զրուցակիցը:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031