Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճույք ենք ստանում ձեր կլոունությունը նայելուց». Սարի թաղի գործով նիստին դատավորը դուրս արեց դժգոհողին

Օգոստոս 07,2017 16:15

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սարի թաղի գործով» նիստին քննարկվեց Հարություն Թորոսյանին կալանքից գրավով ազատելու, խափանման միջոցը փոխելու հարցը:

Հիշեցնենք, որ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը, Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ Հարություն Թորոսյանը սրտի հետ կապված հիվանդություն ունի, որի վերաբերյալ ներկայացրել է ապացույցներ. «Նա այժմ հետազոտում է անցնում «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ներկայացվել է անհետաձգելի սրտաբանական բաժանմունքի կողմից տրված համապատասխան փաստաթուղթ, որտեղ նշված է, թե ինչ խնդիրներ ունի, նման պայմաններում նրան կալանքի տակ պահելը, ըստ էության կրում է նաեւ պատժի տարրեր, առավել եւս, որ դատական նիստերը շատ երկար ժամանակով են հետաձգվում: Հարությունն ունի մշտական բնակության վայր, երբեւէ չի խուսափել քննությունից»:

Մեղադրող կողմը հակադարձեց, ասելով, որ կալանքը փոխելու իմաստ չկա, քանի որ պետությունը կարող է կատարել իր պարտավորությունը եւ քրեակատարողականում նրա առողջական խնդիրներին ուշադրություն դարձնել. «Նայելով բժշկական փաստաթղթերը եւ ամբաստանյալի երեխայի ծննդյան վկայականը, գտնում եմ, որ այնուամենայնիվ, դրանք հիմք չեն կարող հանդիսանալ կոնկրետ դեպքում խափանման միջոցը փոխելու»:

Դահլիճում ամբաստանյալների հարազատները սկսեցին դժգոհել՝ «բա մարդը պիտի մեռնի՞, որ ձեր համար հիմք լինի»: Դժգոհեցին նաեւ, երբ մեղադրողը ցածր էր խոսում. «Մի քիչ բարձր, ախր չի՛ լսվում»: Դատավորը դժգոհողներից մեկին դուրս արեց դահլիճից: Վերջինս էլ նետեց. «Լավա ա էդ էլ գիտեք ասել, հաճույք ենք ստանում ձեր կլոունությունը նայելուց» ու դուռը շրխկացնելով դուրս եկավ:

Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը միացավ միջնորդությանը. «Գտնում եմ, ուր այս դեպքում գործ ունենք մարդու կյանքի հետ: Արդյոք այս պահին նպատակահարմա՞ր է խափանման միջոց կալանքը շարունակել կիրառել՝ արդեն որպես պատիժ: Գտնում եմ, որ կալանքը պետք է պատճառաբանված, հիմնավոր լինի եւ ծառայի իր նպատակին: Այս դեպքում ծառայում է նպատակին՝ արդեն պատժի տեսքով»:

Դատավորը Լիպարիտ Սիմոնյանին հարցրեց՝ «Կարո՞ղ եք ներկայացնել փաստաթղթեր, որով կհիմնավորվի, որ ամբաստանյալը չի կարող իր բուժումը ստանալ քրեակատարողական հիմնարկում: Սիմոնյանը հիմնավորեց. «Եթե կարողանար քրեակատարողականն ապահովել Հարությունի բուժումը, նրան չէին ուղարկի «Էրեբունի» քաղաքացիական հիվանդանոց, դա փաստ է, կան փաստաթղթեր: Եթե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն ունենար համապատասխան միջոցներ՝բուժումը շարունակելու, եթե դատապարտյալների հիվանդանոցն ունենար դրա հնարավորությունը, ապա նրան չէին տեղափոխի քաղաքացիական հիվանդանոց»:

Մեղադրող կողմը հակադարձեց, որ եթե տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց, դա ամենեւին չի նշանակում, թե չեն կարող կատարել, բուժումը կազմակերպել:

Լիպարիտ Սիմոնյանի խոսքերով՝ գործ ունենք սրտի հետ, եթե նրա մոտ իրավիճակը սկսի վատանալ, մինչեւ շտապօգնության մեքենայով նրան տեղափոխեն հիվանդանոց, ապա կարող է խնդիրներ առաջանան, կյանքին վտանգ լինի. «Չունենալով քրեակատարողական հիմնարկում համապատասխան սարքավորումներ, նման պայմաններում անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում՝ նրան պահելով կալանքի տակ»:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031