Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բնակարան գնելուց հետո 7 տարի է՝ «ազատազրկված» գնորդը՝ Արփինեն, դատարաններում է

Օգոստոս 16,2017 14:00

2014թ. դեկտեմբերի 2-ին Արփինե Մայսուրյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատավոր Գագիկ Պողոսյանն այս տարվա հունվարի 27-ին հրապարակելով դատավճիռը՝ 5 տարվա ազատազրկման դատապարտեց Արփինեին: Արփինեի պաշտպանը՝ Արթուր Ալիխանյանը, դիմելով վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջում է նրան արդարացնել: Արդեն երրորդ նիստն է, ինչ պաշտպանը ներկայացնում է իր բողոքը:

Երեկ Ա. Ալիխանյանը ներկայացրեց բողոքի այն հատվածը, ուր խոսք է գնում վկաների ցուցմունքների մասին: Երբ պաշտպանը «անհեթեթություն» որակեց նախաքննության մարմնի գործողությունները, մեղադրողը դիմեց դատարանին, որպեսզի պաշտպանի նկատմամբ դատարանը կիրառի սանկցիա, քանի որ «նա փորձում է վիրավորել վարույթն իրականացնող մարմնին»: Դատարանը նախազգուշացրեց պաշտպանին:

Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն. «Ամբաստանյալ Ա. Մայսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Արմենակ Հովհաննիսյանի հետ, 2010 թվականի սեպտեմբերի 15-ին խարդախությամբ հափշտակել է Զարուհի Պողոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը, բացի այդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, պատրաստել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող «Հայտարարություն» եւ «Ստացական» վերնագրով գրություններ, բնակարանի համար նախատեսված 10.180.000 ՀՀ դրամն ամբողջությամբ ստանալու բովանդակությամբ, որոնք էլ որպես ապացույց քաղաքացիական գործի ընթացքում 2011թ. օգոստոսի 2-ին ներկայացվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»: Քաղգործը քննել է դատավոր Էդիկ Ավետիսյանը, եւ այդ վճիռներն օրինական ուժի մեջ են մտած: Քրեական գործի նախաքննության ժամանակ Արփինեի պաշտպանը՝ Արթուր Ալիխանյանը, միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալն առերեսվի ոչ թե կեղծ վկաների հետ, որոնց նույնիսկ չէր ճանաչում, այլ՝ ոստիկանությունում հաղորդում տված, բնակարանը վաճառած տիկնոջ հետ: Առերեսում չկազմակերպվեց, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի դատաքննությունն ընթացավ առանց «տուժողի», քանի որ նա արդեն մահացել է: Ի դեպ, վերաքննիչ դատարանում նրա աղջիկն է հանդես գալիս որպես իրավահաջորդ:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի Կենտրոնականի քննչական բաժին դիմեց Զարուհի Պողոսյանը: Նա հայտնել էր, թե Խանջյան փողոցի իրենց բնակարանը վաճառելու նպատակով առքուվաճառքի պայմանագիր է կնքվել Արփինե Մայսուրյանի հետ: Պաշտպանն ասաց, թե ըստ գործում եղած ապացույցների, 2010թ. բնակարանը գնել էր Ա. Մայսուրյանը, նոտարական գործարքը կատարվել էր Կենտրոնի նոտարական գրասենյակի նոտար Մարինե Մանուկյանի միջոցով: Վերջինս իբրեւ վկա հանդես գալով՝ հայտնել էր, որ նոտարական վավերացման ժամանակ թե բնակարանը գնողը, թե Զարուհի Պողոսյանը օրենքով սահմանված կարգով են դիմել իրեն, ամեն ինչ եղել է օրինական հիմքերի վրա, վավերացման ժամանակ այդ երկուսից բացի, որեւէ մեկը ներկա չի գտնվել: «Եթե որեւէ կասկած ունենայի, գործարք չէի անի»,-ասել էր նոտարը: «Նոտարը իրենց ներկայությամբ բարձրաձայն կարդաց առուվաճառքի պայմանագիրը, Զ.Պողոսյանին հարցրեց, թե արդյոք գումարը ամբողջությամբ ստացե՞լ է, թե՞ ոչ, նույնիսկ երկու անգամ կրկնել է՝ վստա՞հ եք, նորմա՞լ է ամեն ինչ, իսկ Զ.Պողոսյանը ձեռքերը դնելով պայուսակի վրա, հայտնել է, որ իր մոտ է գումարը, եկել է գործարքը կնքի, գնա»,-արձանագրվել էր դատարանում: Նույն օրը բնակարան վաճառողը նույն նոտարի մոտ մեկ այլ գործարք էլ էր կատարել՝ քսան հազար դոլարի չափով գումար էր տրամադրել ոմն Արմենակի: Արմենակը, մինչ անհետանալը, պնդել էր, թե գումար է վերցրել եւ այն կվերադարձնի, բայց փորձել էին կեղծ վկաների միջոցով Արմենակին «կապել» Արփինե Մայսուրյանի անվան հետ, չէր հաջողվել: Արփինեն մեկ այլ անբարո փորձություն էլ էր անցել. դատաբժշկական ստուգման էին ենթարկել, պարզվել էր, որ նա կույս է:

Պաշտպանը դիմեց դատարանին, որպեսզի իր կողմից նշված ապացույցները դատարանի կողմից վերաբերելի չհամարվեն: Խոսքը հանգուցյալ Զ.Պողոսյանի մտերիմ-հարազատների՝ Վրեժ Դանիելյանի, վիճելի բնակարանը նախկինում գնած, չգիտես ինչու, Կոտայքի մարզի նոտարի՝ Ռիմա Մաթեւոսյանի մոտ վավերացրած Ներսես Վարդանյանի, Ժենիկ Մեհրաբյանի, Աննա Գեւորգյանի, որը դատարանում իրավահաջորդ ներկայացած Հասմիկ Պողոսյանի մտերիմներից է, Գեղամ Ազիզյանի եւ այլոց ցուցմունքների մասին էր: Մի օրինակ բերեմ ընդամենը. Ժենիկ Մեհրաբյանը հայտարարել էր, թե քննիչի մոտ է գնացել հինգ անգամ: Գործի նյութերում կա մեկ բացատրություն եւ մեկ առերեսման արձանագրություն: Մնացած անգամ ինչո՞ւ է վկան գնացել քննիչի մոտ, բարձրաձայնեց նաեւ փաստաբանը:

Պաշտպան Արթուր Ալիխանյանն ասաց, թե մեղադրողը դատակոչի ցուցակում չէր ընդգրկել Արփինեի մորը՝ Կարինեին, վկաներ Հասմիկ Հարությունյանին, համարելով, թե նրանք պաշտպանական կողմինն են:

Սակայն իր միջնորդությունից հետո մի քանի վկաների դատարան կանչել են: Մասնավորապես, Արփինեի մայրը՝ տիկին Կարինեն հայտնել էր, թե ինքը ամուսնու, որդու հետ բնակվել է Ուկրաինայում: Իրենք ցանկացել են Հայաստանում մոտ երեսուն հազար դոլարի չափով բնակարան գնել: Արփինեն քառասունհինգ հազար դրամով վարձակալել էր բնակարան, աշխատում էր խոհարար ՍՊ ընկերություններից մեկում: Արփինեն մի քանի անգամ գնում է անշարժ գույքի շուկա, որտեղ էլ նրան է մոտեցել Զարուհի Պողոսյանը: Վերջինս ասում է, թե ցանկանում է վաճառել Խանջյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը՝ երեսուն հազար դոլարով: Պայմանավորվածության համաձայն, բնակարանը տրվելու էր 28 000 դոլարով: Դուստրը նախ հինգ հարյուր դոլար է տալիս Զ.Պողոսյանին, որպեսզի նա կարողանա բնակարանի սեփականության վկայականի հետ կապված հարցերը լուծել, ապա 27 500 դոլարը: Գումարը ստանալուց հետո գնում են նոտարի մոտ, գումարը ստանալու մասին ստացական է տալիս: Ի դեպ, ստացականը ենթարկվել է դատաձեռագրաբանական փորձաքննության, եւ փորձագետը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ Զարուհին ինքն է ստորագրել եւ գրել, գրառումները նրանն են:

Նիստի ժամանակ շարունակ ժպտում էր տուժողի իրավահաջորդ դուստրը, որի ներկայացուցիչ Անուշ Հակոբյանը բացակա էր: Պաշտպանի՝ դատարանի ուշադրությանը գրավելու հայտարարությանը դատարանը պատասխանեց, թե չի կարող «սանկցիա կիրառել» ներկաների ժեստերի ու ժպիտի վրա, հորդորեցին փաստաբանին՝ նրա կողմը չնայել:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031