Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարի նոր առաջարկը՝ ուսուցիչների մասին. «Եթե խնդիր լինի, պետք է ոչ թե գնան թաղային հեղինակության մոտ, այլ՝ ուսուցչի» (Ֆոտոշարք)

Օգոստոս 22,2017 15:49

Մենք ունեինք մտահոգություններ, ժամանակն է ուշադրություն դարձնել կրթության որակին, որ հետո չկանգնենք կոտրած տաշտակի առջեւ: Այդ մասին այսօր կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա ներկայացրեց «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը եւ ասաց, թե ոլորտում ինչ մտահոգություններ կան. «Մտահոգիչ է այն, որ բարձրագույն կրթական համակարգում մեր բակալավրիական շրջանավարտների շուրջ 70 տոկոսը հումանիտար կրթության ներկայացուցիչներ են: 30 տոկոսի մի զգալի հատվածը տանում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագիտությունների ցանկը, մեծ մտահոգություն ունենք բնական գիտությունների կրթության պահպանման իմաստով»:

Նախարարը նշեց, որ լուրջ մարտահրավեր է նաեւ այն, որ 87 հազար ուսանողությանը սպասարկում են 65-ից ավելի համալսարաններ. «Սա լուրջ մարտահրավեր է եւ ուղղակիորեն վտանգում է մեր կրթական համակարգի որակը»: 1400 դպրոցների մի հսկայական զանգված ունենք, որտեղ ունեն 10, 20, մինչեւ 100 աշակերտ:

Ըստ Լեւոն Մկրտչյանի, կրթական համակարգը ժամացույցի են նմանեցնում, եթե ժամացույցի մի փոքր օղակ էլ չի աշխատում՝ ժամացույցը սխալ է աշխատում: Հիմա հարց է՝ մեր ժամացույցն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Ըստ Լեւոն Մկրտչյանի, մանկապարտեզից մինչեւ ակադեմիկոս, մենք մեր ֆունկցիան կատարում ենք. «Կարող է այդ ժամը մի քիչ հետ է ընկնում, առաջ է ընկնում, ուզում ենք ավելի հստակ ցույց տա, բայց այն աշխատում է եւ դա այն հենքն է, որի վրա պետք է նստեն բարեփոխումները»:

Մինչեւ 2030-ը ընկած ժամանակաշրջանում կրթության զարգացման ծրագիր պետք է մշակվի՝ հանրակրթության պետական ծրագիրը, երկրորդը՝ բարձրագույն կրթության համալիր զարգացման ծրագիր պետք է լինի եւ մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումների ծրագիրը:

Նախարարը հայտարարեց. «Ամեն ինչ կմնա թղթի վրա, եթե չկարողանանք մեր վերաբերմունքը փոխել մեր կրթական համակարգի նվիրյալների հանդեպ՝ ուսուցչական համակազմ: Շուրջ 37 հազար ուսուցիչ կատարում են իրենց պարտականությունը, մի մասը՝ ամբողջական նվիրումով, մի զգալի մասը՝ դժգոհելով, բայց հասկանալով գործի կարեւորությունը, եւ կա մի մաս՝ պատահական հատված, որոնց համար կրթությունը պարզապես աշխատատեղ է կամ իրենց ընթացիկ ժամանակը ծախսելու տեղ: Մենք պետք է արմատապես փոխենք մեր վերաբերմունքը եւ նոր որակ սահմանենք: Միայն խոսքերով ուսուցչի կարեւորությունը չի շեշտվում»:

Լեւոն Մկրտչյանն ասաց, ծրագիր պետք է մշակեն, որը կօգնի ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ մեծացնել, հակառակ դեպքում մնացած ծրագրերը մեծ վտանգի են դատապարտելու. «Ուսուցչի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխենք երկու հարթությամբ՝ մասնագիտական որակին ներկայացվող պահանջները եւ ուսուցիչը՝ որպես մեր հասարակության ամենաակտիվ նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը, որի ապրելակերպը պետք է համազոր լինի այն առաքելությանը, որը կոչված է իրականացնել»: Նախարարը հիշեցրեց, թե դարեր ի վեր ինչպես են մարդիկ վերաբերվել վարժապետներին. «Հայ հասարակության ամենակարեւոր օղակներից են եղել վարժապետները: Պարտավոր ենք այդ ամենը վերադարձնել հասարակությանը:

Ուսուցչի դերի արժեւորման ճանապարհին ձեր օգնության կարիքն ունենք»:

Լեւոն Մկրտչյանի խոսքերով՝ ուսուցիչը պետք է հանգիստ, հպարտ քայլի մեր պետությունում. «Եթե գյուղում, թաղում խնդիր լինի, ոչ թե գնան թաղային հեղինակության մոտ, այլ՝ ուսուցչի մոտ գնան: Ոչ թե տնօրենը, ուսուցիչը գնա ծառայի թաղային հեղինակությանը՝ առանց հասկանալու, թե ինչ վնաս է տալիս մեր երկրին»:

Այսպիսով, նախարարը հայտարարեց օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը, մարզերից առաջիկայում պետք է նույնպես ներկայացնեն իրենց դիտարկումները, առաջարկությունները եւ Ուսուցչի օրը՝ հոկտեմբերին այն կարողանան ներկայացնել հանրությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031