Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հասկանալ խոնարհությունը, որն ունի 2 կարեւոր բաղադրիչ

Օգոստոս 23,2017 13:00

Մեր օրերում խոնարհությունը շատերի մոտ նկատվում է թուլության նշան: Երբ մարդկանց հետ խոսում ես խոնարհության մասին, շատերին թվում է, թե լինել խոնարհ՝ նշանակում է լինել հարիֆ, կորած -մոլորած ու թուլամորթ: Բայց խոնարհությունն ամենեւին սա չէ: Օրինակ, երբ Տեր Հիսուսը խոնարհ կերպով մտավ Երուսաղեմ, նստած ավանակի վրա, այլ ոչ թե որպես սպիտակ ձիավոր, մտավ տաճար ու տեսնելով այնտեղի վաճառականներին, դուրս վռնդեց նրանց ու ասաց, որ Աստուծո Տունը պետք է աղոթքի տուն լինի: Համաձայնեք, որ սա թույլ մարդու գործ չէ: Թույլ մարդը չի համարձակվի ընդդեմ գնալ մի ամբողջ բազմության ու նրանց շահին: Թույլ մարդը սեփական անձը կամավորապես չի դնում մի ամբողջ մարդկություն փրկելու համար:

Ուրեմն ի՞նչ է խոնարհությունը եւ ինչպե՞ս դա հասկանալ այսօր: Երբ Աստուծո Խոսքը սովորում ենք ուղղափառ հավատքի մեկնությամբ, տեսնում ենք, որ խոնարհությունը երկու շատ կարեւոր բաղադրիչներ ունի: Առաջին: Խոնարհվում է այն մարդը, ով որ կարողանում է իր սեփական մեղքերը տեսնել: Առավել եւս, ով որ կարողանում է իր սեփական մեղքերը տեսնել ինչպես ծովի ավազը: Այս մեղքերը մեր վրա գալիս են կրքերի միջոցով: Օրինակ՝ հպարտություն, նախանձ, ատելություն, ինքնահավանություն, փառասիրություն, որկրամոլություն եւ այլն: Երկրորդ: Խոնարհվում է այն մարդը, ով սեփական մեղքերը տեսնելով հասկանում է, որ ինքը միայնակ չի կարող այդ կրքերի դեմ պայքարել ու հաղթել: Նա հասկանում է, որ ինքն իրենից չունի այդ միջոցները, որոնցով նա կարող է միայնակորեն հաղթել այդ կրքերին, այլ որ իրեն օգնություն է պետք ու այդ օգնությունը միայն Քրիստոսն է: Խոնարհվում է այն մարդը, ով հասկանում է, որ միայն Քրիստոսի օգնությամբ ինքը կարող է պայքարել այս չար կրքերի դեմ ու հաղթել դրանց: Այս երկու մտքերով, մարդն սկսում է իրապես խոնարհվել: Նա սկսում է հասկանալ, որ ինքն օր օրի մեռնում է, ու քիչ ժամանակ ունի իր վիճակը շտկելու: Նա իրեն սկսում է նայել որպես մեռնող ոչնչության ու դա իրեն բարձրացնում է: Նա սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում Տեր Հիսուսի այն խոսքերը, թե՝ «առանց ինձ ոչինչ չէք կարող անել» (Հովհ. 15:5), ու նա այստեղ արդեն իսկապես կանչում է Տեր Հիսուսին օգնության: Նա իրեն նայում է որպես մեռնող հիվանդի, ու հավատում, որ միայն Տեր Հիսուսն ունի անմահության դեղը: Նա սկսում է պատվիրաններով ապրել ու ամեն կիրակի եկեղեցի գնալ Տեր Հիսուսի հետ հաղորդվելու, նրա հետ միավորվելու, նրան իր մեջ պահելու ու ինքը նրա մեջ մնալու համար: Այսպիսի մարդը սկսում է սիրել իր շրջապատի մարդկանց ու կարեկցել նրանց: Նա գիտի, որ այս մարդիկ նույնպես գտնվում են չար կրքերի գերության տակ ու թե որքան դժվար է դրանց դեմ պայքարելը: Խոնարհ մարդը սկսում է դիմանալ նրանց սխալներին, սիրել նրանց ու համբերատար լինել այդ մարդկանց նկատմամբ: Նա գիտի, որ Աստված նույնպես սիրում է այս մարդկանց: Որ Աստված համբերեց իր մեղքերին, մինչեւ որ ինքը գա այս հասկացողության եւ հիմա էլ Տերը համբերում է իր շրջապատի մարդկանց: Ու ինքը, եթե սիրում է այս մարդկանց, պիտի համբերատար լինի այս մարդկանց նկատմամբ:

Երբ դու տեսնում ես քո սեփական մեղքերը ու հասկանում, որ առանց Քրիստոսի չես կարող պայքարել դրանց դեմ, ապա դու հասկանում ես, որ այս ամենը նույնքան դժվար է մյուս մարդկանց նկատմամբ: Դու սկսում ես նրանց կարեկցել, սիրել ու ներել նրանց սխալները, նույնիսկ երբ նրանք ներողություն չեն խնդրում: Դու սկսում ես քեզ վիրավորողին սիրել նույքան, ինչքան որ սիրում էիր նախքան նրա վիրավորանքը: Սիրելի բարեկամներ, ինչպես տեսնում եք, խոնարհությունն այն չէ, ինչպես շատերը փորձում են սխալ մեկնաբանել ու դրա պատճառով մարդկանց վանել խոնարհության ձգտումից: Ամեն մարդ պետք է ձգտի խոնարհ լինել, որովհետեւ Աստված ինքը խոնարհ է (Մթ. 11:29), եւ շնորհ է տալիս միայն խոնարհներին (Հակոբոս 4:6): Դուք էլ սկսեք այս գործը: Քննեք ձեր անձերը, տեսեք ձեր մեղքերը, սխալները ու Քրիստոսին կանչեք օգնության: Բացեք ձեր սրտերը նրա առաջ ու նրան ընդունեք ձեր սրտերի, ձեր մտքերի ու հիշողության մեջ: Ու հարցրեք նրանից՝ «Տեր, ինչպե՞ս ապրեմ իմ կյանքը քեզ հետ»: Հավատացե՛ք, նա ձեզ հաստատ կառաջնորդի, կսովորեցնի ու ճանապարհ ցույց կտա:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/armen.hareyan

 

«Առավոտ»

22.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031