Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոռեժիսոր, այկիդոյի սեւ գոտիների ազգային ֆեդերացիայի նախագահի հերթական աշխատանքը

Օգոստոս 23,2017 14:00

Կինոռեժիսոր Արման Մազմանյանը շուրջ 50 ֆիլմի հեղինակ է:

Արժե  դրանցից մի քանիսը հիշատակել: Նրա վավերագրական աշխատանքներից «Հավերժ սիրո ճանապարհը» 2007թ. Իտալիայում մրցանակ ստանալուց հետո շուրջ մեկ տարի չէր իջնում տեղի հեռուստաալիքների էկրաններից, «Արարատի երկու կողմերը» ֆիլմը 2009թ. արժանացել է Հունգարիայում կայացած կինոփառատոնի գլխավոր մրցանակին, իսկ  արվեստագետի «Իմ ճանապարհորդությունը Իտալիա» աշխատանքը 2010թ. «շրջեց» աշխարհով մեկ: Արվեստագետը 2016թ.  Ազգային օպերային թատրոնում իրականացրեց Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերան: Վերջին նախագծի հեղինակը Գյումրիի Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրն էր, մեծավորուհի քույր Արուսյակ Սաճոնեանի առաջնորդությամբ, մասնակցությամբ կրթահամալիրի, Հայաստանի կամերային երգչախմբերի,  մենակատարների՝ ղեկավարությամբ Ռոբերտ Մլքեյանի:

Նա իրականացնում է նաեւ զբոսաշրջությանն աջակցող նախագիծ, նկարահանել է 20 ֆիլմ Սանկտ Պետերբուրգում, 25-ը՝ Հայաստանում: Արման Մազմանյանը նաեւ այկիդոյի սեւ գոտիների ազգային ֆեդերացիայի նախագահն է 2012թ.-ից, սեւ գոտի 4-րդ դանի վարպետ: Մարզչական աշխատանքի է անցել 2000թ.-ից:Սեպտեմբերի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Մազմանյանի «Մարտարվեստներ-մարտիկի ճանապարհ» ֆիլմի պրեմիերան: «Առավոտի» հետ զրույցում Արման Մազմանյանն ասաց, որ իր նպատակն է եղել լայն հանրությանը ծանոթացնել մարտարվեստի տարբեր ձեւերին: «Ֆիլմում կհանդիպեք այդ ձեւերից 10-ը՝ այկիդո, բրազիլական ջիու-ջիցու,  տեկվանդո,  կիոկուշինկայ, խապկիդո, ավանդական կարատե, կարատե շոտուկան, մուայթայ, կոնֆու, սանդա: Նպատակ եմ ունեցել նաեւ, որ այս ձեւերով զբաղվողների համագործակցությունն ավելի սերտ լինի»,- հայտնեց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, թե մեր օրերում մարտարվեստի ձեւերին կարելի է ծանոթանալ նաեւ համացանցից, պարոն Մազմանյանն ասաց. «Իհարկե, կարելի է, բայց համացանցում այցելուն պարզապես կխճճվի: Ես փորձել եմ ներկայացնել այդ 10 ձեւերի պատմությունը, առանձնահատկությունը՝ հնարավորինս մատչելի եւ  հասանելի»:Ֆիլմի գլխավոր «դերակատարը» ինքը՝ Մազմանյանն է, որն այցելում է վերոնշյալ ֆեդերացիաներ, ծանոթանում այդ մարտարվեստների հնարներին ու վերջիններս ներկայացնում հենց ֆեդերացիաների ղեկավարների հետ:

Շուրջ 60 րոպե տեւողությամբ ֆիլմի ստեղծմանը մասնակցել է այկիդոյի սեւ գոտիների ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Արմենակ Ղազարյանը: Ի դեպ, սպորտի ոլորտում սա մարտարվեստների ձեւերը ներկայացնող առաջին էկրանավորումն է:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ տեսարաններ «Մարտարվեստներ-մարտիկի ճանապարհ» ֆիլմից:

«Առավոտ»

22.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031