Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԵԱՏՄ-ական «երազանքը», «ԻՊ»-ի ադրբեջանցի զինյալներն ու «անխռով» Պուտինը

Օգոստոս 24,2017 12:00

Եթե Պուտինը գրկաբաց ընդունի Թուրքիային ԵԱՏՄ

Մինչ Հայաստանում դեռ շարունակում են ծանրութեթեւ անել մեր երկրի` ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը, փորձում են օգուտներն ու վնասները հաշվել, ուշագրավ տեղեկություն ստացվեց պաշտոնական Անկարայից: Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ՝ հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին. «Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ հաստատել նաեւ այլ համագործակցություն»։

Պաշտոնական Երեւանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մակարդակով է պատասխանել Թուրքիայի մտադրությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասել է. «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի եւ ԵԱՏՄ մաքսային տարածքի միջեւ»:

Թուրքիան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին միանալու իր մտադրությամբ, ՌԴ-ի սահմանած պատժամիջոցներից միլիարդների վնասներ կրած` Մոսկվայի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ հերթական ժեստն է իրականացնում: Անկարայի համար հեշտ ժամանակներ չեն, եւ Թուրքիայի իշխանությունները ելք են փնտրում դեպի եվրասիական տնտեսական տարածքի շուկա:

Մոսկվայի համար էլ, թերեւս, ԵԱՏՄ-ի կշիռն ավելացնելու ճանապարհին Անկարայից նման հայտարարությունը բավական շոյիչ է: ԵՄ երկրների հետ հարաբերությունները լարած Էրդողանին Պուտինը գրկաբաց կարող է ընդունել, իհարկե, եթե ռուսական շահերի տեսանկյունից Թուրքիայի ԵԱՏՄ-ացումը առարկայական օգուտներ խոստանա Մոսկվային:

Այլ հարց է, թե ինչ կշահի Հայաստանը, եթե Թուրքիան իսկապես ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրի, որի արդյունքում, պարզ է, որ Թուրքիան կգրավի ռուսական շուկան, որում հաստատվելու ճանապարհը Հայաստանի համար այնքան էլ հարթ չէ:

Առհասարակ, Ռուսաստանը ոչ միայն Թուրքիայից, այլեւ Ադրբեջանից կցանկանար նման հայտարարություն լսել, որը, սակայն, ոչ մի կերպ չի հնչում: Ռուսական մամուլն ու փորձագիտական շրջանակները մի փուլում ակտիվորեն քննարկում էին Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին թեման, բայց կրքերը հանդարտվեցին: Ըստ ամենայնի, Բաքվին առայժմ հաջողվում է շրջանցել այս հարցը:

Թուրքիայի նախագահը մտադիր է հաջորդ ամիս այցելել Ադրբեջան: Ըստ թուրքական մամուլի` Էրդողանը երկօրյա այցով Բաքու կժամանի սեպտեմբերի 10-ին, ապա կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին:

Առհասարակ, Թուրքիա-Ադրբեջան փոխհարաբերություններում էլ վերջին մեկ ամսվա ընթացքում ուշագրավ զարգացումներ են ընթացել, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Անկարա-Բաքու հարաբերություններում այնքան էլ ամեն ինչ հարթ չէ, որքան կարող է թվալ:

Թուրքիան ձերբակալում է «ԻՊ»-ի ադրբեջանցի զինյալներին

Հուլիսի կեսերին մի ուշագրավ տեղեկություն հայտնվեց ադրբեջանական կայքերում: Թուրքիայի կառավարությունը հրապարակել էր «Թուրքիայի պայքարն ընդդեմ Իսլամական պետության» զեկույցը, որում ադրբեջանցիները արտաքսվածների եւ դեպի Թուրքիա մուտքի իրավունքից զրկվածների ցուցակում տեղ էին գտել առաջին տասնյակում: Ադրբեջանցիները կասկածվում էին ԻՊ ահաբեկչական գործողություններին մասնակցություն ունենալու մեջ:

Հուլիսին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն` ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով Թուրքիայից արտաքսվել էին 252 Ադրբեջանի քաղաքացիներ, 1677 Ադրբեջանի քաղաքացի էլ նույն կասկածանքով զրկվել էին Թուրքիա մուտքի իրավունքից:

Փաստորեն, «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում Թուրքիայում անընդհատ տեղի ունեցող ձերբակալությունների շարքում մեծ թիվ են կազմում նաեւ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունները: Եվ ահա անցյալ շաբաթ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» մի ուշագրավ հոդված հրապարակեց` «Արեւմուտքը չի վստահում Ադրբեջանին ԻՊ-ի դեմ պայքարում» վերնագրով, որտեղ առավել մանրամասն տեղեկություններ էին հրապարակվել: Սիրիայի հետ սահմանին՝ Իմանլի բնակավայրի մոտ ձերբակալվել էին 5 մահապարտ ահաբեկիչներ, որոնցից 3-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ:

«Թուրքերին ապշեցրել է այն, որ ձերբակալվածներից 2-ը կին են՝ 37-ամյա Գուլնար Շիրմամեդովան եւ 42-ամյա Նազենին Զեյնալովան»,- գրել էր «Նեզավիսիմայա գազետան», հավելելով, որ Ադրբեջանը՝ որպես «Իսլամական պետության» համար կադրերի աղբյուր, ավելի վաղ հիշատակվել էր դեռ Անվտանգության եւ տեղեկատվության եվրոպական կենտրոնի (DESI) գլխավոր քարտուղար, Մերձավոր Արեւելքում մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովի (IHRC) հանձնակատար Հայսամ Աբու Սայիդի կողմից: Աբու Սայիդն ընդգծել էր, որ ԻՊ-ի կողմից կռվող ադրբեջանցի զինյալները սպառնալիք են ներկայացնում, մասնավորապես, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Բելգիայի համար: «Ջիհադիստների տեղափոխումը Սիրիայից Եվրոպա՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից իրականացվում է Թուրքիայով: Սահմանի վրա առաջացած «գրպանների» եւ տեղաբնակներին կաշառելու միջոցով զինյալները հայտնվում են մասնավորապես Ստամբուլում: Ստամբուլի հարուստ վայրերում նրանք մի լավ հանգստանում են, իսկ հետո Թուրքիայում ընդհատակ են անցնում կամ իրենց պարագլուխների հրահանգով տեղափոխվում այլ երկրներ: IHRC-ի զեկույցում հիշատակված Բելգիան, ըստ արեւմտյան փորձագետների, ահաբեկիչների կանգառն է եւ գործողությունների կենտրոնը ամբողջ Եվրոպայում: Վերվիեյում՝ Լիեժից ոչ հեռու, գտնվում է հակառուսական տրամադրություններ ունեցող վայնախների կողմից հիմնված «Կովկասյան մշակութային-հետազոտական կենտրոնը»: Բրյուսելում է գտնվում «Ալ-Սալիհուն» իսլամական մշակութային կենտրոնը, որը նույնպես հիմնել են վայնախները: Ադրբեջանցի ահաբեկիչները հեշտությամբ հարմարվում են բելգիացի վայնախների մոտ՝ հաշվի առնելով ռուսերենի իմացությունը եւ «պատմական խորհրդանիշների» ընդհանրությունը: Վայնախ սալաֆիների կողմից երկրպագվող Շամիլ Բասաեւը հերոս է նաեւ Ադրբեջանի ջիհադիստների համար: Իսկ Թուրքիան տարվա երկրորդ կեսից սառեցնում է երբեմնի ջերմ զգացմունքները ադրբեջանցիների նկատմամբ»,- նշվում է հոդվածում:

«Նեզավիսիմայա գազետան» եւս հիշեցնում է ամռանը Թուրքիայի ՆԳՆ-ի հրապարակած փաստաթուղթ, ըստ որի, ահաբեկչությանը հարելու կասկածանքով երկրից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի, եւս 1677-ի մուտքը Թուրքիա արգելվել է: «Հուլիսի կեսերից Բաքվում ընթանում է Այդին Գյուլմամեդովի եւ Ամրան Իմանովի դատավարությունը, որոնք, ըստ քննության, անցյալ տարվա հոկտեմբերին Սումգայիթում հավատարմության երդում են տվել ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիին: Սումգայիթը, որը հայտնի է 1988թ. հայկական ջարդերով, Ադրբեջանում հայտնի է որպես ջիհադիստների մայրաքաղաք եւ երկրում ԻՊ-ի հիմնական հենակետ», -գրում է թերթը:

Ադրբեջանում ճգնաժամ է մոլեգնում

ԽՍՀՄ փլուզումից հետո Սումգայիթում հոգեւոր իշխանությունն անցավ սալաֆիների ձեռքը, հավելում է «Նեզավիսիմայա գազետայում» հոդվածագիրը. «Սումգայիթից Բաքու 30 կմ է, հետեւաբար սալաֆիներն առանց դժվարության իրենց ձեռքն են վերցրել մայրաքաղաքի շրջակայքը եւ Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան շրջանները: 8 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանում կա 1 մլն սալաֆի՝ մի ամբողջ բանակ: Այդ բանակի մեջ են մտնում տեղի լեզգիներ, ավարներ, ցախուրներ: Լինելով սուննիներ՝ նրանք անցնում են սալաֆիզմի: Բաքվում կան նախկին սուննիների ամբողջ թաղամասեր, որոնք դարձել են կամ վահաբիներ, կամ «Նուրջուլարի» հետեւորդներ: Սումգայիթի բնակչության կեսը կազմող սալաֆիները ռիսկային խումբ են սալաֆիզմի եւ ԻՊ գաղափարների տեսանկյունից: Կովկասում ժամանակին սարսափ սփռող «Դաղստանի ամիր» Իլգար Մոլաչիեւը Բասաեւի եւ Խատտաբի զինյալն էր, որը վահաբի է դարձել Սումգայիթում»: Կենդանության օրոք Մոլաչիեւը պարբերաբար տեղափոխվում էր Ռուսաստանից Ադրբեջան՝ հաճախ սահմանը հատելով կաշառքի միջոցով: «Մահից առաջ Մոլաչիեւը կարողացել էր ներթափանցել Դաղստան, երբ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը նրա դեմ հատուկ գործողություն էր անցկացնում՝ փակելով բոլոր ելքերն ու մուտքերը»,- թերթի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ֆահրեդդին Աբասզոդան: Ապա հավելում. «Այդ հանգամանքը ստիպեց կասկածել ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի վրա, որի քթի տակով փախել էր Ադրբեջանի ամենափնտրվող ահաբեկիչը: Երբ Մահմուդովին 2015թ. հոկտեմբերին՝ Գյանջայում եւ Նարդարա շիական հուզումներից առաջ, հեռացրին պաշտոնից, նախարարությունը լուծարեցին, նախկին նախարարի ենթակաների դեմ քրեական գործեր հարուցվեցին, իսկ հակաահաբեկչական վարչության փոխղեկավարը կախվեց բանտում: Պարզվեց, որ Մահմուդովի օրոք ազգային անվտանգության նախարարությունը զբաղվել է ջիհադիստներից կաշառք վերցնելով: Կաշառքի դիմաց ջիհադիստին թույլատրվում էր ձեռքում ունենալով օրինական փաստաթղթեր, Թուրքիայով անցնել Սիրիա: Ինչն ավելի կարեւոր է՝ իր պաշտոնը Մահմուդովն օգտագործում էր գումարներ շորթելու համար Ադրբեջանի միջազգային բանկից, որի ղեկավարը նրա քրոջ ամուսինն էր՝ Ջահանգիր Հաջիեւը: Իրենց դիրքն օգտագործելով՝ Հաջիեւը եւ Մահմուդով Ադրբեջանի միջազգային բանկից գողացել են առնվազն մի քանի միլիարդ դոլար»:

Թերթն այնուհետեւ հիշեցնում է, որ Ադրբեջանի միջազգային բանկն այդ երկրի վարկային համակարգի սիրտն է, որի միջոցով, մասնավորապես, իրականացվում է SOCAR պետական նավթային ընկերության եւ Հեյդար Ալիեւի հիմնադրամի վարկավորումը: Թերթի հետ զրույցում ադրբեջանցի լրագրողներն ու փորձագետները պատմել են, որ բանկիր Հաջիեւը եւ նախարար Մահմուդովն իրենց պաշտոնով պարտական էին Փաշաեւներին, որը երկրի առաջին տիկնոջ հոր կլանն է եւ իր նշանակությամբ՝ երկրորդը: Քաղաքագետ Ֆիքրեթ Շաբանովը թերթին պարզաբանել է. «Նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ կլանների միջեւ վաղեմի պայքար է ընթանում երկրում իշխանության համար: Ալիեւը վերացնելով Մահմուդովին եւ լուծարելով ազգային անվտանգության նախարարությունը, որը Մահմուդովը ղեկավարում էր 2004-ից, հաշվեց, որ դրանով վերացրել է իրեն հակադրվող կլանի գործիքները, եւ քայլ է կատարում երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ: Արդյունքում՝ Ալիեւն իր իսկ ձեռքերով թուլացրեց երկրի պետական անվտանգության համակարգը, ինչից օգտվում են վահաբիները: Նրանք նախկինում էլ ուժայինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքների պատճառով միանգամայն հանգիստ էին իրենց զգում երկրում: Այժմ, սակայն, Ալիեւը սալաֆիների ժամանակը չունի»: Ըստ հոդվածագրի` «Երկրում մոլեգնում է ճգնաժամ, աճում է սոցիալական դժգոհությունը, իսկ Փաշաեւների կլանին ակնհայտորեն քիչ է այն, որ Իլհամ Ալիեւը հանուն իրենց փոխեց սահմանադրությունը եւ իր կնոջը դարձրեց երկրի փոխնախագահ: Ադրբեջանի միջազգային բանկը՝ Ադրբեջանի տնտեսական սիրտը, սնանկության եզրին է»:

Հոդվածագիրն ամփոփում է. մայիսի վերջին մի շարք վարկանիշային գործակալություններ անվստահություն հայտնեցին Ադրբեջանի միջազգային բանկին, իսկ ավելի ուշ Մերձավոր Արեւելքում մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովը հայտարարեց, որ մի շարք երկրների հատուկ ծառայություններ, որոնց մեջ է մտնում Ադրբեջանը, կորցրել են իրենց արեւմտյան գործընկերների վստահությունը «Իսլամական պետության» դեմ պայքարելու հարցում: Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվել էր, որ «սնանկ պարտապանները» տնտեսապես սերտ կապված են արաբական երկրների հետ, ինչի պատճառով տեղի է ունենում կարեւոր տեղեկությունների գաղտնազերծում, որի պատճառով էլ Ադրբեջանում հակաահաբեկչական գործողությունը դառնում է «ակնհայտորեն անարդյունավետ»:

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում… Ստացվում է, «ԻՊ»-ի ադրբեջանցի զինյալները Թուրքիայի, նաեւ Ռուսաստանի համար ինչ-որ պահից կարող են լրջագույն խնդիր դառնալ: Մեկ ամիս առաջ Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը «Սիրիուս» ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայանալիք հանդիպման մասին՝ նրան «խնդիր» էր անվանել. «Խնդիր կունենամ մեկ ժամից: Մեկ ժամից հանդիպում եմ Ադրբեջանի նախագահի հետ»: Պուտին-Ալիեւ նշյալ հանդիպման մասին առանձնապես տեղեկատվություն չտարածվեց, եւ չի կարելի բացառել, որ այդ բանակցություններն իսկապես բարդ են եղել:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

23.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031