Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուխով տղերք եք, բերեք ու պատժեք ՀՀՇ-ի տարիներին թալան արած մարդկանց»

Օգոստոս 24,2017 14:00
aram sargsyan

Արամ Սարգսյանը «Ելքի» անդամներին առաջարկում է
կոմունիստներից երկիրը մաքրելու փոխարեն մաքրել
ՀՀՇ-ականներից, գող ու ավազակներից

«Միկոյանի արածների մեջ այնքան բաներ կան Հայաստանի եւ հայերի համար, հիմա էդ ամբողջը մի կողմ դնել եւ ասել, թե 37 թվին սա՞ է եղել: Կասյանի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ առանձնապես կարծիք էլ չունեմ իր մասին, բայց կոնկրետ դե եկեք Ալեքսանդր Մյասնիկյանի նշանակությունը ջնջենք, հնարավո՞ր է, դե եկեք Աղասի Խանջյանին ջնջենք, որը Չարենց է պահել, «Ես իմ անուշ Հայաստանինը» գիտեմ ինչ ձեւով է պահպանել: Նրան կարելի է ապազգային մա՞րդ համարել»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով «Ելքի» առաջարկի մասին՝ վերանվանելու ռուս բոլշեւիկների, կոմունիստների անուններով փողոցները՝ ասաց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Ըստ նրա, այդ ամբողջը պետք է հասկանալ, պատմություն ուսումնասիրել, գրագիտություն ունենալ: Արամ Սարգսյանը գտնում է, որ «Ելքն» իր PR-ի համար է այդ հարցերը բարձրացնում. «Քաղաքում ուրիշ խնդիր չկա՞, եկեք ծախսեր անենք, որպեսզի Լենինգրադյանը դառնա չգիտեմ ինչյան, հետո՞: Եթե արժանի մարդկանց ունենք, եկեք նոր փողոց կառուցենք: Եթե Ազգալդյանն իմանար, որ էս ձեւով են ուզում իր անունն անմահացնել, շատ կվրդովվեր, կարծում եմ: Ազգալդյանին պետք է հերոսացնել, նրա անունով պետք է նոր փողոց կառուցեին: Շատ լավ գործ կանեին, եթե այն մարդկանց, ովքեր այսօր բնակարան չունեն, տարիներ շարունակ սպասում են էլիտար շենքերում տուն ստանան, այ այդտեղ փողոց կառուցեն, Ազգալդյանի անունը դնեն, այդ մարդկանց էլ բնակարան տան: Այ, խնդրեմ, այդպիսի առաջարկով թող հանդես գան: Որ չգողանան, մեկը մյուսին նվերներ չանի, այդ գումարները գտեք, տարեք դա կատարեք: Հարյուրավոր ընտանիքներ կան, որ ապաստան չունեն, էդ հարցով թող զբաղվեն, եկել հասել են քաղաքապետարան ինչի՞ համար»:
Արամ Սարգսյանը «Ելքի» անդամներին ասաց՝ դատավորի դերում հանդես գալու համար համապատասխան արժանիքներ պետք է ունենալ:

Նա նոր առաջարկ արեց «Ելքի» անդամներին. «Եկեք մի հատ էն ՀՀՇ-ի տարիների մարդկանց, որոնց ոչ մի կերպ չհաջողվեց պատասխանատվության կանչել, զբաղվեք նրանցով, այսօրվա պատմությունները ձեզ չի՞ հետաքրքրում՝ թալան արեցին ամբողջ հանրապետությունով մեկ, օլիգարխիա ստեղծեցին, սրանց պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք»:

Մեր դիտարկմանը, որ ավագանին այդքան լծակներ չունի՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Թող իրենց պառլամենտական խումբը նախաձեռնությամբ հանդես գա, ինչ է պատահել»:

Մենք ճշտեցինք՝ ՀՀՇ-ի փախած մարդկանց մասին խոսելով Վանոյի՞ն նկատի ունեք, որ բերեն, պատասխանատվության ենթարկեն՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Տո Վանոյին էլ ունեմ նկատած, մյուսներին էլ, ովքեր թալան են իրականացրել, ինչ ասես եղել է այդ տարիներին: Նույն ձեւով Տեր-Պետրոսյանը չի՞ գլխավորել էդ ամբողջը: Եթե խնդիր է դրված, եթե ուզում ենք երկիրը մաքրենք, եկեք մաքրենք գող ու ավազակներից, որոնք մեզ իսկապես բերեցին հասցրեցին այս իրավիճակին: Այսօրվա դրությամբ բնակչության թիվը չգիտես ինչքան է հասել, դեմոգրաֆիկ խնդիրներով զբաղվեք»:

 

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

23.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031