Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կհաջողի «Ելք»-ը

Օգոստոս 28,2017 13:30

Ըստ քաղտեխնոլոգի, Հոգլանդը հիշեցնում էր,
թե ի՞նչ են խոսում Պուտինը եւ Սարգսյանը

Կարո՞ղ է «Ելք»-ի ցանկությունը՝ Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս բերելու գործընթաց սկսելու մասին, դառնա Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը, եթե Մաքսային միության հետ Թուրքիայի համագործակցության մասին խոսակցություններն իրականության վերածվեն: «Եթե այդ քայլը լուրջ է եւ որեւէ ձեւով չի համաձայնեցվելու ԵԱՏՄ անդամ երկրների հետ, այդ ամենը լինի` անտեսելով Հայաստանի շահերը, ընդհանրապես անտեսելով Հայաստանին եւ եւս մեկ կնճռոտ խնդիր դառնա հայ-ռուսական հարաբերություններում, կարող է լուրջ դժգոհություն առաջացնել մեր երկրում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Հիշեցնենք, Մաքսային միության եւ Թուրքիայի միջեւ սերտ շփումներ սկսելու առաջարկ ստանալու մասին օրերս հայտարարեց Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը: Նախօրեին էլ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով թուրք նախարարի հայտարարությանը հետեւած հրապարակումներին եւ վերլուծություններին, ասաց, որ որպեսզի Մաքսային միություն-Թուրքիա համագործակցությունը հնարավոր լինի, դա պետք է համաձայնեցնել միության բոլոր անդամների հետ: Առհասարակ, Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն, ըստ մեր զրուցակցի, կարող է ընդդիմության համար քաղաքական օրակարգ լինել, բայց չի կարծում, թե զարգացումներն այնպիսի տեմպերով կընթանան, որ հասարակության կարծիքը կտրուկ փոխվի:

Այս օրերին Հայաստանում կարծիքներ հնչեցին, որ ԵԱՏՄ-ի հետ Թուրքիայի հնարավոր ինտեգրումը Հայաստանի համար նոր հնարավորություններ կարող է բացել` նաեւ նախկինի կնճռոտ հարցերը լուծելու համար: Նկատի ունենալով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի ոչ վաղ անցյալի դառը փորձը` ֆուտբոլային դիվանագիտության տեսքով, իրատեսակա՞ն են նման հավակնությունները, այն էլ Թուրքիայի ներկայիս նախագահի պաշտոնավարման օրոք: Քաղտեխնոլոգն ասում է` դա բավական բարդ եւ բազմաշերտ խնդիր է. «Արցախի հարցի կարգավորման` սեղանին դրված տարբերակում, կա մի կետ, որի մասին ընդունված չէ խոսել: Ըստ փորձագիտական եւ մամուլի աղբյուրների, այդ փաստաթղթում կա կետ, որով առաջարկվում է, որ եթե Հայաստանը զիջում է ազատագրված տարածքները, ապաշրջափակում է լինում ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլ նաեւ հայ-թուրքական սահմանն է բացվում: Այսինքն, Թուրքիայի հետ կապված ցանկացած խնդիր Թուրքիան դիտարկում է փաթեթի մեջ` Արցախի հարցի հետ: Եվ դա Թուրքիայի պնդումն է: Եթե նույնիսկ Թուրքիային պաշտոնապես առաջարկվի ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանն անդամակցել, Հայաստանն էլ է այդ փաթեթում ներկայացնելու իր տեսակետը: Ուստի, ինչ-որ տեղ, այո, Հայաստանի համար քաղաքական սակարկությունների կամ քաղաքական մանյովրների համար հնարավորություններ են բացվում: Բայց դա շատ բարդ ու բազմակողմանի խնդիր է` հաշվի առնելով, թե ինչ լուրջ եւ հակառակորդներ, եւ գործընկերներ ունենք. եւ ՌԴ-ի հետաքրքրությունները նույն Թուրքիայի հետ կապված, եւ ՀՀ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ, Թուրքիայի հետ մեր գոյություն չունեցող կամ գոյություն ունեցող վատ հարաբերությունները: Իսկ եթե խոսքը անդամակցության մասին չէ, այլ համագործակցության, այս դեպքում վետոյի իրավունքն էլ չի լինում, պետք է պայմանավորվեն: Ցանկացած գաղափարի շուրջ խոսակցություններում հնարավորություններ են լինում, որոնցից պետք է կարողանալ օգտվել կամ էլ չկարողանալ օգտվել»:

Այս համատեքստում, քաղտեխնոլոգն օրինակ է բերում Իսրայելի հետաքրքրությունները Հայաստանի շուրջ: «Նոր հարթակ է բացվում՝ Հայաստան-ՌԴ-Կատար-Սիրիա-Թուրքմենստան, որտեղ կա աշխարհաքաղաքական, նույնիսկ աշխարհատնտեսական բաղադրիչ: Խնդիրն այն է, թե Հայաստանն ունա՞կ է այդ հնարավորությունների մեջ կողմնորոշվել եւ օգտվել»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Անդրադառնալով էլ ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` Արցախի հարցի կարգավորման քննարկվող տարբերակի հիշեցմանը, քաղտեխնոլոգն ասաց. «Ես կարծում եմ, Հոգլանդը հիշեցնում էր, թե ի՞նչ են խոսում այդ պահին Պուտինը եւ Սարգսյանը: Նա հիշեցնում-հուշմ էր, թե ինչպիսի՞ տարբերակ է սեղանին դրված, որպեսզի հայկական հասարակությունը նորից ակտիվանա: Ու ինչպես տեսանք` սոցիալական ցանցերում այնպիսի արձագանքներ էին, կարծես մարդիկ այդ ամենի մասին առաջին անգամ էին լսում: Իրականում ընդհանրապես նոր բան չկար: Դա ընդամենը քաղաքական տեխնոլոգիա էր, դիվանագիտական քայլ, որով հիշեցվում էր` հիմա սրա մասին են խոսում: Ընդհանրապես, հետաքրքիր քայլ էր»:

Հիշեցնենք ամերիկացի համանախագահը մասնավորաբար ասել էր. «Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի: Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը: Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր: Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

26.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031