Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյան. «Կարծիք կա, որ Բաղդադի իշխանությունն առաջնորդվում է բացառապես Իրանի շահերով» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2017 19:14

«Իրանցիները համարում են, որ քրդերն իրանական ժողովուրդներ են և Իրանի հետ ունեն բազմաթիվ մշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններ: Դիցուք, ասվածի վկայությունը մեկ միասնական դյուցազներգությունն է՝ «Շահ Նամեն»: Անգամ Մասուդ Բարզանիի քրդերենի բարբառը շատ մոտ է պարսկերենին: Այս ամենից դատելով՝  ակնհայտ է, որ առանց Իրանի շահերը հաշվի առնելու՝ քրդերը չեն կարող որևէ գործողություն ձեռնարկել»,- այսօր, «Կովկաս» ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ կարծիք հայտնեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Նա կարծում է, որ Իրաքի քրդերը կարող են միավորվել միայն  Իրանի քրդերի որոշ հատվածի հետ՝ հաշվի առնելով այն խոշոր դերակատարությունը, որ Իրանն ունի այս տարածաշրջանում: Նա փաստում է, որ քրդական տարածաշրջանում Իրանի ներկայությունը, բացի քաղաքականից, նաև ռազմական տիրույթում է: Նաեւ`Իսլամական պետության դեմ պայքարում  Իրանը լրջագույն աջակցություն է տրամադրել քրդական Փեշմերգային:

Ըստ իրանագետի, քրդերն այնքան չեն վախենում Թուրքիայի, Սիրիայից և Բաղդադի իշխանություններից, որքան Իրանից: «Ընդհանուր առմամբ, քրդական ներքաղաքական ոլորտում կարծիք կա, որ Բաղդադի իշխանությունն առաջնորդվում է բացառապես Իրանի շահերով կամ այլ խոսքով, Բաղդադի կենտրոնական իշխանությունն Իրանի խամաճիկային կառավարությունն է, որը ձևական առումով է առանձին կողմ ներկայանում»,- ասաց նա`ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ անկախության հանրաքվեից հետո իրանական պատժամիջոցները վերաբերում են Իրաքյան Քուրդիստանի տնտեսության հատկապես այն հատվածներին, որոնցից սնվում է իշխանության բարզանիական թևը:

Նոյեմբերին, Իրաքյան Քրդստանում կայանալիք նախագահական ընտրությունները, բանախոսը տարօրինակ է համարում, քանի որ այս պահի դրությամբ նույնիսկ հայտնի չեն նախագահի թեկնածուները: Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մարսուդ Բարզանին երեկ հայտարարել էր`ինքը չի մասնակցելու նախագահական ընտրություններին: «Ըստ էության՝ գործ ունենք մի գործընթացի հետ, որը քաղաքական իմաստով  ընտրություն անվանելը բավական բարդ է լինելու: Սա հերթական անգամ ավելացնելու է Քրդստանում իշխանության ձևավորման լեգիտիմության պահանջը: Նույնիսկ անկախության հանրաքվեն ունի լեգիտիմության հսկայական խնդիր: Այն անցկացվել է չգործող խորհրդարանի պայմաններում: Հանրաքվեն տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, որտեղ Բարզանիի լիազորությունները ավարտին են հասցված եղել: Դրանք երկարաձգվել են ԻՊ-ի դեմ պայքարի քողի ներքո»,- ասաց նա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031