Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ հանգամանքներով պայմանավորված իրավիճակ լարելու մեջ մեղադրանքը, բնականաբար, ուղղված է «Ելք» դաշինքին. «Հայկական ժամանակ»

Հունվար 11,2018 10:35

Այս խորհրդակցությունը տարօրինակ է, որովհետեւ ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանի կարծիքով երկրում գնաճը մտահոգիչ չափերի չէր եւ եղածն էլ փոխհատուցվում էր այլ ապրանքատեսակների մասով ավելի էժան գներով: Թանկացումների մասին նա խոսեց տարեվերջին Արտակ Ալեքսանյանին տված հարցազրույցում, որտեղ ասաց. «Մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին (ԵԱՏՄ-ին-խմբ.), մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը: Եվ ի՞նչ, մեր երկրում եղավ թռիչքաձեւ գնա՞ճ, իհարկե չեղավ։ Ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ, եւ այդ ազդեցությունը փոխհատուցվում է նաեւ այլ ապրանքատեսակների մասով ավելի էժան գներով: Կարծում եմ՝ այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք, եւ այդ մոտեցումը բերում է նրան, որ օրինակ՝ 2016 թվականին մեր երկրում գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, սա էլ հո չե՞ն կարող ժխտել: Եվ այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք. այո, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ: Բայց ընդհանուր գնաճը կառավարելի է, եւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ թեեւ բոլորն ասում են, որ աշխատավարձերը չեն բարձրանում եւ այլն, աշխատավարձի բարձրացման տեմպն այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարեւոր հանգամանք է, նույնը 2016 թվականին էր»:

Այս հարցազրույցից հետո իսկապես թռիչքաձեւ գնաճ չի եղել, ոչ մի լուրջ փոփոխություն: Այդ դեպքում ինչու Սարգսյանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ փոխվեց: Պատասխանը մեկն է: Երկու օր առաջ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ հունվարի 19-ին ընդդեմ թանկացումների երթ է անցկացնելու: Սա ոչ թե երթ է, այլ մի ամբողջ քաղաքական գործընթացի մեկնարկ: Ըստ որում կանխատեսել հնարավոր չէ, թե ուր կտանի այդ գործընթացը եւ ինչով կավարտվի: Ի վերջո, առջեւում Սերժ Սարգսյանի նախագահության ավարտն է, նոր վարչապետի ընտրության հարցը եւ այս քաղաքական կարեւոր իրադարձությունների նախաշեմին խորհրդարանական ընդդիմության՝ փողոց դուրս գալու քայլը ակնհայտ հեռահար նպատակներ ունի: Իսկ հարեւան Իրանում վերջին օրերի լայնամասշտաբ հակակառավարական ցույցերն ընդդեմ թանկացումների, Հայաստանի բազմաթիվ քաղաքագետների գնահատմամբ կարող են լուրջ նախադեպ դառնալ Հայաստանի համար: Այսինքն թե ներքին, եւ թե արտաքին բոլոր ազդակները կան, որ «Ելք» դաշինքի նախաձեռնած երթը ձնագնդի էֆեկտ ստանա եւ մոբիլիզացնի այս ընթացքում Հայաստանի իշխանություններից դժգոհ քաղաքացիներին: Իսկ նրանց թիվը, մեղմ ասած, մեծ է: Սա է պատճառը, որ որոշ ապրանքատեսակների գնային տատանումների հանդեպ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը կտրուկ փոփոխության ենթարկվեց: Սարգսյանը չի էլ թաքցնում, որ մտահոգություններ ունի այս առումով: «Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն եւ հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել»,-երեկվա խոհրդակցության ժամանակ ասել է նա: Այլ հանգամանքներով պայմանավորված իրավիճակ լարելու մեջ մեղադրանքը, բնականաբար, ուղղված է «Ելք» դաշինքին:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031