Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիայում 50 հայ է բնակվում․ ինչո՞վ են զբաղվում նրանք (Տեսանյութ)

Հունվար 26,2018 21:40

Այսօր Գյումրի էր այցելել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Էյջի Տագուչին։ Նա, նախևառաջ եղավ Շիրակի պետական համալսարանում, այնուհետ «Բեռլին» հյուրանոցում մասնակցեց Ալեքսան Տեր-Մինասյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս նշանակելու պաշտոնական արարողությանը։

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը նշեց, որ բուհի օտար լեզուների ֆակուլտետում որպես երկրորդ օտար լեզու սկսել են ճապոներեն ուսուցանել։ Սա, ըստ բուհի ղեկավարի, կարևոր է, որպես հետագայում կարողանան իրականացնել փոխանակման ծրագրեր երկու երկրների միջև։ Ճապոներեն սովորողների թիվը, ըստ ռեկտորի, ավելացել է։

Դեսպանն էլ խոսեց Հայաստանում ճապոներեն լեզվի տարածման մասին՝ նշելով, որ դա դեսպանության գլխավոր ռազմավարությունն է։ Նա հայտնեց, որ Ճապոնիայի կառավարությունը Հայ-Սլավոնական համալսարանի հետ մեկտեղ ուզում է Երևանում հիմնել Ճապոնիայի կենտրոն։ Դեսպանի հաշվարկներով, այս պահին 230 ուսանող Հայաստանում սովորում են ճապոներեն։

Մեր հարցին՝ իսկ դուք փորձո՞ւմ եք հայերեն սովորել, դեսպանը հայերենով պատասխանեց՝ այո։ «Նոր-նոր եմ սկսել ուսումնասիրել, առաջին դասերն եմ անցնում, շատ դժվար, միաժամանակ շատ հետաքրքիր լեզու է, նախադասության շարահյուսական կառուցվածքը շատ մոտ է ճապոներենին»,- ասաց դեսպանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճապոներեն լեզվի տարածումից բացի՝ կա՞ն արդյոք տնտեսական ծրագրեր, որոնք պատրաստվում են իրականացնել Հայաստանի հետ, քանի տոկո՞ս է կազմում այս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը։ «Մենք հիմա բանակցություններ ենք վարում այդ հարցի շուրջ, պատրաստվում ենք անել որոշակի ներդրումներ։ Ներդրումները կլինեն ոչ միայն Ճապոնիայից, այլ ՀՀ կառավարությունից՝ երկկողմ։ Չափից դուրս կարևորում եմ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Ապրանքաշրջանառությունը շատ քիչ է, մենք ուզում ենք այս հարցում ևս քայլեր անել, որ շրջանառությունը մեծանա։ Գյուղատնտեսությունն է հետաքրքիր, գինու, կոնյակի արտադրությունը, մեղրի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը, և իհարկե, առևտուրը»։

Պարոն Ն․Գ․ Էյջի Տագուչին իր այցի ժամանակ տեղեկացրեց, որ Ճապոնիայում 50 հայ են բնակվում, սակայն չգիտի, թե նրանք ինչով են զբաղվում։ Միայն գիտի, որ Հայաստանից Ճապոնիա ուսումնառության մեկնած ուսանողների կեսը չեն վերադառնում, նրանք ամուսնանում են տեղացիների հետ, ընտանիք կազմում։ «Կասեմ, որ Արամ Խաչատրյանը հանրաճանաչ է Ճապոնիայում»,-ասաց նա։

Ներկաներից մեկը դեսպանին ասաց, որ Կյոկուշինկայ Կարատեի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիր, համաշխարհային ճանաչում ունեցող գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը ևս Ճապոնիայում է բնակվում։ Դեսպանն ասաց, որ երկու տարի առաջ է հանդիպել նրան Ճապոնիայում, նա իր ընտանիքի հետ էր, փայլուն տիրապետում է ճապոներենին։

Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hert3 says:

    Ճապոնիայի դեսպանն առաջին անգամը չէ,որ այցելում է Շիրակի պետհամալսարան:Ֆարմանյան Անահիտը լավ է աշխատում այդ ուղղությամբ:

  2. Լենա says:

    Ըդիկ սաղ կյանքը ուրիշի էրածը իրանով կենե:Հմի էլ Ճապոնիայի դեսպանատունը իրանով կենե:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031