«Սա երկար է տևելու՝ հաստատապես մինչև Պուտինի ֆիզիկական կամ քաղաքական մահը»,- անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության «կրեմլյան զեկույց»-ի հրապարակմանն ու դրանից բխող գործընթացներին, հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
ՄԱՀՀԻ գրասենյակում «Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցները և դրանց հայկական շավիղները» խորագրով քննարկմանը պարոն Մեհրաբյանը նկատեց, թե այն, ինչ տեղի է ունենում և ունենալու է, օրինաչափ է, քանի որ դա մի շարք գործընթացների հետևանք է: Փորձագետը թվարկեց. «Նրանից հետո, երբ ՌԴ-ն «անշլյուսի» ենթարկեց Ղրիմը, մի բան, որը վերջին անգամ Եվրոպայում արել էր Ադոլֆ Հիտլերը, այն ճառից հետո, որը Պուտինն արտասանեց, որը Հիտլերի բառագործիքն էր պարունակում, երբ ՌԴ խորհրդարանը հաստատեց այդ անեքսիան, բնական էր, որ սա պիտի տեղի ունենար»:
Ռուբեն Մեհրաբյանը, բնութագրելով Պուտինին, հիշեց ամերիկացի հայտնի սյունակագիր Թոմաս Ֆրիդմանին. «Ինչպես նա էր ասում, այդ տղան բութ է և չարամիտ, և դա շատ վատ կոմբինացիա է: Եվ սա բնականաբար չէր կարող չունենալ այսպիսի հետևանքներ: Ռուսաստանը պատերազմ հայտարարեց աշխարհակարգի դեմ և ստացավ հակազդեցություն»:
Ըստ պարոն Մեհրաբյանի՝ մենք գործ ունենք մի իրականության հետ, երբ 2013-ից այս կողմ, երբ պարզ էր, որ գործողությունները գնում են իրավիճակի կտրուկ փոփոխության, էլ առաջվանը չէ, հայկական դիվանագիտությունը, ՀՀ արտաքին քաղաքականությունը, ՀՀ խոշոր բիզնեսը, որը մեծապես կապված է իշխանության հետ, այս իրավիճակում փնտրում էր ոչ թե ելքեր, այլ մուտքեր. «Հայտնվեց մի իրավիճակ, երբ այս օրենքով, զեկույցով, որը գալիս է լրացնելու այդ օրենքը, և դեռ էլի լրացումներ կլինեն, փաստորեն, Հայաստանի այսօրվա տնտեսական գործունեությունը վարակված է այսչափ վտանգավոր տարրով: Սա մեզ համար ազգային անվտանգության սպառնալիք է»:
Որպես լուծման ճանապարհ պարոն Մեհրաբյանն առաջարկեց. «ՀՀ-ում շրջանառվող, ՀՀ-ին առնչվող ակտիվների, ինչպես ասում են, սանացիան, պետք է դառնա ՀՀ-ի թիվ մեկ խնդիրը: Այդ իմաստով ՀՀ կառավարությունը պետք է խորհրդատվական մի խողովակ պահի ընդհանրապես հայ բիզնեսի համար՝ նաև Հայաստանից դուրս գործող, որ չհայտնվի երկրորդային պատժամիջոցների ներքո, որը նույնպես նախատեսվում է այս օրենքով: Հայ բիզնեսը պետք է զերծ պահվի այս խոլերայից, որ հայկական որևէ սուբյեկտ չհայտնվի այս ցուցակում»:
Պարոն Մեհրաբյանը հավաստիացրեց՝ մենք պետություն չենք ստեղծել նրա համար, որ զոհաբերենք մի պետության, որն ուզուրպացված է կազմաքանդող քրեական խմբավորման բանդայի կողմից: Հիշեցնելով Սերժ Սարգսյանի բառերը՝ պարոն Մեհրաբյանը մեջբերեց. «Ինչպես ասաց Սերժ Սարգսյանը, մենք այդպիսի հայրենիք չունենք նրանց համար»:
Այնուհետև ամփոփեց. «Հայերն այդքան էլ հարուստ չեն, որպեսզի իրենց փողերը նվիրեն պարոն Պուտինին, այդքան շատ չեն, որ Ալեքսանդր Մատրոսովի նման գան և պառկեն այն գնդացիրի դիմաց, որը կրակում է Պուտինի վրա, հանուն ինչի՞: Հետևաբար մենք լուրջ անելիքներ ունենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA-ի


















































