Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Նիկոյանը խոստանում է, որ միջազգային խորհրդատուին տված 800 հազար եվրոն ջուրը չի լցվի. 100 միլիոն դոլարը կգտնեն (Տեսանյութ)

Փետրվար 02,2018 15:43

Երեւան քաղաքի պատասխանատուները հաշվարկել ու պարզել են, որ Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցը ներդնելու համար կպահանջվի 100 միլիոն դոլար: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են ցանցի նոր նախագծի շուրջ քննարկումներին, կասկածներ ունեն, որ կառավարությունը կգտնի այդ միջոցները եւ նոր ցանցը հաջողությամբ կներդնի: Այսօր Aravot.am-ն այս մտահոգությունը փոխանցելով Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին, հարցրեց, թե գումարների հարցն ինչպե՞ս է լուծվելու:
Վահե Նիկոյանն ի պատասխան ասաց, որ քննարկվում է մասնավորի ներդրումներով ցանցը կյանքի կոչելու տարբերակը, եթե ոչ, ապա Երեւան համայնքը պատրաստ է այդ ներդրումները կատարել: Փոխքաղաքապետն ասաց, որ բանակցություններ են վարում Եվրոպական ներդրումային բանկի հետ, որը լավ պայմաններ է առաջարկում:

Վահե Նիկոյանն այսօր Երեւանի քաղաքապետարանում ներկայացրեց նոր երթուղացանցը, որն առայժմ փոփոխությունների ենթակա է: Ըստ նրա, կրկնվող երթուղիներ չեն լինելու, քաղաքացին մեկ ուղեւորության համար վճարելու է մեկ անգամ` անկախ այն բանից՝ իր ուզած վայրը հասնելու համար քանի տրանսպորտ է փոխելու:

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե 18 մետրանոց ավտոբուսները հարմար չեն մայրաքաղաքի որոշ փողոցներին, ապա պարոն Նիկոյանն ասաց, որ միջազգային փորձում կան շատ ավելի նեղ փողոցներով անցնող 18 մետրանոց ավտոբուսներ: Քաղաքացիներին ամենից շատ մտահոգող տրանսպորտի ուղեվարձի հարցն էլ, ըստ փոխքաղաքապետի, դեռ քննարկման փուլում է եւ կախված է նրանից, թե տոմսային ինչ համակարգ կընտրվի: Նոր ցանցով չվացուցակն էլ փոփոխված է. տրանսպորտը աշխատանքի դուրս կգա ոչ թե ժամը 7-ին, այլ` առավոտյան 6-ն անց 45, իսկ երեկոյան աշխատանքը կավարտի ժամը 24-ին:

Հարցին, թե ինչո՞ւ միջազգային խորհրդատուին վճարած 800 հազար եվրոն չի տրամադրվել տեղական խորհրդատուին, այսինքն` ինչու նախապատվությունը նրան չի տրվել, Վահե Նիկոյանը պատասխանեց, որ Հայաստանում չկա տրանսպորտային ցանց նախագծող ընկերություն եւ կարգի համաձայն հայտարարվել է մրցույթ, որին ոչ մի տեղական ընկերություն մասնակցության հայտ չի ներկայացրել եւ մրցույթում հաղթել է ամենացածր գին առաջարկած միջազգային ընկերությունը:

Մանրամասները` տեսանյութում

Վահե Նիկոյանին նաեւ հարցրին, թե վառելիքի թանկացման պատճառով հնարավո՞ր է տրանսպորտի ներկայիս գործող ուղեվարձը թանկանա: Փոխքաղաքապետն ասաց, որ իր կարծիքով չի թանկանա, նույնն էլ կմնա, քանի որ մինչ այս էլ եղել են դեպքեր, որ վառելիքն այդ գնին է եղել:

Հարցին էլ, թե ի՞նչ է սպասվում գործող միկրոավտոբուսներին, արդյոք նոր ցանցի ներդրմամբ տնտեսվարողները վնասներ կկրե՞ն, պարոն Նիկոյանը պատասխանեց, որ այդ միկրոավտոբուսները գրեթե սպառել են շահագործման ժամկետները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728