Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց փոքր գյուղական համայնքների համար նախատեսված մանկապարտեզների մոդելը

Փետրվար 28,2018 17:33

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց փոքր գյուղական համայնքների համար նախատեսված վաղ մանկական ուսումնառության ծախսարդյունավետ մոդելի առանձնահատկությունները: Մոդելը նախկինում փորձարկվել է Սյունիքի մարզի ութ փոքր համայնքներում 2014-2015թթ., որից հետո գործի է դրվել Լոռվա մարզի Թումանյանի խոշորացված համայնքի Աթան, Ահնիձոր, Շամուտ և Մարց բնակավայրերում: Այժմ Սյունիքի և Լոռվա մարզերի թվով 12 բնակավայրերում այս ծառայություններից օգտվում են 140 երեխաներ, ովքեր այլ կերպ չէին կարողանա մանկապարտեզ հաճախել:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար պրն. Վարազդատ Կարապետյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն. Դավիթ Սահակյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը, ովքեր կարևորեցին մոդելը 3-6 տարեկան երեխաների՝ ուսումնառություն ստանալու և զարգանալու տեսանկյունից:

Մոդելը ստեղծվել է փոքր գյուղական համայնքների համար, որտեղ երեխաների թիվը փոքր է, մանկապարտեզ ունենալու համար նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, իսկ մոտակա քաղաքային մանկապարտեզը հեռու է: Այն հիմնված է միջազգային ուսումնասիրությունների վրա, որոնք փաստում են, որ մանկապարտեզ հաճախելու տևողությունը (տարիների առումով) ավելի մեծ նշանակություն ունի 3-6 տարեկան երեխայի ապագայի համար, քան օրվա ընթացքում հաստատությունում անցկացրած ժամերը:

Մոդելը երեխաներին ապահովում է ոչ միայն զարգացման և ուսումնառության հնարավորություն, այլև համայնքին տրամադրում է աշխատատեղեր և բարենպաստ ազդեցություն է ունենում սոցիալական իրավիճակի վրա: Աշխատանքի, ներդրվող կապիտալի և հարակից ծախսերի նվազագույն ծավալները ապահովում են մոդելի ծախսարդյունավետությունը: Մոդելի գործունեության առաջին 5 տարիների ընթացքում Թումանյանի խոշորացված համայնքում երեխաների թվաքանակը կգերազանցի 100-ը, իսկ մեկ երեխայի հաշվով ներդրման ընդհանուր և ուղղակի միջին ծախսերը կկազմեն, համապատասխանաբար՝ 320,100 ՀՀ դրամ և 222,500 ՀՀ դրամ:

Գործընկերության շնորհիվ Թումանյանի համայնքն արդեն 2018թ. բյուջեյում հանձն է առել տրամադրել ընթացիկ ծախսերն ու դաստիարակների աշխատավարձերը ծառայության պահպանման նպատակով, իսկ ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը տրամադրելու է արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ծառայությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեղմելու և կայունությունը ապահովելու նպատակով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների՝ ՀՀ ԿԳ և ՏԿԶ նախարարությունների հետ համատեղ նաև մշակել է մոդելի իրավական, ֆինանսական և ռազմավարական հիմնավորումների շրջանակը: Դրա մաս են կազմում ծախսերի և ծախսարդյունավետության մանրակրկիտ վերլուծությունն ու նախադպրոցական կրթության ոլորտի դաստիարակների համար նախատեսված մեթոդաբանական գործիքակազմը: Միասին այս գործիքներն ապահովում են «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակման համար համապատասխան գիտական հենք:

Ծրագիրն իրականացվում է «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ:

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728