Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Կարող էր եւ այս պաշտոնին նշանակվել միջին, ցինիկ հանրապետական»

Ապրիլ 09,2018 16:47

Այսօր Մարզահամերգային համալիրում կայացած Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նախագահի երդմնակալության արարողությանը, մասնակցում էր նաեւ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Իգիթյանն ասաց, որ ինքն այդ արարողությանը մասնակցել է իբրեւ Հովհաննես Իգիթյան՝ հիշեցնելով, որ ի սկզբանե ողջունել է Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում:

Ի դեպ, այդ նիստին մասնակցում էին նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ եւ նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Մինչդեռ այսօր տեղի է ունենալու «Հանուն Հայաստան պետության» ճակատի հերթական հանրահավաքը, որի նպատակն է կանխել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրությունը: Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը այդ ճակատի անդամ է: Կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կապվել Aravot.am-ին դեռեւս չի հաջողվում:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ելույթում Հովհաննես Իգիթյանը նկատել է որոշ ռազմավարական եւ ծրագրային դրույթներ: ՀՀ սահմանադրությամբ նախագահին վերապահված բավական սահմանափակված լիազորություններով որքա՞ն կկարողանա Արմեն Սարգսյանն իրականացնել իր պատկերացրածն ու հայտարարածը՝ Հովհաննես Իգիթյանը չգիտի: Ամեն դեպքում, ինքը լավ եւ նորմալ է համարում, երբ ընտրվում կամ նշանակվում է մի մարդ, որը կապված չէ Հայաստանում կոռուպցիոն սկանդալների հետ եւ որն ունի բավական լուրջ փորձ ու միջազգային կապեր: Սրանք են Հովհաննես Իգիթյանի լավատեսության պատճառները: Նկատեցինք՝ այնուհանդերձ, հասարակական ընկալումներում Արմեն Սարգսյանը գործող արատավոր իշխանական համակարգի մի մասնիկն է եւ եթե չենք ընդունում այդ համակարգը, ինչո՞ւ ենք լավատեսորեն վերաբերվում համակարգը ներկայացնող մարդուն կամ համակարգի մի մասնիկին: «Չգիտեմ, թե ինչքանով Արմեն Սարգսյանին կարելի է ասել համակարգի մարդ: Օրինակ, համակարգի մարդ՝ մականուններով մարդ, որը որեւէ ընտրատարածքում աջ ու ձախ փող է հավաքում եւ օգտագործում վարչական ռեսուրսը, ամեն տեղից գողանում եւ հափշտակում… Եթե համարենք, որ սա է համակարգի մարդը, ապա Արմեն Սարգսյանը չի տեղավորվում այդպիսի համակարգի մեջ: Իսկ եթե դուք նկատի ունեք, որ իր թեկնածությունն առաջադրել է Սերժ Սարգսյանը, որը բավականին ցածր վարկանիշ ունի՝ անկախ ներկայացվող թվերից եւ ՀՀԿ-ն, որը ընտրվել է ընտրակաշառքներով, վարչական ռեսուրսներով, ապա դա իհարկե բացասական է»,- հակադարձեց Հովհաննես Իգիթյանը, հավելելով, որ ինքն այս ամենով փորձում է լավատես լինել, քանի որ տեսել ենք, թե «ովքեր եւ ինչպիսի պաշտոնների են նշանակվում. կարող էր եւ այս պաշտոնին նշանակվել միջին, ցինիկ հանրապետական»:

Ի դեպ, ՀՀ չորրորդ նախագահի երդմնակալության արարողությունը մեկ առանձնահատկություն ուներ՝ այն «փակ էր» լրագրողների համար: Նախկինում նախագահների երդմնակալության արարողությունները տեղի էին ունենում հիմնական Օպերային թատրոնի շենքում եւ դրանց մասնակցում էին նաեւ լրագրողները: Այս անգամ լրագրողների մուտքը ՄՀՀ, որտեղ տեղի էր ունենում արարողությունը, թույլ չտրվեց: ԱԺ հատուկ նիստին լրագրողները հետեւում էին խորհրդարանի սրահներից մեկում՝ ուղիղ հեռարձակմամբ: Արդյոք սա տրամաբանական շարունակությունը չէ՞ կառավարության եւ Երեւանի ավագանու նիստերը փակ անցկացնելու որոշումների: Իշխանությունը կարծես ամբողջապես մեկուսանում է: «Իհարկե, այդ միտումը երեւում է եւ դա շատ բացասական է. թե նախկին նախագահն իրեն առանձնացրել էր լրագրողներից, թե կառավարությունը, թե ավագանին, որն ամբողջ աշխարհում բաց ինստիտուտ է, փակվում են լրագրողների համար: Լրագրողի միջոցով հասարակությունը մասնակցում է եւ պետք է մասնակցի գործընթացներին: Այսպիսով, փաստորեն, մեկուսացվում է հասարակության տեղեկատվությունը: Սա չափազանց կարեւոր դրվագ է»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Մեր զրուցակիցը նկատում է, որ նախագահի երդմնակալության արարողությանը, որը ԱԺ հատուկ նիստով էր ընթանում, պետք է մասնակցեին խորհրդարանում հավատարմագրված լրագրողները: Նկատում է՝ նիստը հատուկ էր, բայց ոչ փակ: Կարծում է՝ լրագրողների մասնակցությունը եւ այդպիսով հասարակությանը փոխանցված տեղեկատվությունը՝ տեղում առկա մթնոլորտին, Արմեն Սարգսյանի համար միայն դրական կլիներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30