Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երեւանի ուշագրավ ուղերձները Թբիլիսիում

Հունիս 06,2018 12:00 Share

Ազատության, հակամարտությունների խաղաղ կարգավորման, հարավկովկասյան համերաշխ տարածաշրջանի գաղափարները՝ որպես հիմնական ուղերձ

ՀՀ-ն հետաքրքրված է լավագույնս օգտագործելու տարբեր ոլորտներում հարաբերությունների ողջ ներուժը

Հայաստան-Վրաստան հարաբերություններում մայիսի վերջին շաբաթը կարելի է կարեւոր համարել: Հայաստանի նախագահը, ապա վարչապետն այցելեցին Վրաստան, եւ պաշտոնական հայտարարությունները, ինչպես նաեւ ընդհանուր մթնոլորտը հուշում են, որ հայ-վրացական հարաբերությունները խորացնելու ներուժ կա:

Մայիսի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավերով աշխատանքային այցով ժամանեց Թբիլիսի, որտեղ ներկա գտնվեց Վրաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Նույն օրը ՀՀ նախագահն առանձնազրույց էր ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, այնուհետեւ տեղի էր ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Սարգսյանն ու Կվիրիկաշվիլին գոհունակությամբ փաստել էին երկու բարեկամ երկրների դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները։ Կողմերը կարեւորել էին փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, առկա ներուժի առավելագույնս օգտագործումը։ «Նրանց համոզմամբ՝ հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Հատկապես կարեւորվել է ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ բնագավառներում»,- ասվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում:

Վրաստանի վարչապետը, գոհունակությամբ արձանագրելով իրավիճակի քաղաքակիրթ եւ խաղաղ հանգուցալուծումը, կարեւորել էր նախագահ Սարգսյանի դերն ու ջանքերն այդ գործընթացներում եւ նշել, որ շահագրգիռ են հարեւան երկրի կայունությամբ։ Ա. Սարգսյանն իր հերթին նշել էր, որ համատեղ բոլոր ծրագրերը ոչ միայն շարունակվելու են, այլեւ ընդլայնվելու. «Մենք հետաքրքրված ենք լավագույնս օգտագործելու տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ողջ ներուժը»։
Արմեն Սարգսյանը նույն օրը հանդիպել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ։ Հայաստանի նախագահը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել էր որպես բարիդրացիական եւ գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում. «Ավանդական բարեկամության եւ մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար»։ Երկու երկրների նախագահները վստահություն էին հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլեւ նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

«Մեր երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը»

Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա էր գտնվել Վրաստանի Առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Նա իր խոսքում նշել էր, որ վրացիները եւ հայերը ոչ թե հարյուրամյա, այլ հազարամյակների պատմություն ունեն, երկու ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն. «Մենք կիսում ենք շատ բան։ Վրացիներն ու հայերը ապրում են քույրերի ու եղբայրների պես, սա փաստ է, հրաշալի փաստ, որ երկու ազգերը հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի, միասին պայքարել իրենց անկախության եւ արժանապատվության համար եւ երբեւէ չեն ունեցել որեւէ խոշոր հակամարտություն կամ թյուրըմբռնում։ Սա մեզ համար շատ մեծ արժեք է եւ օրինակ այն նոր սերունդների համար, որոնք ապրում են Հայաստանում եւ Վրաստանում»։

Նա առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել հրաշալի քաղաքին՝ Թբիլիսիին։ «Բազում տարիների ընթացքում Թբիլիսին, «Թիֆլիսը» եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոնը։ Սա քաղաք է, որտեղ հայերը, վրացիները եւ բազմաթիվ այլ ազգեր միասին ապրել են ներդաշնակորեն, կիսել առօրյան, կենցաղը, մշակույթը, սնունդը, եւ, իհարկե, վրացիները եւ հայերը կիսում են նաեւ նույն կրոնը, երկուսն էլ կանգնած են եղել քրիստոնեության ակունքներում»,- նշել էր նախագահը։ Շարունակելով խոսքը՝ Ա. Սարգսյանը նշել էր. «Մեր երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ մեզ համար նաեւ այսօր: Այսօրվա իրողությունները մեզ պարտավորեցնում են ոչ միայն պահպանել, այլեւ զարգացնել եւ բազմապատկել մեր ունեցած արժեքներն ու ձեռքբերումները, ստեղծել այն նորը, որն արժանի կլինի հիշատակության եւ ինչու չէ՝ ընդօրինակման: Հակամարտությունները խաղաղությամբ կարգավորելու, հարավկովկասյան տարածաշրջանը զարգացած ու համերաշխ դարձնելու մեր բոլոր ջանքերը բխում են հենց մեր դավանած արժեքներից»:

Հաջորդ հարյուրամյակը Հարավային Կովկասի համար պետք է դառնա խնդիրներն անցյալում թողնելու ժամանակահատված

Նույն օրը Արմեն Սարգսյանը մասնակցել էր «Համագործակցություն հանուն բարգավաճման. հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։ Իր խոսքում նախագահն ընդգծել էր. «Հանուն բարգավաճման համագործակցությունը, որը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, եւ լիարժեք փոխգործակցությունը պետք է դառնան հարավկովկասյան երկրների շարժիչ ուժն ու տեսլականը»: Նա նշել էր, որ հաջորդ հարյուրամյակը Հարավային Կովկասի համար պետք է դառնա խնդիրներն անցյալում թողնելու եւ բաժանարար գծերը փոխշահավետ ձեւով վերացնելու ժամանակահատված: Արմեն Սարգսյանի կարծիքով՝ ներկա իրողությունները եւ հարավկովկասյան երկրներում տեղի ունեցող զարգացումների դինամիկան թույլ են տալիս հուսալ, որ ժողովրդավարացման գործընթացները կնպաստեն տարածաշրջանի ինտեգրմանը եւ կայուն խաղաղության հաստատմանն ու տնտեսական վերելքին: Այնուհետեւ Ա. Սարգսյանը վստահեցրել էր, որ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել համագործակցությանը խոչընդոտող ոչ միայն տնտեսական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական տարաձայնությունները, այլեւ հաստատել հանդուրժողականության, փոխշահավետության եւ բարիդրացիական հարաբերություններ բոլոր ոլորտներում։

ՌԴ-Վրաստան առեւտրային միջանցքների հարցում աշնանն արդյունքներ կլինեն

Այն օրերին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր Վրաստանում, Մոսկվան հայտարարեց, թե Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրային միջանցքները բացելու հարցում կոնկրետ արդյունքներ կարելի է ակնկալել աշնանը: ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը այդ օրերին վստահեցրեց, որ վրաց բանագնացի՝ Զուրաբ Աբաշիձեի հետ Պրահայում կայացած հանդիպմանը էական առաջընթաց են արձանագրել:
Ինչպես փոխանցում էր «Ազատություն» ռ/կ-ն՝ այդ հանդիպմանը կողմերը հայտարարել էին, որ էական առաջընթաց են արձանագրել եւ պայմանավորվել են աշխատանքային խումբ ձեւավորել, որը պետք է զբաղվի «Մաքսային վարչարարության եւ ապրանքների մոնիտորինգի մասին» երկկողմ համաձայնագրի իրագործմամբ: Այդ փաստաթուղթը Մոսկվային ու Թբիլիսիին հնարավորություն է ընձեռում դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում զարգացնել առեւտրային ու տրանսպորտային կապերը՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով՝ միեւնույն ժամանակ չանդրադառնալով դրանց կարգավիճակի հարցին:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս 7 տարի առաջ՝ ծանր բանակցությունների արդյունքում, սակայն մնացել էր թղթի վրա: «Այժմ մենք անցնում ենք դրա իրագործմանը»,- «Ազատության» «Էխո կավկազա» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում ասել էր բանակցություններում ռուսական կողմի ներկայացուցիչ՝ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Մայիսի 18-ին Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեց շվեյցարական SGS ընկերության հետ, որից հետո արդեն գործնականում կսկսվի համաձայնությունների իրագործումը: Գիտեմ, որ հունիսի 7-ին Մոսկվա է գալու Շվեյցարիայի արտգործնախարարը՝ քննարկելու, թե ինչպես ենք մենք այսուհետ առաջ շարժվելու: Անհրաժեշտ է ստեղծել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի այս հարցերով, կքննարկի կոնկրետ խնդիրներ, այդ թվում՝ այն, թե ինչպես են վերահսկվելու Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային հոսքերը, որտեղ եւ ինչպես են գործելու մաքսային սահմանակետերը եւ այլն: Սա լուրջ աշխատանք է, որը թերեւս մի քանի ամիս ժամանակ կպահանջի: Սակայն կարեւորն այն է, որ համաձայնություններն արդեն ձեռք են բերվել, եւ մենք պետք է ուղղակի գործի անցնենք»,- նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
Հավելենք, որ վրացական կողմն ավելի վաղ՝ անցած տարեվերջին էր պայմանագիր ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որն աշխարհում առաջատարն է բեռների տարանցման ու վերահսկողության ոլորտում: Ռուսական «Կոմերսանտի» հետ զրույցում Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն նշել էր՝ նախատեսվում է, որ շվեյցարացի դիտորդները կտեղակայվեն Ռուսաստանի եւ Վրաստանի տարածքներում՝ ապրանքների տարանցումը հսկելու եւ հաշվառելու նպատակով: «Ազատության» հետ զրույցում էլ Աբաշիձեն ասել է. «Քաղաքական կամքի դեպքում համաձայնագիրը կդառնա իրականություն: Թբիլիսին պատրաստ է դրան»:

«Մենք այժմ մտնում ենք համաձայնագրի իրագործման փուլ, մինչ այժմ պատրաստվում էինք, նախապատրաստական աշխատանքներ էինք տանում, համապատասխան համաձայնագրեր կազմում: Ընդհանուր առմամբ սա մի առանձնահատուկ նախագիծ է, որը նախադեպ, որպես այդպիսին, չի ունեցել: Այդ իսկ պատճառով կողմերից այսքան ժամանակ պահանջվեց դրան պատրաստվելու համար: Ռուսական կողմն արդեն ստորագրել է շվեյցարական ընկերության հետ պայմանագիրը, եւ արդեն կան նախադրյալներ հաջորդ համաձայնագրի իրագործման փուլին անցնելու համար: Կարեւորը քաղական կամքի առկայությունն է, որպեսզի փաստաթղթի բոլոր դրույթները բարեխղճորեն իրագործվեն: Մենք ունենք այդ կամքը, ռուսների դեպքում՝ դեռ կտեսնենք»,- ընդգծել է Աբաշիձեն:

Պաշտոնական Երեւանը ողջունեց ռուս-վրացական նշյալ պայմանավորվածությունները: «Համաձայնագրի՝ կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի»,- ֆեյսբուքում գրառում էր արել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պնդելով, որ հայկական կողմն այս հարցը բարձրացրել է 10 օր առաջ՝ Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ: «Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարեւոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ»,- շեշտել էր Հայաստանի փոխվարչապետը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարելիք երկօրյա այցից առաջ:

Ամփոփումը՝ հունիսի 6-ի տպագիր «Առավոտում»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 05.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930