Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական առաքելություն է՝ միշտ մեկ քայլ առաջ լինելու նրանցից, ովքեր ցանկանում են չարաշահել համակարգը». Պետական ռեգիստրի ղեկավար

Հունիս 22,2026 17:11 Share

Կեղծ ընկերությունների և բարդ իրավական կառուցակարգերի միջոցով իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կանխելու համար պետական մարմինները պետք է կարողանան տեսնել, թե իրականում ով է կանգնած ընկերության հետևում և ով է հանդիսանում ընկերության իրական շահառուն։

Եվրոպայի Խորհրդի կողմից տրամադրվող աջակցության գործընթացը մեկնարկել է ներպետական իրավական համակարգի վերլուծությամբ՝ միտված բացահայտելու օրենսդրական կարգավորումների համապատասխանությունը ԵԽ և ԵՄ ստանդարտներին։

Վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել են․

– իրական շահառուների հայտարարագրման շրջանակն ու գրանցումը պարտադիր դարձնող հիմքերը,

– իրավական սահմանումները,

– տվյալների ներկայացման պահանջները,

– տվյալների թարմացման և պահպանման մեխանիզմները,

– տվյալների հասանելիության կարգավորումները,

– տվյալների ստուգման ընթացակարգերը,

– ինչպես նաև պատժամիջոցների և իրավակիրառման հետ կապված հարցեր։

Այս համատեքստում համապարփակ աջակցություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանում իրական շահառուների թափանցիկության համակարգը։ Աջակցությունը ներառել է իրավական գնահատում, գործնական ուղեցույցի մշակում և նպատակային կարողությունների զարգացման միջոցառման իրականացում։

Ուղեցույցի մշակմանը հաջորդել է իրավասու պաշտոնատար անձանց կարողությունների զարգացումը, ովքեր գործնականում պետք է կիրառեն այդ ուղեցույցը։ Ծաղկաձորում անցկացված երկօրյա վերապատրաստումը համախմբել էր պետական ռեգիստրի պաշտոնյաներին և միջազգային փորձագետներին՝ նպատակ ունենալով կոռուպցիայի դեմ պայքարի տեսական մոտեցումները վերածելու գործնական կառուցակարգերի և ամրապնդելու իրական շահառուների թափանցիկության չափանիշների գործնական կիրառումը։

Վերապատրաստման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրական շահառուների հայտնաբերման մեթոդներին, ոչ թափանցիկ կառուցվածքների հետ աշխատանքի նրբություններին, ինչպես նաև անհամապատասխանությունների վերաբերյալ հաշվետվությունների ապահովմանը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական առաքելություն է՝ միշտ մեկ քայլ առաջ լինելու նրանցից, ովքեր ցանկանում են չարաշահել համակարգը», – ընդգծել է Պետական ռեգիստրի ղեկավարը։

Շարունակական աջակություն ապահովելու նպատակով նախագիծը կշարունակի նպատակային և գործնական աջակցություն տրամադրել Հայաստանի ազգային շահագրգիռ հաստատություններին՝ ավելի թափանցիկ, արդար և հաշվետու համակարգի ձևավորման գործում, որտեղ պետական միջոցները ծառայում են հանրային շահին, իսկ կորպորատիվ հաշվետվողականությունը հանդիսանում է հիմնարար սկզբունք։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930