Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկական սերիալների հարցը՝ ԱԺ-ում. Բոստանջյանը խոստովանեց, որ ինքը «Հարսիկը» սերիալն է նայում

Հունիս 06,2018 13:16 Share

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Հետեւաբար, պատգամավորներին չէր կարող չհետաքրքրել եթերի հարցը, թե ինչ են ցուցադրում հեռուստաընկերությունները:

Խոսելով հնդկական սերիալների մասին՝ ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանն ասաց, որ ԱԺ-ում երբ քննադատում են, հեռուստաընկերությունները ականջալուր են դրանց, բայց կա շուկայի պահանջ, անգամ աշխարհի առաջատար հեռուստաընկերություններն իրենց եթերացանկում ունենում են 2-3 սերիալ: Նա ասաց, որ այդ առումով հանձնաժողովն ունի սահմանափակ լիազորություններ: Հետո վստահեցրեց. «Իրականում հնդկական սերիալների մեջ էդքան վատ բան չկա, մշակույթն է իրենց»: Բունիաթյանն ասաց, որ դա հասարակության մի հատվածի համար է, մյուսները չեն դիտում:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը արձագանքեց. «Շատ վատ եք անում, որ չեք դիտում»: Պարզվեց՝ Բոստանջյանը հնդկական սերիալներից մեկի սիրահարն է:

Նախ, Բունիաթյանն ասաց, որ հիմա հնդկական սերիալ դիտելը թրենդի մեջ է. «Խնդրում եմ, մեր հայկական սերիալները դիտեք ու լեզվին ուշադիր եղեք: Հնդկականը դրեք մի կողմ, պարեր են այնտեղ, իմ ծնողն էլ է նայում: Մեր հայկական սերիալներում դրվագները նայում ես՝ այնպիսի գեղեցիկ գեղարվեստական, գրական լեզվով են խոսում, արհեստական է դառնում: Լեզվի խնդիր իրականում չկա, բայց եթե էդ կերպարը…գեղարվեստական հյուսվածքի ներկայացման խնդիր ունենք»:

Բոստանջյանն անկեղծացավ. «Ես համ տեսած մարդ եմ, համ կարդացած: Բայց արեք տեսեք, որ նայում եմ «Հարսիկը» սերիալը ու ինչ բարոյական բաներ կան: Սկզբից ծիծաղով էի նայում, գիտեք, հիմա հետաքրքիր եմ նայում էդ դաստիարակչական պահերը՝ առանց չափազանցության»:

Գագիկ Բունիաթյանն ասաց, որ պետք է այնպես անել, որ գովազդատուներն էլ չտուժեն, հեռուստաընկերություններն էլ չտուժեն ու հանրության այն հատվածը, որի երջանկության մեխանիկան հնդկական սերիալ նայելն է, իրենք էլ չտուժեն: Մտածում են, որ գուցե գովազդները տեղաբաշխեն այլ հատվածներում էլ, ոչ միայն սերիալների արանքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930