Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանը կապ չունի այդ ապրանքների հետ ու զարմացել է դրանց՝ իր պահեստներում հայտնվելուց». փաստաբան

Հունիս 19,2018 12:02

Արցախի հերոս, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր պահեստներում հայտնաբերված ապրանքների հետ որեւէ առնչություն չունի եւ իր համար զարմանալի է այդ ապրանքների՝ իր տարածքներում հայտնաբերվելու փաստը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Կամո Քամալյանը: «Նա ասել է, որ հազվադեպ է այցելում այդ տարածքներ՝ տարին երկու-երեք անգամ»,-հայտնեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանը պատրաստ է օժանդակել քննությանը եւ չնայած ծանր առողջական վիճակին, պատրաստ է գտնվել անազատության մեջ, որպեսզի կասկածներ չառաջանան, թե նա մտադիր է խոչընդոտել նախաքննությանը:

Քամալյանը նշեց, որ Գրիգորյանը կասկածյալի կարգավիճակում է, եւ ժամեր անց լրանալու է ձերբակալման ժամկետը, Գրիգորյանն էլ չի ընդունում իրեն առաջադրված կասկածանքը:

Քամալյանը շեշտեց, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով. «Հիշենք, որ «Հաց բերողի» նախադեպ ունենք…Մանվել Գրիգորյանը համապատասխան բժշկական օգնություն պետք է ստանա, նա նաեւ քիմիաթերապիա է ընդունում: Երեկ իմ աչքով եմ տեսել, որ նրան ինսուլին են ներարկել»:

Կարո Քամալյանի փոխանցմամբ՝ ներկայում լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում, իսկ պահեստներում հայտնաբերված զենքերը դեռ պետք է փորձաքննության ենթարկվեն. «Պաշտպաններով կասկած չունենք, որ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտվելու է: Մենք ամեն ինչ անելու ենք դրա համար: Թյուր կարծիք է ժողովրդի շրջանում, թե Մանվել Գրիգորյանը խտացրած կաթը կարող էր հափշտակել: Դա կպարզի քննությունը»:

Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արայիկ Ալվանդյանն էլ իր հերթին հավելեց՝ Մանվել Գրիգորյանը թեեւ ասել է, որ այդ ապրանքների մասին տեղեկություններ չունի, բայց պատրաստ է օժանդակել քննությանը. «Եթե այդ ապրանքների մասին առկա են տեղեկություններ, օրինակ, Գրիգորյանի հարազատների մոտ, ապա նա պատրաստ է փաստաթուղթ կամ տեսանյութեր ներկայացնել նախաքննության մարմնին: Ինձ էլ որպես քաղաքացի հետաքրքրվում է դպրոցականների նվիրատվությունների շարժը, բայց չմոռանանք Մանվել Գրիգորյանի մատուցած ծառայությունները հայրենիքին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930