Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Թեհմինա Վարդանյան. «Եթե թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ քրեական գործի ընթացքն այսպես շարունակվի, անմիջականորեն կդիմեմ ոստիկանապետին»

Հուլիս 03,2018 10:28

Պատմությունը ձգձգվում է արդեն մեկ ամսից ավելի: Աշխատակիցները դիմել են Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությանը՝ հայտնելով պոլիկլինիկայում տնօրեն Սամվել Սարգսյանի կողմից բազմաթիվ չարաշահումների, կոռուպցիոն դրսեւորումների՝ ամենամսյա եւ աշխատանքի ընդունվելու ժամանակ կլորիկ գումար կաշառքի, գռեհիկ, կոպիտ պահվածքի, վախի մթնոլորտի եւ այլ դրսեւորումների մասին:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քարտուղար Թեհմինա Վարդանյանը ավագանու այլ անդամների հետ մի քանի անգամ այցելել են պոլիկլինիկա, որտեղ գինեկոլոգիայի բաժնի աշխատակիցները նրանց տեղեկացրել են, թե մամոգրաֆիայի սարքավորումը 1,5 տարի չի աշխատում, բայց դրամարկղում վճարվում են մատուցած ծառայության գումարներ, ինչն, ըստ էության, նույն «նալոգն» է, որը պարտադրվում է դրամարկղի միջոցով վճարել ամեն ամսվա վերջում եւ որից ԱԱՀ չի գանձվում:

Թեհմինա Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք շուրջ մեկ ամիս է խնդիրը բարձրաձայնում են: «Հունիսի 20-ին տնօրենը եւս մեկ անգամ հավաքել է գինեկոլոգիական բաժանմունքի բուժաշխատողներին, պահանջել անջատել հեռախոսները, սպառնացել, որպեսզի խոսակցությունը ոչ ոք չձայնագրի: Վերջինները նման պահվածքից վրդովված ցանկացել են հանդիպել առողջապահության նախարարին: Նրանց ընդունել է փոխնախարար Արեւիկ Ավանիսյանը, հորդորել վերադառնալ աշխատանքի եւ հայտնել, որ կզբաղվեն այդ հարցով: Աշխատակիցները հստակեցրել են, որ իրենց ընդունելի է միայն տնօրենի հրաժարականը եւ հայտարարել, որ գործադուլ են անելու: Ես հաջորդ օրը մոտեցել եմ բողոքի ակցիան իրականացնող բուժաշխատողներին, զանգել քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին եւ հետաքրքրվել, թե արդյոք նա այդ երկու օրերի ընթացքում հետաքրքրվե՞լ է, թե բուժաշխատողներն ինչի համար են գործադուլ անում, ինչի դեմ են բողոքում: Ի պատասխան, պարոն Բաբինյանն ասաց, թե պլանավորում է հինգշաբթի օրը հրավիրել եւ հանդիպել պոլիկլինիկայի աշխատակիցների հետ: Սակայն բողոքի ակցիայի մասնակիցներն այդ մասին չեն տեղեկացվել: Ես այստեղ տնօրենի, ինչպես նաեւ գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Ահարոնյանի կողմից միտում եմ տեսնում: Ըստ իս, նրանք ուղղակի փորձել են միտումնավոր թաքցնել դա, որպեսզի աշխատողները չհանդիպեն պարոն Բաբինյանի հետ: Այդուհանդերձ, հանդիպումը կայացել է: Կամսար Բաբինյանը նույնպես հորդորել է վերադառնալ աշխատանքի եւ ասել, թե փորձելու են զբաղվել նրանց բարձրացրած խնդրով: Եվս մեկ անարդյունք հանդիպում եղել է նաեւ հաջորդ օրը ու գործադուլը շարունակվել է», – ասաց Երեւանի ավագանու անդամը:

Հարցին, թե երեկ «Ելք» խմբակցության անդամները կրկին հանդիպել են պոլիկլինիկայի աշխատակիցների հետ եւ դա ինչ արդյունք է տվել, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց. «Խնդրել ենք՝ ժամանակավոր առկախեն գործադուլը, որովհետեւ գինեկոլոգիայի բաժանմունքի տեւական շրջան չաշխատելը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ բնակչության վրա: Պարոն Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Աշխատակիցները երեկվանից դադարեցրել են գործադուլը եւ մենք նրանց հետ միասին սպասում ենք դրա ընթացքին: Ես նախորդ շաբաթ խոսել եմ քննիչ Արմենակյանի հետ եւ լուրջ մտահոգություններ ունեմ, որ քննիչները որոշակի վերապահումով են գործը նայում: Ես իմ մտահոգությունները եւ դժգոհությունները հայտնել եմ պարոն Արմենակյանին եւ ասել, որ գործն այդպես շարունակվելու եւ ձգձգվելու դեպքում ուղղակիորեն դիմելու եմ ոստիկանապետին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031