«Հեղափոխությունը թավշյա չէր կարող լինել, եթե Սահմանադրությունն իր տեղում չլիներ: Այն հիմնական օրենքն է, անկախ նրանից՝ հավանո՞ւմ ենք, թե ոչ: Եթե երկրում զարգացումներ են լինում, ուրեմն օրենքով պետք է լինեն»,-ուսանողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Իմ քայլը» համաժողովրդական շարժմանը՝ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Եթե մի օր Սահմանադրությունը նորից փոխվի, ապա դա պետք է տեղի ունենա ժողովրդի կամքով: Շատ քիչ երկրներ կան, որոնք հեղափոխություն են արել առանց արյան… այդ իմաստով մենք «աշխարհի չեմպիոն» ենք»,-հավելեց նա:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ցանկացավ հստակեցնել, թե ըստ նախագահի, հայաստանյան վերջին զարգացումները հեղափոխությո՞ւն էին, թե այլ բնորոշում կարելի է տալ: «Տեղի է ունեցել հեղափոխություն: Իշխանության են եկել մարդիկ, որոնց ժողովուրդը վստահում է եւ հույս ունի, որ խոստումներն իրականանալու են: Դա հեղափոխություն է, ոչ թե փոփոխություն»,-պատասխանեց Արմեն Սարգսյանը:
Շահեն Հարությունյանը փոքր ինչ չհամաձայնեց. «Դա հավատ է իշխանության նկատմամբ, ոչ թե հեղափոխություն»: Արմեն Սարգսյանն ասաց, որ այդ բնորոշման հետ էլ է համաձայն. «Կարող եք հեղափոխություն կամ հեղաշրջում անվանել, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մարդիկ հիմա ժպտում են»:
Ապա «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը նախագահին ասաց՝ ինչպես Արմեն Սարգսյանը մատնանշեց, փոփոխությունները սկսվում են յուրաքանչյուրից: Դավիթ Պետրոսյանի ուշադրությունից չէր վրիպել փաստը, որ նախագահը 15 ուշացմամբ էր եկել միջոցառմանը: Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց նկատառման համար, ապա ներողություն խնդրեց ներկաներից, քանի որ անհետաձգելի հեռախոսազանգեր պետք է կատարեր, ինչի պատճառով ուշացել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































